Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան է ժամանել մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին

Հունիս 17,2017 22:10

Այսօր երեկոյան Երևան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։ Հիշեցնենք, որ հունիսի 18-20-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացնելու է Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Կոմպոզիտորին դիմավորելու էին եկել փառատոնի կազմակերպիչները, Հայաստանում Վրաստանի դեսպանը, լրագրողներ։

Գիա Կանչելին, զրուցելով լրագրողների հետ, նշեց, որ շատ վաղուց է եղել Հայաստանում։ «Ես շատ երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ևս մեկ անգամ գալ Հայաստան, երկիր, որի հետ իմ կյանքի կեսն է կապված եղել։ Շուտով ես կլինեմ 82 տարեկան և գրեթե կեսը անցկացրել եմ Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ ես գրել եմ իմ 6 սիմֆոնիաները, յուրաքանչյուրը ես գրել եմ 1-3 տարիների ընթացքում։ Եվ ամեն անգամ, երբ ավարտում էի իմ աշխատանքը, անպայման պետք է առաջինն այն ներկայացնեի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները։ Ահա, դուք կարող եք պատկերացնել, թե որքան է իմ կյանքը կապված Հայաստանի, հատկապես Դիլիջանի հետ՚,- ասաց Գիա Կանչելին։

Նշենք, որ փառատոնի շրջանակներում հունիսի 18-ին և 20-ին «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործությունները։ Իսկ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը կներկայացնեն Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:

Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930