Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցներից տուժածը նախկին պաշտոնյայի որդի է (Տեսանյութ)

Հունիս 26,2017 10:01

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ժամը 23․00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» մանկական սրճարանի դիմաց։ Որովայնի հատվածում հրազենային վիրավորում ստացած 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանին տարել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ մինչև գիշերվա կեսը նրան վիրահատում էին` պայքարելով կյանքի համար։ Նրա վիճակն այս պահին կայուն ծանր է։ Այս մասին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի (լուսանկարում) տեղեկացմամբ էլ, իր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ օրենսգրքի՝34, 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, մանրամասները, մասնակիցների, ականատես-վկաների շրջանակը պարզելու ուղղությամբ։ «Գիտեք, որ ունենք տուժող, որը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ներկայումս վիճակը ծանր լինելու պատճառով ի վիճակի չի եղել ցուցմունքներ տալու։ Այլ տվյալներ այս պահին չեմ կարող հայտնել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից»,- ասաց դատախազը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ։

Տուժողը՝ Գեորգի Հակոբյանը Շիրակի մարզի վաղամեռիկ պաշտոնյաներից մեկի որդին է, նրա հայրը՝ Հակոբ Հակոբյանն աշխատել է Ախուրյանի իրավապահ համակարգում։

Նրա եղբայրը՝ Հարություն Հակոբյանը ևս ժամանակին հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքապետարանում սպորտ բաժինը գլխավորող Հրաչիկ Խաչատրյանի որդու հետ ունեցած ծեծկռտուքի ու արձակած կրակոցների պատճառով։

Հենց նոր ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ, սակայն դեպքի հետ կապված մանրամասներ չհայտնեցին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930