Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մանվելյան. «Խոսրովի արգելոցում այս պահին 2733 հեկտար անտառ է այրվել, խոշոր կաթնասունները փախել են ու փրկվել են»

Օգոստոս 15,2017 18:40

Խոսրովի արգելոցի տարածքում նախնական տվյալներով 2733 հեկտար  տարածք է հրդեհվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Նրա խոսքերով՝ սա դեռ վերջանական արդյունքները չեն, սպասում են հրդեհն ամբողջությամբ մարվի, որպեսզի մասնագետների հետ հաշվարկներ կատարվեն:

Պարոն Մանվելյանն ասաց, որ իրենք եղել են տեղում, եւ իրենց քարտեզագրվման նախնական տվյալները 95% ճշգրտություն ունեն: Մասնագետի ներկայացմամբ՝ հրդեհված տարածքներից 555 հեկտարը արգելոցի Խոսրով տեղամասն է, 2178 հեկտարը՝ Խաչաձորի տեղամասը:  Հրդեհված 2733 հեկտարից, ըստ Մանվելյանի, 201 հեկտարը գիհու նոսրանտառներն են, 908 հեկտարը՝ լայնատերեւ անտառները, որոնք հիմնականում  կաղնիներ են, իսկ 1624 հեկտարը խոտածածկ տարածքն է:

Մանվելյանը վստահեցրեց՝  կաղնուտների տարածքը շուտ կվերականգնվի, են, այստեղ քիչ ծառեր են վնասվել, գարնան արդեն ծառերը կվերականգնվեն. «Խնդիրը գիհուտային անտառներ են, տասնամյակներ են պետք, որ սրանք վերականգնվեն: Ընդ որում, դա արգելոց է, մարդկային միջամտությունն արգելվում,  տնկել չի կարելի, մենք պետք է բնական պայմաներին նպաստենք, որ աճեն: Գիհուտների 900 հեկտարից  201-ը  հրդեհվել է»:

Aravot.am-ի այն հարցին՝ մինչ հրդեհի բռնկումը ԱԻՆ-ը հայտարարություններ էր տարածել, որ բարձր ջերմային ֆոն է սպասվում, եւ հրդեհավտանգ իրավիճակ կարող է լինել, այս պարագայում ինչո՞ւ ԱԻՆ-ը նախապես անտառային տարածքներում չէր նախապատրաստվել, պարոն Մանվելյանը պատասխանեց.«Բնապահպանության նախարարությունն էլ հրդեհից շաբաթներ առաջ հայտարարել էր, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում նաեւ Խոսրովի անտառի տարածքում 24 ժամյա հսկողություն պետք է սահմանեն, որպեսզի կարողանան արագ արձագանքել, եթե հրդեհ լինի: Խոսրովի արգելոցի աշխատակիցները  միանգամից նկատել էին, ուղղակի շատ բարդ լանդշաֆտ է, մինչեւ այս կողմ, այն կողմ՝ հրդեհը տարածվել էր»:

Պարոն Մանվելյանն ու գրասենյակի աշխատակիցները եղել են տեղում, երեկ գիշերն են վերադարձել եւ անձամբ են ծանոթացել իրավիճակին:

Մասնագետն ասաց,որ  Խոսրովի արգելոցում չոր խոտածածկ  տարածքը մեծ է, ու  խոտն ընդհանրապես չէր հնձվում, մի քանի տարվա խոտի տարածքներ կային, երբ խոտն այրվում էր, տակն էլի չոր խոտ շերտ կար, կրակը արագ զարգանում էր, իսկ  գիհուտներն էլ, որոնք 500 տարեկան են,  արագ էին այրվում, քանի որ յուղեր են պարունակում. «Մարդիկ չէին կարող ոչինչ անել, դրանց մոտենալն անհնար էր, մարդիկ անզոր էին, մի կողմից էլ քամին էր խանգարում:  ԱԻՆ-ի մեքենաներ կային, բայց լանդշաֆտի պատճառով վերեւ չէին կարողանում գնալ, ԱԻՆ-ի մեքենաներն ու տեխնիկան համապատասխան  չէին այդ տարածքին: ԱԻՆ-ը չունի հրշեջ ամենագնաց մեքենաներ, իսկ հաշվի առնելով Հայաստանի լանդշաֆտն ու լեռնային անտառները, ԱԻՆ-ը պետք է նման մեքենաներ ունենա: Օրինակ՝ Արտավանում այն ուղղաթիռը, որը ՊՆ-ին էր, եկավ, թռչեց, բայց օգուտ չտվեց,  բարձր էր թռչում, ջուրը թափում էր՝ տեղ չէր հասնում, գոլորշիանում էր: Այսինքն՝ ԱԻՆ-ը պետք է ունենա համապատասխան տեխնիկա ու նման դեպքերում մասնագիտացված օդաչու պետք է աշխատի: Պետք է հաշվի առնելով, որ գնալով կլիմայի փոփոխություն է լինում, ջերմաստիճանը ավելի բարձր է լինում, հրավտանգ իրավիճակների հավանականությունն էլ մեծանում է, ուրեմն Հայաստանի համար գոնե հրշեջ ինքնաթիռ է պետք, չեմ ասում ռուսականի պես մեծ, բայց կարելի է դրա փոքր տեսակն ունենալ, էլ չեմ ասում ուղղաթիռներ»: Մանվելյանն ասաց, որ այս հարցերը քննարկել է բնապահպանության նախարարի հետ:

Կենդանիներն արդյոք վնասվել են հրդեհից, մեր այս հարցին ի պատասխան, պարոն Մանվելյանը վստահեցրեց՝ «Խոշոր կաթնասունները, հաստատ, փախել են, նրանք չեն այրվել, ուղղակի  սթրեսային վիճակում են: Մեզ պատմեցին, որ արջի քոթոթը դուրս էր եկել ու հարձակվում էր հրդեհը հանգցնողների վրա, արգելոցի աշխատակիցների, որովհետեւ կորցրել էր մորը, բայց կգտնեն իրար, հենց ծուխը նստի, քոթոթն ու մայրը կգտնեն իրար:  Քարայծը, լուսանը, գորշ արջ, նրանք կփրկվեն, հիմա նրանք կողքի տարածքներն են գնացել: Հավանաբար, այրվել են մանրները,  կրծողները, սողունները, միջատները, նապաստակներն էլ»:

Մասնագետն ասաց, որ այս հրդեհը էկոլոգիական աղետ է, որովհետեւ այրվեցին Հայաստանի եւ միջազգային կարմիր գրքերում գրանցված կենդանական եւ բուսական տեսակներ, բայց դրանց պոպուլյացիան նորմալ կլինի:

Մասնագետի դիտարկմամբ՝  կառավարությունը պետք է վերանայի  բնապահպանական քաղաքականությունը եւ հաշվի առնի կլիմայի փոփոխությունը, գետերի վրա մի քանի ՀԷԿ-երն են կառուցում, սա անթույլատրելի է, այդ գետերն առնվում են խողովակների մեջ,  եւ միկրոկլիման փոփոխվում է, հողերը խորանում, խոնավությունը նվազում, մինչդեռ գետերը պետք է իրենց հունով հոսեն.«Ժամանակ չունենք, այս խնդիրները պետք է լուծվեն, այդ ՀԷԿ-երի էկոլոգիական թողքերի չափը պետք է վերանայվի: Պետք է մտածել ոչ թե հրդեհի դեմ պայքարի  մասին, այլ՝ ինչպես խուսափել հրդեհներից, պետք է խնդիրներին արագ արձագանքի կառավարությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031