«Բանակի հետ ո՞վ խնդիր ունի՝ եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք չգիտեմ ինչ». Սաքունց

«Բանակի հետ ո՞վ խնդիր ունի՝ եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք չգիտեմ ինչ». Սաքունց

«Բոլորովին համաձայն չեմ նախարարի հետ, որ այս մոտեցումները պայմանավորված չեն ժողովրդագրական պրոբլեմներով: Բնակչության թիվը քչանում է, բնականաբար, ծառայողների թիվն էլ պետք է կրճատվի»,- Այսօր ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՊՆ նախարարի ներկայացրած ծրագրերը քննադատեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ըստ նրա, երբ ուզում են բոլորին անպայման զորակոչեն՝ իբր որպես արդար մոտեցում, իրականում պատժողական մեխանիզմ է. «Այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք հիմա շեշտվեցին՝ կրթությունը շահարկելու, ստատուս ձեռք բերելու հարցերը, հիմա փողը կտան՝ Քեմբրիջ էլ կգնան, իսկ փողը տվողները գիտենք ովքեր են: Սա սոցիալական արդարության խնդիր չի լուծելու»:

Նա նշեց, որ նախագծում կա, որ ազատման եւ տարկետման դեպքում կառավարությունն իր որոշումը կարող է տրամադրել. «Երբ  «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխվեց, կառավարության կողմից զինծառայությունից ազատման վերաբերյալ որոշումներում, ըստ մեր ուսումնասիրության, մեծ թիվ էին կազմում Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, Եհովայի վկաները ընդամենը 400 քանի հոգի էին, որ դատապարտվել էին ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով, որովհետեւ այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս: Հիմա ո՞րը զինծառայության հետ ավելի շատ խնդիր ունի՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք չգիտեմ ինչ: Պարզվեց՝ սատանան այնքան սարսափելի չի, ինչքան դրա մասին խոսում են»:

Սաքունցն ասաց, որ կառավարության կողմից բացառիկ դեպքերի վերաբերյալ սահմանները պետք է շատ հստակ նշվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք