Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանի մենիշխանության շարունակությունը տեղի չունենա». Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 22,2017 16:32

«Մենք վտանգ ունենք, որ Հանրապետությունը արդեն դարձած կուսակցապետություն՝ դառնալու է մի հոգու պետություն՝ սերժապետություն: Ով էլ լիներ՝ մի հոգի, մի կուսակցություն իրավունք չունի դառնալու Հայաստանի սեփականատերը: Հայաստանը, եթե ինքնիշխան է, իրավունք չունի, ով էլ լինի՝ ՌԴ, Ամերիկա, Չինաստան, թե Եվրոպա, ռազմավարական իր ակտիվների գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը օտարին տալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին՝ ինչպե՞ս եք տապալելու Սերժ Սարգսյանի այդ ծրագիրը՝ նա պատասխանեց. «Ես տապալել բառը չեմ օգտագործում, բայց կարծում եմ, որ ՀՀ-ի, մեզ բոլորիս, Սերժ Սարգսյանի եւ անգամ իր ընտանիքի, թոռնիկների համար մեծագույն սխալ կլինի, եթե ինքը փորձի այս կամ այն եղանակով շարունակել իր մենիշխանությունը մեր երկրում»: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀԿ-ն նույնպես մտածելու բան ունի, թե ինչպես է իր հետագիծը ներկայացվելու հաջորդ սերունդներին:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» անելիքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե ժողովուրդն ուզում է այդ փոփոխությունն անել, պատրաստ է նախաձեռնող եւ ակտիվ քայլերի, իրենք պատրաստ են ամեն ինչ անել, որ այդ մենիշխանության շարունակությունը տեղի չունենա. «Մենք կարծում ենք, որ դա կործանարար կլինի մեր ապագայի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ժողովուրդը մեղավոր չէ ստեղծված իրավիճակում, հարթակի վրա գալիս են քաղաքական գործիչներ ու գնում, այդ թվում եւ իրենք, հանգուցալուծում չի լինում, բայց մի բան պարզ է՝ առանց ժողովրդի ակտիվության ոչ մի բան, միեւնույն է, չի ստացվի. «Մենք ուզում ենք, որ մեր արտաքին եւ ներքին քաղաքականությունը հիմնվի մեր իսկ շահի, մեր սահմանադրական իրավունքի վրա: Մենք գտնվում ենք վերակազմակերպման, վերալիցքավորման շրջանում եւ կոչ ենք անում նաեւ մենք մեզ, որ կյանքը տրված է Աստծո կողմից մի անգամ եւ մենք պիտի իմաստավորենք ամեն օր: Այդ հիասթափությունը, հուսախաբությունը, եթե ես եմ պատճառել որեւէ մեկին, ներողություն եմ խնդրում: Բայց ես ձեզանից մեկն եմ, ես էլ ապրում եմ այդ նույն հիասթափությունը, մեկ-մեկ՝ անհուսությունը, բայց հետո զարթնում եմ եւ ասում եմ՝ սա նոր օր է եւ պիտի իմաստավորենք այդ օրը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ բանտերով, հացադուլներով, հրապարակներով անցնելով՝ դաս են քաղել՝ «Ժառանգության» դեպքում չպետք է փախուստ լինի, պիտի լինի վերադարձ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930