Մի պուրակի պատմություն. (Ֆոտոշարք)

Մի պուրակի պատմություն. (Ֆոտոշարք)

Մոտ մեկ ամիս է Վանաձորի Արցախ պուրակում շինարարական աշխատանքներ են սկսվել: Պուրակի վերին հատվածը՝ 1400 քառ. մետր մակերեսով հողատարածք, պարսպապատվել է, որտեղ նախատեսվում է կառուցել մանկական զբաղվածության կենտրոն:

Պուրակում իրականացվող շինաշխատանքերը անհանգստացրել ու առաջացրել են վանաձորցիներից ոմանց դժգոհությունը: Aravot.am-ի խմբագրությունը հետեւյալ բովանդակությամբ նամակ էր ստացել քաղաքացիներից մեկից. «Խնդրում ենք ուսումնասիրել Վանաձորի Արցախ պուրակում կատարվելիք շինաշխատանքների համապատասխանությունը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմերին եւ իրավական ակտերին: Արդյոք անցկացվե՞լ են ճարտարապետական փորձաքննություններ: Բացի այդ Արցախ պուրակը հանրային գոտի լինելով հանդերձ, տեղի չեն ունեցել հանրային քննարկումներ եւ բացակայում են հավելյալ տեղեկությունները շինարարության մասին»:

Թեմայի վերաբերյալ մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ տարածքի շինարարության համար կա համապատասխան թույլտվություն. «Շատ գեղեցիկ մանկական կենտրոն է կառուցվում, նախագծերը մեր կողմից հաստատվել են: Այդ հողամասերը հաստատվել են դեռեւս 2004, թե 2005 թվականներին, շինարարության թույլտվություն եւ նաեւ նպատակային օգտագործման մասին պայմանագրեր են եղել: Շինարարության թույլտվության ժամկետներն անցել են, հին նախագծերը մեզ դուր չեն եկել, նոր նախագծերը հաստատել ենք, որպեսզի նաեւ վերեւի մասը ճարտարապետական ոճին համապատասխանի: Արցախ պուրակը երկար տարիներ վերածվել էր գիշերային ակումբի: Իսկ հիմա նորմալ ճարտարապետական լուծումով կառույց կլինի: Իսկ ներքեւի հատվածը, որը պատկանում է համայնքին, մենք դա էլ կբարեկարգենք եւ հանգստի, զբոսանքի ու հավաքների վայր կհանդիսանա: Քաղաքաշինության նախարարության, մարզպետարանի շինարարության բաժնով, բոլոր համապատասխան ընթացակարգային խնդիրները լուծված են, համապատասխանեցված են քաղաքաշինական նորմերին»:

2007 թվականից տարածքի սեփականատերը «Գ եւ Մ» ՍՊԸ-ն է: Իսկ թե ինչո՞ւ հենց այս տարի որոշվեց շինարարություն սկսել, տարածքի բաժնետեր Տիգրան Հարությունյանը նշեց. «Հարցեր են եղել, որ այս տարիների ընթացքում շինարարություն չենք կարողացել անենք: Բայց բարեկարգման աշխատանքներ որոշակի ձեւով արել ենք՝ կառուսելներ ենք դրել, սրճարան է աշխատել: Հիմա էլ հնարավորություն ունենք սա ենք անում: 100-200 մլն. դրամի ներդրում ենք անելու»:

Հարությունյանի խոսքով իրենք կառուցապատման թույլտվություն ունեն դեռեւս 2007 թվականից: Վստահ է, տարածքը դառնալու է վանաձորցիների սիրելի վայրերից մեկը: Կառույցը կունենա 800 քառ. մետր մակերես, կառուցապատողը՝ «Գեւտանիք» ՍՊԸ-ն է. «2007 թվականից, երբ տարածքը օտարվեց, այդ բոլոր թույլտվություններն ունեինք, եւ վերջերս էլ թարմացվեց: Օրինակ, Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ էլ տենց ընդդիմադիրները խոսում էին, հիմա քաղաքի սիրտն է դարձել, նույնն էլ Արցախ պուրակի դեպքում է: Այս տարածքում երկար տարիներ մեր սրճարանն էր գործում, բայց հիմա ուզում ենք ավելի բարեկարգ լինի, կանաչ գոտին ընդլայնելու ենք ու ավելի բարեկարգ ու կանաչ քաղաք ենք ունենալու»:

Արցախ պուրակը հուշարձանների ցանկում ներառված է, որպես տեղական նշանակության հուշարձան: Բացի այն, որ պուրակը վանաձորցիների սիրելի վայրերից մեկն է, այն նաեւ Արցախյան ազատամարտի տարիներին կարեւոր նշանակություն է ունեցել լոռեցիների համար՝ այստեղից է սկիզբ առել Արցախյան շարժումը:

