Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասպան են, թուրքից բեթար են, թալանչիներ, ոչնչություն». ՊՊԾ գնդում զոհված ոստիկանի հայրը՝ «Սասնա ծռերին» (Տեսանյութ)

Հուլիս 17,2017 21:37

Այսօր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զոհված երեք ոստիկանների՝ գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի եւ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակին մոմավառություն էր:

Մեկ տարի է անցել, ինչ «Սասնա ծռերը» գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը:

Այսօր որդիների հիշատակին մոմավառությանը մասնակցում էին զոհերի հարազատները:

Գագիկ Մկրտչյանի  հայրը մեզ հետ զրույցում ասաց. «Այս մեկ տարին մեռած ենք, թաղած չենք, աղջիկ ջան, ի՞նչ պիտի լինի: Հեռացավ իմ տղան… հասկանո՞ւմ եք, էլ չկա»: Նա չէր կարողանում զսպել արցունքները:

Հասարակության մի զանգված արդարացնում է «Սասնա ծռերի» գործողությունները եւ հերոսացնում նրանց, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ Գագիկի հայրը, խոսելով «ծռերի» մասին՝ ասաց. «Մարդասպան են, ուղղակի ոչնչություն են, թուրքից բեթար են: Բա հայը հային կսպանի՞, ինչի՞ համար, բա հայի վրա կհարձակվե՞ն, մարդասպաններ են դրանք»:  Իսկ հասարակության այն անդամներին, որոնք արդարացնում են դա՝ զոհված ոստիկանի հայրն ասաց. «Ով որ ասում է՝ նրանք էլ են ապուշ: Եթե ես քեզ սպանեմ, ես հերո՞ս եմ դառնում, հա՞: Եթե տենց լինի՝ մեկը մեկին կսպանի ու հերոս կլինի»:

Մեր դիտարկմանը, որ իրենք չեն ընդունում, որ սպանել են ոստիկաններին, իրենք ասում են՝ ռեժիմն է նրանց սպանել, Գագիկի հարազատները՝ հորաքույրները, արձագանքեցին. «Գլուխները պատին են տվել, իրենք մտել են ու կրակել են՝ ծառայության ժամանակ: Դահիճներ են, մարդասպաններ, ի՞նչ հերոսի մասին է խոսքը: Եթե ուզում էին խփեին, թող գնային առաջին գիծ, որ 18 տարեկանները կռվում են, թող գնան էնտեղ թուրքերին սպանեն»:

Գագիկ Մկրտչյանի հոր խոսքերով՝ «Սասնա ծռերի» անդամները թալանչիներ են, ոչ ավելին:

Գագիկի հարազատներն ասացին, որ ով արդարացնում է զենքի միջոցով այդպես հարց լուծելը, թող արժանանա այն ցավին, որ իրենք են զգում հիմա. «Մարդու մինուճար տղուն սպանե՞ն»:

Հարազատները պատմեցին, որ Գագիկ Մկրտչյանը երազել է, որ որդու ձեռքը բռնի, նրան տանի դպրոց: Որդին արդեն 6 տարեկան է, շուտով դպրոց է գնալու, բայց՝ առանց հոր. «Նրա այդ երազանքն էլ չիրականացավ… Տականքները սպանեցին… ո՞ր մի մարդասպանն է ասում, որ ինքն է խփել, որ իրենք ասեն: Վերեւն Աստված կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31