Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ պատահեց, երբ դիմահարդարը հանդիպեց «ադվոկատ Լիլոյին»

Հոկտեմբեր 14,2017 14:30

«Ադվոկատից» տուժողը տեղեկանում է, որ բացի սեփականության իրավունքի գրանցման վկայականից, կեղծ են նաեւ դատարանի վճիռը եւ հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

Գեղեցկության սրահում որպես դիմահարդար աշխատող տուժողի հաճախորդն է եղել Լիլիթ Ֆարմանյանը: Նա տեղեկացել էր, որ վերջինս փաստաբան է, նրան անվանում են «ադվոկատ Լիլո»: Մալաթիա-Սեբաստիա դատարանում տուժողը հայտնել էր, թե բանկի հետ կապված խնդիրներ ունի, եւ այդ պատճառով դատարանից ծանուցումներ է ստանում: Նա խոսքուզրույցի ժամանակ ասել էր, թե ամուսնու եղբոր կնոջ անվամբ եւ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության դեմ՝ գույքի բռնագանձման պահանջով, դիմել է դատարան եւ պահանջում է շուրջ 600 000 դրամ գումար, իսկ բանկն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից բաժինն առանձնացնելու եւ բռնագանձում տարածելու պահանջով:

Լիլիթի պահանջով տուժողը նրան տվել է իր փաստաթղթերը: Ինքնակոչն առաջարկել էր դատական կարգով «եղբոր ընտանիքի անդամների անունները հանել սեփականատերերի շարքից, վարչական դատավարության կարգով բողոքարկել ու ոչ իրավաչափ ճանաչել Շահումյանի շրջսովետի 1995 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը, դրա հիման վրա էլ՝ որպես անվավերության հետեւանք չեղյալ համարել 1995 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը»: «Ադվոկատն» իր ծառայությունների դիմաց պահանջել է 3000 ԱՄՆ դոլար:

Տուժողը 2013 թվականի հոկտեմբերի 11-ին նոտարական վավերացմամբ լիազորագիր էր տվել Լիլիթին՝ իր անունից վերոնշյալ բնակարանի հետ կապված գործողություններ կատարելու համար: Տվել էր նաեւ 3000 ԱՄՆ դոլարը: Չանցած մի քանի օր, ամբաստանյալը պահանջել էր 500 ԱՄՆ դոլար, ասելով, թե խնդիրներ են ծագել: Պահանջված գումարը տուժողն անխոս տվել էր: 2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, պետական տարբեր մարմիններում վճարումներ կատարելու պատրվակով, ամբաստանյալը տուժողից ստացել է 1 334 000 ՀՀ դրամ: Ի դեպ, 2014 թվականի հունվարի 27-ին Լիլիթը ՀՀ վարչական դատարանի միջանցքում տուժողին է տվել «Հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին» ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ ու կնիքով կնքված որոշման պատճենը: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, ըստ Լիլիթի, վճռի հրապարակման օրն էր լինելու: Երբ հանդիպել է Լիլիթին, նա հայտնել էր, թե հայցը բավարարվել է:

«Մեկ ամիս անց Լիլիթն ասաց, թե սեփականության իրավունքի նոր վկայականն արդեն պատրաստ է, սակայն ինձ չտվեց բնօրինակը: 2015 թվականի հունվարի 15-ին նա ինձ տվեց մեր բնակարանի վերաբերյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենն ու ասաց, թե չի հիշում՝ դրա բնօրինակն ինչ է արել: Խոստացավ հետո տրամադրել»,-ասել էր տուժողը:

Տուժողն ինքն է դիմում կադաստրի Երեւանի տարածքային բաժնի Շենգավիթի գրասենյակ՝ վկայականի կրկնօրինակը տրամադրելու մասին: 2015 թվականի հունվարի 21-ին գրասենյակում նրան տրամադրում են 2004 թվականին տրված սեփականության վկայականը: Զարմանում է: Կադաստր է տանում Լիլիթ Ֆարմանյանի կողմից տրված՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թվագրությամբ սեփականության վկայականի պատճենը, այնտեղ հայտնում են՝ այն կեղծ է:

