Զինկոմիսարիատն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցմանը

Զինկոմիսարիատն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցմանը

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցմանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին և խնդրել իրեն տրամադրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը:

Այս կապակցությամբ Aravot.am-ը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք ստացե՞լ են պատգամավորի հարցումը և ի՞նչ փուլում է դրան արձագանքելու գործընթացը: Ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պատգամավորի գրության պատասխանն արդեն իսկ ուղարկվել է հասցեատիրոջը:

Վերջինիս խոսքով՝ պատասխանում ներկայացվել են ոչ միայն զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը, մասնավորապես այն, որ նախարար Սարգսյանը 1993-2000թթ. կրթական տարկետում է ստացել՝ համաձայն այդ պահին գործող օրենսդրության, այլև կից փաստաթղթեր, որոնք ցուցանում են, թե որտեղ է այդ ժամանակ ուսանել նա: Միաժամանակ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, պատգամավորին ուղղված պատասխանում ներկայացվել է, որ «Զինապարտության մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ տարկետման լրանալուց հետո Վիգեն Սարգսյանը զորակոչվել է մինչև երեք տարի ժամկետով իսկական ծառայության:

Պաշտպանության նախարարությունից մեզ փոխանցեցին նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրության պատասխանի պատճենը, որն էլ ներկայացնում ենք ընթերցողի դատին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք