Լրահոս
Օրվա լրահոսը

Հարո Ստեփանյանի՝ «արցախցուն հատուկ համառության» հետեւանքները

Օգոստոս 09,2017 13:00

Երեւանյան տապի ֆոնին օրերս մեկ հայտագիր է աչքի զարնում՝ Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական դպրոցին հարակից բացօթյա տարածքում կկայանա Հարո Ստեփանյանի (լուսանկարում) «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան, որը սեպտեմբերի 9-ին «կտեղափոխվի» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012թ. «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Թեեւ Հարո Ստեփանյանի ստեղծագործությունների ցանկում նշվում է 5 օպերա, այդ թվում՝ «Սասունցի Դավիթը», սակայն «Սասունցի Դավթի» հայտագրի երեւալուն պես այն բուռն քննարկվում է մասնագետների շրջանում:

Մեր երաժշտարվեստի նշանավոր որոշ դեմքեր (նրանց անունը իրենց խնդրանքով չենք հրապարակում) հավաստիացնում են, թե կոմպոզիտորի այս ստեղծագործությունը ի սկզբանե ոչ թե օպերա էր, այլ կանտատ, որը նույնիսկ 1935թ. հնչել է Մոսկվայում, տեղի մամուլն էլ հիացական խոսքեր է հղել Դավիթի պարտիայով հանդես եկող Շարա Տալյանին: Իսկ Երեւանի օպերային թատրոնում բեմադրվել են կոմպոզիտորի «Լուսաբացին» (1938թ.) եւ «Հերոսուհին» (1950թ.) օպերաները: Ինչ վերաբերում է «Սասունցի Դավթի» ոչ թե օպերա, այլ կանտատ լինելուն, ապա փաստենք, որ Արամ Խաչատրյանն էլ «Դիմակահանդես» բալետ, որպես այդպիսին, չի գրել, նա ընդամենը գրել է երաժշտություն Լերմոնտովի համանուն դրամայի համար, որը հետագայում Էդգար Հովհաննիսյանն է վերածել բալետի:

Մեր զրուցակիցները հավաստիացնում են, թե Հարո Ստեփանյանը, ով 1939-47թթ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր եւ ուներ «արցախցուն հատուկ համառություն», անպայման կհասներ նրան, որ բեմադրվեր նաեւ «Սասունցի Դավիթ» օպերան: Մինչդեռ տասնամյակներ անց միայն՝ 2016թ., ռուսաստանաբնակ դաշնակահար Միքայել Հայրապետյանը Գաֆեսճեան արվեստի կենտրոնում հնչեցրեց կոմպոզիտորի ժողովրդական մոտիվներով ստեղծած մանկական պիեսների եւ դաշնամուրի համար գրված 26 պրելյուդների համաշխարհային պրեմիերաները: Այս տարի ձմռանը անցկացվեց Հարո Ստեփանյանի 120-ամյակին նվիրված հայ կոմպոզիտորական արվեստի հերթական փառատոնը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո եւ մշակույթի նախարարության աջակցությամբ, որի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան): Նշենք, որ «արցախցուն հատուկ համառությամբ» կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը մինչեւ այս տարի ձեռագիր վիճակում էր, ինչն արդեն նախարարության աջակցությամբ թվայնացվել է: Ի դեպ, տեղեկացնենք, որ բացի օպերաներից՝ կոմպոզիտորը հեղինակ է 3 սիմֆոնիայի, երգերի, ռոմանսների, կամերային-գործիքային ստեղծագործությունների:

Ըստ մեր դիտարկման՝ բոլոր ժամանակներում անդրադարձն այս հերոսավեպին այնքան էլ «առատ» չի եղել, մինչդեռ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի, որ ստեղծվել է միջնադարում, գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության ու անկախության, հայրենիքի եւ պետականության պահպանման: Այսուհանդերձ, էպոսը տարբեր ժամանակներում տարբեր մշակութային «հանդերձանք» է ստացել: Օրինակ՝ 2015թ. «Սասունցի Դավիթ» ներկայացումը Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով բեմադրվեց Կամերային երաժշտական թատրոնում: Ֆրանսաբնակ ռեժիսոր, դրամատուրգ Սաթէ Խաչատրյան-Մանուկյանը 2015թ. Լիոնում բեմադրեց էպոսի «Մեծ Մհեր» գլուխը՝ ֆրանսերենով, իսկ 2016-ին իրականացրեց էպոսի բեմադրությունը:

2010թ. Արման Մանարյանի ռեժիսուրայով նկարահանվեց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») անիմացիոն ֆիլմը: 1987թ. ռեժիսոր Գրիգորի Գյարդուշյանը Արմեն Վաթյանի սցենարով էկրանավորեց «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմը՝ Վ. Վարդանի նովելների մոտիվներով, որտեղ Դավթի կերպարը մարմնավորեց լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը: Էպոսին մասշտաբային անդրադարձը 1976թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետն էր Ազգային օպերային թատրոնում (բեմադրող դիրիժոր՝ Հակոբ Ոսկանյան, Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով եւ գլխավոր՝ Դավթի կերպարի մարմնավորմամբ):

Ասում են, որ ընդհանրապես էպոսի էկրան կամ բեմ բարձրանալու առաջին մտահղացումը Փարաջանովինն է, որը ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Ավելի վաղ բացօթյա բեմադրություններով «Սասունցի Դավթին» անդրադարձել են ժողովրդական դերասաններ Արմեն Արմենյանը՝ Գյումրիում, եւ Վաղարշ Վաղարշյանը՝ Երեւանում: Նշենք նաեւ, որ էպոսին անդրադարձել են նաեւ համերգային համարներով: Օրինակ՝ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը (2013թ.), եւ ասում են՝ մարզային մեկ-երկու թատրոններ:

Առաջիկայում «Առավոտը» կանդրադառնա Շուշիում «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրությանը: Մեր զրուցակիցները կլինեն նախագծի հեղինակ, գեղարվեստական ղեկավար եւ բեմադրող Սարինա Ավթանդիլյանը, ռեժիսոր Արմեն Պիրի Մասիհին եւ բեմադրող դիրիժոր Սուրեն Շահիջանյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031