Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանիշ դնելու ժամանակը չէ

Հունիս 28,2017 10:00

Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում ուզում են դնել այդ հանրապետությունը կերտողներից մեկի՝ Արամ Մանուկյանի արձանը: Այդ գործիչն, իմ կարծիքով, իսկապես արժանի է մեծագույն հարգանքի եւ նույնիսկ խոնարհման՝ հենց նրա, ժամանակակից լեզվով ասած, ոչ կոնվենցիոնալ, «կողմնորոշումային կարծրատիպերը» հաղթահարած վարքի շնորհիվ մենք ունենք պետություն պատմական Հայաստանի փոքր մասում: Բայց պատմական դեմքի նոր արձան դնելու գաղափարը, այնուամենայնիվ, ժամանակավրեպ է՝ հատկապես, որ այդ արձանը պատրաստվում են դնել պետականությունը խորհրդանշող կենտրոնական հրապարակում:

Այդ հրապարակում Լենինի արձանը դնելը նշանակում էր, որ երկրորդ հանրապետությունն ամբողջությամբ եւ անվերապահ ընդունում է այն գաղափարախոսությունը, որի կրողն էր «պրոլետարիատի առաջնորդը»: Փոխարինել Լենինին որեւէ մեկ այլ իրական անձով, մահկանացուով՝ լինի դա Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը կամ թեկուզ Քըրք Քըրքորյանը, կամ Շարլ Ազնավուրը, կնշանակեր, որ մենք ունենք նոր կուռք, նոր փայտագլուխ, որին մենք պետք է երկրպագենք: Իհարկե, պետք չէ քանդել կամ ապամոնտաժել որեւէ եղած արձան: Բայց նորերի կառուցման հարցում անհրաժեշտ է շատ զգույշ լինել:

Առաջին հանրապետության ժամանակ չե՞ն եղել «ավազակապետական դրսեւորումներ», Արամ Մանուկյանը չի՞ ունեցել սխալներ եւ մոլորություններ: Ակնհայտ է, որ ամեն ինչ չի եղել այնպես, ինչպես 70 տարի ներկայացնում էր կոմունիստական քարոզչությունը, բայց չի էլ եղել նաեւ այնքան իդեալական, որքան հիմա փորձում են ներկայացնել Դաշնակցության ներկայացուցիչները: Նույնն, ի դեպ, կարելի է ասել Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունների եւ դրանց առանցքային դեմքերի մասին:

Չեն կարող վերապահումներ չլինել որեւէ երկրի որեւէ քաղաքական կամ պետական գործչի, ընդհանրապես` որեւէ մահկանացուի հանդեպ: Դուք կհարցնեք` «բա ինչո՞ւ են դրել Ջորջ Վաշինգտոնի, Ուինսթոն Չերչիլի կամ գեներալ դե Գոլի արձանները: Մի՞թե նրանք կատարյալ էին, եւ նրանց բոլոր գործողությունները` անվիճելի»: Խնդիրն այն է, որ այս դեպքում խոսքը կայացած պետությունների մասին է, որտեղ հասարակական մակարդակով ձեւակերպված է ազգային շահը: Եվ հետո այնպես չէ, որ, ասենք, Վաշինգտոնի արձանը հանել են (որովհետեւ պարզվեց, որ նա վատն էր) եւ տեղը դրել են, օրինակ, Ֆրանկլին Ռուզվելտի արձանը: Մի խորհրդանիշը մյուսով փոխարինելը` հենց դա է ոչ հասուն պետականության հատկանիշը:

Դրա համար եմ ասում` պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որեւէ մահկանացուի արձան դնել: Թող մեր հասարակության մեջ արմատավորվի պետական մտածելակերպը, այդ պարագայում միայն հասարակությունը կորոշի, թե ինչպիսի խորհրդանիշ է իրեն պետք:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. henri says:

