Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության «նորամուծությունը»՝ համատարած զրկում են հաշմանդամության կարգից

Հոկտեմբեր 05,2017 14:30

Նախօրեին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ամփոփել է ոլորտի մեկ տարին, եւ նա լրագրողներին որպես ձեռքբերում ներկայացրել է բժշկասոցիալական փորձաքննության՝ ԲՍՓ ոլորտում կատարված փոփոխությունները:

Հիմա նախարարությունը փորձնական ծրագիր է անում՝ հաշմանդամության կարգը նոր չափորոշիչներով եւ ընթացակարգերով են տրամադրում: Այս նոր մոդելով քաղաքացիներին հաշմանդամության կարգ չեն տալիս, բայց պարտավորվում են անվճար առողջապահական ծառայություններ մատուցել, դեղորայքներ տրամադրել: Նախարարը լրագրողներին եւ հանրությանը վստահեցրել է, որ քաղաքացու կարիքները գնահատելուց հետո, եթե հաշմանդամության կարգ չեն տրամադրում, դրա դիմաց պարտավորվում են այդ քաղաքացիներին ծառայություններ տրամադրել, նրանց առողջացնել ու վերադարձնել հասարակություն՝ որպես լիարժեք անդամ, որպեսզի նա իր գործունեությամբ ստեղծի իր եկամուտները ու խնդիրներն ու ռիսկերն ապահովի:

«Սա խնդիրը կանխարգելելու միջոց է, այլ ոչ թե նախկինի պես՝ հետեւանքները վերացնելու»,- ասել է նախարար Ասատրյանը: Թե ի՞նչ խնդիր են կանխարգելում՝ պարզ չէ, կամ էլ գուցե պարզ է՝ գումարներ են տնտեսում հաշմանդամություն ունեցող անձանց հաշվին, նրանց զրկում են հաշմանդամության թոշակից: Մտադրությունը՝ նման քաղաքացիներին առողջացնել ու հասարակություն վերադարձնել, ողջունելի է, բայց միայն այն դեպքում, եթե նախարարությունն իսկապես մարդկանց բուժի ու որպես լիարժեք անդամ վերադարձնի հասարակություն: Այդպես եւ քաղաքացին իրեն լավ կզգա, եւ հնարավորություն կունենա աշխատելու, ինքն իր օրվա հացը վաստակելու: Մինչդեռ նախարարությունը այս փորձնական ծրագիրը սկսել է ուղղակի «կացնային» քաղաքականությամբ՝ մարդկանց հաշմանդամության թոշակից զրկելով:

Նոր մոդելի ներդրման արդյունքում բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնները, կարելի է ասել, մարդկանց համատարած զրկում են հաշմանդամության հատկապես 3-րդ կարգից:

«Առավոտի» հետ զրույցում 48-ամյա Անուշավանը ԲՍՓ-ի կացնային քաղաքականության զոհ է. նա խնդրեց ազգանունը չհրապարակենք՝ հավաստիացնելով. «Զզվել եմ արդեն դրանցից, բայց որ պետք լինի՝ նախարարությանը ազգանունս կասեմ: Իսկ էդ Զեյթունի ԲՍՓ-ում ինձ լավ գիտեն»:

Անուշավանը մեկ տարի հաշմանդամության թոշակ է ստացել, նա 3-րդ կարգի հաշմանդամ էր ճանաչվել բշժկասոցիալական փորձաքննության արդյունքում:
48-ամյա այս տղամարդը 7 մետր բարձրությունից ցած է ընկել, ինչի հետեւանքով հիմա նրա աջ կրունկը, ինչպես ինքն ասաց, փշրված է, ձախը՝ 2 տեղից ճաքած, ողնաշարն էլ 2 տեղից վնասված է: Անուշավանը դիմել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ԲՍՓ՝ կրկին կարգը վերահաստատելու համար: Այս անգամ ԲՍՓ-ում, ըստ Անուշավանի, ասել են. «Առողջ ես, գնա: Նախարարն ասել է՝ ձեզ նման մարդիկ կարան աշխատեն»:

«Ես ռենտգենի նկարները դեմներն էի դրել, ցույց տվեցի փշրված ոտքս ու ողնաշարս, ասեցի՝ առողջ լինեի, ձեր մոտ ինչի՞ պիտի գայի, թքած ունեմ ձեր 16 հազար թոշակի վրա: Ձեռքով ոտքս ու մեջքս է ստուգում, ասում է՝ առողջ ես: Դրանց ասում եմ՝ որ տենց ձեռքով ստուգելով կարելի է պարզել, որ առողջ եմ, վնասվածք չունեմ, ինչի՞ էի հիվանդանոցում 300 հազար դրամ տվել ռենտգենի ու այլ հետազոտությունների համար: Ռենտգենի նկարը դեմը դրած՝ ձեռքո՞վ ես ստուգում»,- պատմեց Անուշավանը: Նա հիմա ձեռնափայտով է տեղաշարժվում, չի կարողանում անգամ 1 կիլոգրամ ծանրություն վերցնել. «Բայց ամբողջ կյանքս աշխատել եմ, դաժե 100 կիլոյանոց ծանրություն վերցնող տղա եմ եղել: Ինչի՞, ես կուզեի դրանց տված թոշակին մնայի: Ընկնելուց հետո 6 ամիս անշարժ պառկած եմ եղել: Բժշկի «պռոստինով» տանում, «պռոստինով» բերում էին»:

Նախարար Ասատրյանը ԲՍՓ-ում կատարվող նորամուծության մասին խոսելիս վստահեցրել էր. «Եթե մարդուն չի տրամադրվում հաշմանդամության կարգ, բայց վերջինս ունի վերականգնողական բուժծառայության կարիք, ապա նրան կտրամադրվի օգնություն: Այն քաղաքացիներին, ովքեր ունեն հիվանդություն, բայց հաշմանդամության կարգ չեն ստացել, ընդգրկելով հաշմանդամության մեջ, խնդիրները չենք լուծի, այլ այնպես պետք է անենք, որ հարցը հաշմանդամության չհասնի»:

Այո, նախարարությունն ամեն ինչ արել է, որ Անուշավանի խնդիրը հաշմանդամության չհասնի, այսինքն՝ կարգը չհասնի: Սակայն կարգից զրկելով՝ նախարարությանը ենթակա ԲՍՓ-ի աշխատակիցներից որեւէ մեկը Անուշավանին չի էլ ասել, որ վերականգնողական բուժծառայության կարիք ունի, ինչը պետք է նախարարությունը հոգա:

«Ինձ ԲՍՓ-ում ոչ մեկը ոչ մի բան չի ասել՝ ո՛չ բուժելու, ո՛չ դեղեր տրամադրելու մասին: Ասել են՝ առողջ ես: Բայց իմ բժիշկն ասում է, որ ինձ երկարատեւ բուժում է հարկավոր: Ես դեղեր էի խմում, քսուք էի քսում: Հիմա փող չունեմ՝ դադարեցրել եմ դեղեր օգտագործել: 3 երեխա ունենք, միայն կինս է աշխատում, հազիվ ենք հասցնում, դրա համար էլ դեղեր չենք կարում առնենք: Ես հայտարարում եմ՝ Զեյթունի ԲՍՓ-ի աշխատողներն անշնորհք մարդիկ են, սպասում են «պասպորտի» մեջ մի բան դնենք՝ տանք իրենց: Ինձ հետ գիտե՞ք քանի՜ հոգու այ տենց կտրում էին կարգից»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

04.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Մարդ կա, չի կարող աշխատել, ի՞նչ պետք է անի… հո տենց չի կարգը..

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031