«Ադվոկատ Լիլոյին» հրավիրում են կադաստրի գրասենյակ: Իմանալով՝ ինչ է տեղի ունեցել, նա ասում է՝ թյուրիմացություն է տեղի ունեցել, հետո հեռանում է: Երբ տուժողը վազում է կադաստրի բակ, նրան մոտեցած Լիլիթն ասում է՝ աղմուկ պետք չէ բարձրացնել. «կհանդիպեն ու ամեն ինչ կպարզաբանի»: Հանդիպման ժամանակ Լիլիթը խնդրում է մեկ ամիս ժամանակ, որպեսզի կարողանա պարզել, թե ինչ է կատարվել, ասելով, որ իրեն նույնպես խաբել են:

Ամբաստանյալն ընդհանրապես խուսափում է հանդիպել տուժողին, չի պատասխանել նրա հեռախոսազանգերին եւ տուժողը ստիպված կատարվածի մասին տվել է հաղորդում հանցագործության մասին: Նա չի իմացել, որ տիկինը փաստաբան չէ, հետեւաբար, նրան չէր դիմի: Ամբաստանյալն ասել էր, թե տուժողին վերադարձրել է 50 000 դրամ, սակայն պարզվեց, որ հաճախորդներից մեկից վերցրած հագուստների արժեքն է:

Ի դեպ, մեկ այլ տուժող դատարանում ցուցմունք էր տվել, որ վերաքննիչ դատարան բողոքարկելու համար, երբ իրեն փաստաբան է պետք եղել, իր ծանոթները խորհուրդ են տվել դիմել Լիլիթ Ֆարմանյանին, որն անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գրասենյակ է ունեցել: Նրանք չեն պահանջել փաստաբանի արտոնագիրը: Դատական ակտը բողոքարկելու համար Լիլիթն այս տուժողից էլ պահանջել էր 2000 ԱՄՆ դոլար եւ եւս 3000 ԱՄՆ դոլար` ՀՀ վճռաբեկ դատարանում նրա շահերը պաշտպանելու համար:

«Փաստաբանը» խոստացել էր մինչեւ 2014 թվականի դեկտեմբեր երկրոդ տուժողին տրամադրել վերաքննիչ դատարանի որոշումը: Այս տուժողն էլ համացանցի միջոցով էր տեղեկացել, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանում իրենց գործի վարույթը կասեցված է: Նա դիմում է գրել, որպեսզի քաղաքացիական վերաքննիչ դատարանի բոլոր ծրարները ստանա իր բնակության հասցեով ու ստացել է:

Հասկանալով, որ խաբվել է, ամբաստանյալից պահանջել է նրան վճարած 5000 ԱՄՆ դոլարը: Կարողացել է ստանալ ընդամենը 1500 ԱՄՆ դոլարը:

Ըստ էության, Լիլիթ Ֆարմանյանը ներկայացել էր որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան:

Նա դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատավճռով Լիլիթ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվել է եւ նրան կալանքի են վերցրել դատական նիստերի դահլիճից: Պատժի սկիզբը 2017 թվականի հունիսի 19-ից է:

Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ա. Բեգլարյանի 24.08.2016 թվականի որոշմամբ ամբաստանյալին պատկանող անշարժ գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը թողնվել է անփոփոխ, մինչեւ դատական ծախսի գումարի եւ տուժողներին պատճառված վնասի լրիվ փոխհատուցումը, որից հետո դրված արգելանքը վերացնել:

Հայտնի է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմը, որը հոկտեմբերի 30-ին քննելու է պաշտպանական կողմի բողոքը. դատավորներ Անդրանիկ Մնացականյան, Նարինե Հովակիմյան եւ Կարեն Մարդանյան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031