    Հանրապետութեան հրապարակին վրայ պէտք է և կարելի է դնել միայն
    Տրդատ Գ Արքայի և Գրիգոր Լուսաւորչի արձանը ,որոնք Հիմը դրին Քրիստոնեայ Հայաստանի որ
    դարձաւ անբաժանելի մասնիկը մեր էութեան ծնունդ տալով Նոր գիր գրականութեան-մշակոյթի և ինքնագիտակցութեան -Աւարայրի-Սարդարապատի ,
    Այսպէս ըրած են Չէխերը Փրակայի և Հունգարացիները Պուտափեշտի և ֆրանսացիները Շարլը Մանյի Նօթրը Տամի հրապարակին վրայ որ Փարիզի սիրտը կը կազմէ;

  2. Ալեքսանդր says:

    Լիովին համաձայն եմ

  3. Ruben says:

    Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։

  4. Ruben says:

    Արգիշթորդի Ռուսան
    ասում է.
    Ով որ այս արձանագրությունը
    փչացնի, ով փշրի,
    հողում թաղի, ով ջուրը գցի,
    ով տեղից իր շարժի,
    ով արևի առջևից
    առանձնացնի կամ ասի «ոչնչացրու»,
    ով ուրիշին ասի.
    «Ես կատարեցի», ով որ
    Անունս ջնջի և իր անունը
    գրի, – լինի նա
    Վանեցի, լինի Լուլուրեցի [թշնամի],
    թող որ Խալդե, Թեյշեբա,
    Շիվինե աստվածները չխնայեն,
    Թե անունը, թե սերունդը
    երկրի վրա չթողնեն»։

  5. Հ.Շ. says:

    Այս պատմութիւնը ուրտեղից ելաւ, չգիտեմ, սակայն եթէ ես այսօրուայ քաղաքականացած դաշնակների տեղը լինէի, Հայաստանի Հանրապետութեան նախնական հիմնադրութեան 100ամեակի առիթով, Արամ Մանուկեանի արձանը տեղադրելու տեղ, կը ջանայի Կասյան փողոցի անունը փոխել տալ…
    (Ուրեմն ահա, շարժումը այստեղ սկսուեց, իր ինքնատիպ լոզունքով՝
    «100ամեակը առանց Կասյան»ի ! lol… )

    Ներազգային համերաշխութեան համար տեւաբար ջանք թափելը անհրաժեշտ է, այո, շատ բարի: Սակայն ոչ տեւաբար միակողմանի կերպով:

    Եթէ այդ արձանը գոյանալու է, խնդիրը կը լուծուի զայն պարզապէս մի այլ, նուազ երեւելի վայր տեղադրելով. ինչ որ աւելի պատշաճ կը լինի, նկատի ունենալով Արամ Մանուկեանի անձնաւորութեան հիմնական գիծերից՝ խոնարհութիւնը, համեստութիւնը, պաշտօնական փառքից ու մակերեսային պատիւներից հեռու՝ իսկական ժողովուրդի մէջ իր ժրաջան ու ապերախտ աշխատանքը տանելու ըմբռնողութիւնը:

    Արձաններով չէ որ կը յարգուի այդպիսի մարդկանց յաւերժական յիշատակը:
    Ոչ ել՝ կլոր ու խոշոր թիւով տարեդարձների առիթով միայն…Իսկ որեւէ խորհրդանիշ անիմաստ կը դառնայ, երբ որ չկայ անոր իմաստին ոչ թէ համապատասխանող, այլ գոնէ ձգտող, իսկական աշխատանք:

    https://www.shoushisummercamp.org/

    ..

  6. Լավատես says:

    Խորհրդային ժամանակներում բանվորի ու գյուղացու միասնությունն էր գլխավոր խորհրդանիշը, որը ղեկավարում էր միակ բանվորա գյուղացիական կուսակցությունը, հիմա կարծում եմ գլխավոր խորհրդանիշը պետք է լինի զինվորի՝ որպես ազգային ուժի ներկայացուցչի, մտավորականի՝ որպես ազգային գիտության, մշակույթի, կրոնի՝ ոգու ու հոգեւորի, արդարության ներկայացուցչի եւ վերջապես ազգային գործարարի ու դրամատան տնօրենի միասնությունը եւ այս երեք թե չորս խորհրդանիշները կմիավորի ու կղեկավարի ազգային քաղաքական գործիչը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930