«Արցախ հրապարակ, այդպես է ներառված հուշարձանների ցանկում, որպես տեղական նշանակության հուշարձան: Բայց հուշարձաններն ունեն դասակարգում, այսինքն` ոչ թե այդտեղի գազոնները, ծառերը կամ դրված տաղավարներն են հուշարձան, այլ իր տարածքը, որպես պատմական տարածք, որ այդտեղ եղել է Արցախյան շարժման սկիզբը եւ այլն: Բացի այդ, կան հուշարձաններ, որոնց տարածքում շինարարություն չի թույլատրվում, կա, որ ունի կառուցապատման գոտի: Այս դեպքում՝ մեր գլխավոր հատակագծով հաստատվել է, որպես հասարակական կառուցապատման գոտի, եւ այդտեղ շինարարություն թույլատրվում է: Գլխավոր հատակագծի տեսքով մշակույթի նախարարության թույլտվությունը կա», Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

Կառուցման նախագիծը քննարկման է ուղարկվել նաեւ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդ: Սակայն այն հանվել է օրակարգից. «Մենք քննարկման ենք ուղարկել նախագիծը, այլ ոչ թե այդտեղ շինարարություն պետք է լինի, թե՞ ոչ: Իրենք էլ փոխանակ քննարկեին իր ճարտարապետական տեսքը եւ այլն, խորհուրդներ տային, վերջիվերջո իրենք էլ են ճարտարապետներ, հարցը հանեցին: Եվ քննարկեցին, որ այդտեղ հուշարձան է, այդտեղ շինարարություն կարելի՞ է, թե՞ ոչ: Այն մարդիկ, որ ասում էին չի կարելի այդտեղ շինարարություն անել, 2014 թվականին ստորագրել են Վանաձորի գլխավոր հատակագծի տակ: Հավանաբար, մոռացել են, որ իրենք հաստատել են, կամ էլ ժամանակին ուշադիր չեն թղթերը նայել: Չեմ կարող ասել պատճառն ինչ է, բայց փաստն այն է, որ մեր հաստատված գլխավոր հատակագծով դա հասարակական կառուցապատման հողամաս է: Գլխավոր հատակագծի կազմում առանձին թերթ ունենք, որտեղ նշված են հատուկ պահպանվող տարածքները, իսկ Արցախ պուրակը դրա մեջ չկա»:

Աբովյանի խոսքով պուրակի հետ կապված այս պատմությունը սկսվում է դեռեւս մի քանի տարի առաջ. «2004 թվականին Արցախ պուրակի տարածքը տրամադրվել է վարձակալությամբ: Իսկ 2007 թվականին օտարվել է: 2011 թվականին նոր հուշարձանի համար կազմել են պահպանական գոտի, որն առանց սեփականատիրոջ համաձայնության հաստատել են: Ձեւաթղթում էլ հստակ գրված է, որ պետք է ստորագրի համայնքի ղեկավարը, բայց չգիտես ինչի ստորագրել է աշխատակազմի քարտուղարը: Հետո, երբ, որ 2013 թվականին սկսել են մեր գլխավոր հատակագիծը մշակել, «Հայնախագիծ» ինստիտուտը դիմել է նաեւ մշակույթի նախարարություն, որ ելակետային թղթեր ուզի, այդ թղթերի ցանկի մեջ պուրակն էլ են ուղարկել, որպես հուշարձան, սակայն նախագծով այն չի ներառվել, որպես պատմամշակութային հատուկ պահպանվող հող, այլ ներառվել է որպես հասարակական կառուցապատման, ինչ նպատակով, որ օտարել են: Եվ այդպես նախարարությունը հաստատել է, չի առարկել, որ մշակութային հուշարձան է, չի կարելի շինարարություն անել»:

Իսկ այս պահին կառույցի շինարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ ինչպես Սուրեն Աբովյանն է նշում՝ իրենք կասեցնելու որեւէ հիմք չունեն:

«Մշակույթի նախարարությունը իրավասություն չունի թույլ տալու կամ թույլ չտալու շինարարություն իրականացնել, ուղղակի կարող է նախագիծը կա՛մ համաձայնեցնել կա՛մ ոչ: Եթե նախագիծը չեն համաձայնեցնում, ուղղակի գրում են, որ այ էս բաները փոխեք, նախագիծը բերեք այս ինչ տեսքի՝ նոր կհամաձայնեցնենք: Նրանք քննարկում են միայն կառուցվող շենքի ճարտարապետական տեսքը: Գիտամեթոդական խորհրդից հետո, ըստ օրենքի լիազոր մարմինը՝ էս դեպքում նախարարությունը, նախարարի գլխավորությամբ, խորհրդից հետո նախագծին պետք է կամ հավանություն տար կամ ոչ: Բայց, քանի որ նախագիծը չեն քննարկել, էն մարդը ո՞նց կարող է համաձայնություն տալ կամ չտալ: Այսինքն, ինքը այդ նախագծի վերաբերյալ չունի մասնագիտական եզրակացություն, որ նայի տեսնի այ էս, էս դիտողությունները գրել են, շտկվել է, ինքն էլ ստորագրի կամ չստորագրի: Հիմա ավելի շատ իրավական կազուսի առաջ ենք կանգնել»,-եզրափակեց քաղաքի գլխավոր ճարտարապետը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք