Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց ստիպելու են վաճառել հողերը»

Հունիս 29,2017 17:34

«Հողային օրենսգրքում» նախատեսված փոփոխություններով Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունեցող, բայց ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձանց հողատարածքներն աճուրդով օտարելու են: Սա դեռ նախագիծ է, որի հեղինակները վստահեցնում են՝ հնարավոր է նորից փոփոխություններ լինեն:

ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, բայց Հայաստանում հողատարածք ունեցողներին, ըստ նախագծի, առաջարկվում է, ավելի ճիշտ՝ պարտադրվում է 1 տարվա ընթացքում վաճառել հողատարածքը:  Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանն այս նախագծի վերաբերյալ ասել է՝ եթե տվյալ անձը մեկ տարվա ընթացքում չվաճառեց իր հողը, ապա համայնքի ղեկավարին լիազորություն է տրվում դիմել դատարան՝ հողը հարկադիր կարգով օտարելու համար:

Հայաստանի «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանն այս նախագիծը համարում է սխալ, եւ գտնում է, որ այն այս տեսքով չպիտի ընդունվի, լավ կլինի որոշակի փոփոխություններ անեն:

Aravot.am-ի հետ զրույցում Բերբերյանն ասաց՝ «Այո, հողը առք ու վաճառքի առարկա է, բայց մարդիկ ժամանակին հող են ձեռք բերել եւ հիմա մարդկանց ստիպելու են վաճառել դրանք»:

Բերբերյանն առաջարկում է «Կարող էին այլ ճանապարհով գնալ՝ այն հողերը, որոնք չեն մշակվում, դրանց հարկերը բարձրացնեն: Այլ երկրներում այս պրակտիկան բարձր էֆեկտիվություն ունի: Կարծում եմ՝ տարեցտարի չմշակվող հողերի հարկերը եթե բարձրանա, սեփականատերն ինքը կորոշի՝ վաճառե՞լ, թե՝ ոչ: Եվ ինչ կապ ունի, որ այդ մարդը Հայաստանում չի ապրում, գուցե ցանկանում են սեփական հողը ունենալ, մի օր գուցե վերադառնա»:

Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ եթե նման մտադրություն կա, պետք է հողի բորսա ստեղծել, եւ հողերը վաճառել բորսայում, ոչ թե կադաստրային արժեքով.« Կառավարությունը ամեն ինչին թարս կողմից է մոտենում հարցին: Հողի բորսա պետք է ստեղծվի, որովհետեւ շատ դեպքերում կադաստրային գինը չի էլ համապատասխանում հողի իրական արժեքին»:

Մեր այն դիտարկմանը՝ գյուղատնտեսական նշանակության հեկտարներով հողեր կան, որոնք չեն մշակվում, գուցե այս որոշմամբ ի վերջո գտնվեն մարդիկ, որոնք կգնեն հողերն ու կմշակեն, պարոն Բերբերյանն այսպես պատասխանեց. «Հենց դրա համար էլ ասում եմ՝ պետք է հողի հարկը, գույքահարկը բարձրացնեն չմշակվող հողերի, ու եթե շարունակեն չվճարել, համայնքն աճուրդի հաներ՝ փողն էլ իր բյուջեն գնար, ծախսերը փակեր: Իսրայելի փորձն է շատ տեղին, հողի սեփականատիրությունը խիստ է դրված այնտեղ. պետությունը 100-200 տարով վարձակալության է տալիս, ժառանգականությունը պահպանում է, բայց չի սեփականաշնորհում»:

Արդյոք այս հողերը ձեռք կբերե՞ն գյուղոլորտում բիզնես ծավալած օլիգարխները, այն էլ էժան գներով: Այս հարցին ի պատասխան Բերբերյանն ասաց, որ չի բացառում նման բան, ավելին՝ իրենց Հ/կ-ն էլ մտահոգված է այդ խնդրով. «Բայց կարծում եմ՝ պետությունն ամեն ինչ պիտի անի, որ մարդիկ հետ գան ու մշակեն իրենց հողերը, կամ այստեղ ապրողները չթողնեն՝ գնան, նրանց համար պայմաններ ստեղծեն, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ լինի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930