Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ն պատասխանում է «Ստանդարտ դիալոգ»-ին. «Այս լաբորատորիան մշտապես ստացել է պատվերների ավելի քան 50 տոկոսը»

Հունիս 12,2017 22:37

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, արձագանքելով մասնավոր լաբորատորիաներից մեկի՝ լրատվամիջոցներով այսօր հրապարակված բաց նամակին, տեղեկացնում է. որքան էլ, տարբեր նպատակներից ելնելով, ջանքեր են գործադրվում ՍԱՊԾ-ին «սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա ստեղծելու փորձի» մեջ մեղադրելու համար, փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում:

Այսպիսով. ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող, հրապարկված է անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարող ՍՊԸ-ների ցանկը. դրանք այս պահի դրությամբ 33-ն են. ծիծաղելի է անգամ այստեղ մենաշնորհային դիրք տեսնելը:

Փոխարենն, այո, Ծառայությունը խստորեն հետևում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերությունների գործունեությանն ու սահմանված պահանջների ապահովմանը՝ մսի իրացման շուկայում հնարավոր ռիսկերը հայտնաբերելու ու կանխարգելելու նպատակով: Հատկապես, որ վերջին ստուգումները ցույց տվեցին՝ անասնաբուժասանիտարական փորձաքննությունները հաճախ կատարվել են ոչ պատշաճ:

«Մենաշնորհային» մյուս մեղադրանքը, ըստ շրջանառվող նամակի, պետական վերահսկողության շրջանակներում ՍԱՊԾ-ից ուղարկվող պատվերն է: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Ծառայությունն այս շրջանակներում լաբորատոր փորձաքննություններ է պատվիրում սահմանված կարգով հավատարմագրում անցած և մրցույթը շահած երեք լաբորատորիաների՝ այդ թվում և «Ստանդարտ Դիալոգ»-ին, որը միայն այս տարվա առաջին եռամսյակում ստացել է ընդհանուր պատվերների 41,7 տոկոսը՝ գումարային արտահայտությամբ, իսկ փորձաքննությունների նմուշների քանակով՝ 51,2 տոկոսը: Ավելին, 2016թ. վերջին եռամսյակին նույն լաբորատորիան ստացել է, նույն համամասնությամբ, ընդհանուր պատվերների 60,7 և 58,1 տոկոսը: Ուշագրավ է, որ պատվերների, հետևաբար՝ ստացված գումարի չափից բողոքում է հենց այն լաբորատորիան, որը տարիներ շարունակ ամենաշատն է ՍԱՊԾ վերահսկողության շրջանակներում փորձաքննություններ կատարել. թերևս սա է սննդամթերքի փորձաքննության ոլորտում մենաշնորհի ձգտելու կամ հովանավորչության դասական օրինակը, հատկապես, երբ Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության արդեն նախկին պետը «պարենային անվտանգություն» էր ապահովում միայն սեփական լաբորատոր հետաքրքրությունների շրջանակում (խոսքը նույն «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի մասին է):

Ի դեպ, առաջիկայում գումարների բաշխման ծավալների փոփոխություն կարող է լինել, քանի որ էքսպրես մեթոդով մանրէաբանական փորձաքննություն արդեն կատարում է նաև այլ լաբորատորիա:

Ինչ վերաբերում է լաբորատորիան ՍԱՊԾ կազմից հանելու մասին տեսակետներին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ լաբորատոր փորձաքննությունները կարևոր գործիք են պետական հսկողություն իրականացնելու համար, հատկապես՝ տարբեր մոնիտորինգային ծրագրերի շրջանակներում (անասնահամաճարակային՝ կենդանիների հիվանդությունները հայտնաբերելու, և կարանտին բուսասանիտարական իրավիճակը պարզելու նպատակով և այլն):

Հ.Գ. Սեփական գումարները վաստակելու ճանապարհին անպայման չէ վատաբանել մեկ այլ կառույցի, տվյալ դեպքում՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին, հատկապես որ վերջինս համալրվել է նորագույն սարքավորումներով և որոշ ծառայությունների գծով եզակի է տարածաշրջանում: Թվարկված փաստերը վկայում են, որ ինչպես մտացածին են մենաշնորհ հաստատելու մասին պնդումները, այնպես էլ իրականությանը չեն համապատասխանում լաբորատորիայի կողմից գումարները ոչ նպատակային ծախսելու վերաբերյալ ակնարկները:
ՍԱՊԾ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930