Դիլիջանի համայնքապետարանը նախկին քաղաքապետի որդուն եւ այլոց դատի է տվել

Դիլիջանի համայնքապետարանը նախկին քաղաքապետի որդուն եւ այլոց դատի է տվել

2017թ. հուլիսի 26-ին Դիլիջանի համայնքապետարանի իրավաբան Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գեւորգ Ժորայի Սահաբալյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, պայմանագրի հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, 454 հազար 454 դրամ վարձավճար ու հաշվարկված տույժ եւ 17 հազար 90 դրամ նախապես վճարված պետական տուրք բռնագանձելու պահանջներով:

Հոկտեմբերի 17-ին այդ գործով Դիլիջան քաղաքում նախնական դատական նիստ է կայացել: Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը հայտնեց, որ ինքը, որպես Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչ, մասնակցել է նիստին, Գեւորգ Սահաբալյանը չի ներկայացել, տեղեկություններ կան, որ նա Ռուսաստանում է գտնվում: Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը նշանակվել է 2018թ. հունվարի 26-ին: Գեւորգ Սահաբալյանը Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի որդին է: Ժ. Սահաբալյանը 2002-2005թթ. Դիլիջանի քաղաքապետն էր, նա 2008թ. Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու է առաջադրվել, հետո՝ հանել թեկնածությունը,2012թ. ընտրություններում ԲՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել, սակայն չի ընտրվել:

Նա, արդեն որպես անկուսակցական, 2016թ. փետրվարի 14-ին կայացած խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու էր, սակայն պարտվեց 2005 թվականից Դիլիջանը ղեկավարող Արմեն Սանթրոսյանին:

Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը հայտնեց, որ համայնքապետարանը գումարներ բռնագանձելու պահանջով դատի է տվել ոչ միայն նախկին քաղաքապետի որդուն, այլ նաեւ՝ համայնքին պարտքեր ունեցող բազմաթիվ անձանց: Նրա վկայությամբ՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում են գտնվում Դիլիջանի համայնքապետարանի ներկայացրած 9 հայցով դատարանի վճիռների կատարողական թերթիկները: Այդ վճիռներից մեկով Դիլիջան քաղաքի բնակչից հօգուտ համայնքի պետք է բռնագանձվի 679 հազար դրամ գույքահարկի եւ հողի հարկի գումար: Մնացած 8 գործերը վերաբերում են դիլիջանցիների տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտքերին: Այդ 8 հայցով ԴԱՀԿ-ը պետք է բռնագանձի, ընդհանուր առմամբ, 2 միլիոն 255 հազար դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք