Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկերի 70 տոկոսից օգտվում են խոշորները»

Նոյեմբեր 16,2017 16:00

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համարում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը վարկային միջոցների անհասանելիությունն է: Նրա խոսքով՝ վարկերի 70 տոկոսից օգտվում են խոշոր տնտեսվարողները եւ միայն 30 տոկոսից` փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Տնտեսագետի համոզմամբ՝ այս մի քանի տարիներին երկրի տնտեսական քաղաքականությունը չի բերել փոքր ու միջին բիզնեսի կայացմանը:

Պարոն Խաչատրյանն անդրադառնալով կառավարության պատասխանատուների այն հայտարարություններին, թե փոքր ու միջին բիզնեսի մի մասը ստվերում է եւ պետք է ՓՄՁ-ին ստվերից հանելու ուղղությամբ աշխատանքներ տանել՝ ասաց, որ պարզ չէ, թե պաշտոնյաներն այդ ցուցանիշները որտեղից են վերցրել. «Եթե նման հայտարարություն են անում, պետք է նայեն, թե նախորդ տարիներին ինչպիսի տնտեսական իրավիճակ է եղել փոքր ու միջին բիզնեսում: Շատ զարմանալի կերպով 2015-2016 թվականների համեմատ 10 տոկոսով ավելացել են նրանց վճարումներն ընդհանուր հարկերի մեջ: Եթե ընդհանուր հարկերում նրանք 2015 թվականին 25-26 տոկոս են հարկ վճարել, ապա 2016-ին վճարել են 36-37 տոկոս:

Եթե փորձենք հասկանալ` ինչով է պայմանավորված, ապա նախեւառաջ` զուտ օրենսդրական փոփոխությունները բերեցին փոքր ու միջին բիզնեսի ակտիվության, երկրորդ` ավելի շատ են նրանց նկատմամբ վարչական մեթոդները կիրառվել, որից ելնելով՝ փոքր ու միջին բիզնեսը ինչ-որ առումով ստվերից դուրս է եկել, բայց դա չի նշանակում, որ ամբողջ հարկերի 90 տոկոսը վճարում են խոշորները: Նրանք վճարում են ընդամենը 70-72 տոկոսը, մնացածը վճարում է փոքր ու միջին բիզնեսը»:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ցավոք, մեզ մոտ դեռեւս համախառն ներքին արդյունքի մեջ ՓՄՁ-ն այն դերակատարումը չունի, ինչպես որ զարգացած երկրներում կամ հարեւան Վրաստանում է: Ըստ նրա՝ Համաշխարհային բանկը նաեւ այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում, որպեսզի տնտեսական քաղաքականության ուղղություններից մեկը լինի փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը տնտեսության մեջ բարձրացնելը:

Երկրորդ կարեւոր խնդիրը, որի վրա ուշադրություն է հրավիրում պարոն Խաչատրյանը, որին նաեւ անդրադարձել է Համաշխարհային բանկն իր զեկույցում, այն է, որ պայքարելով աղքատության դեմ՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել դուրս գալ աղքատության օղակից. «Աղքատության տեսակարար կշիռը մեծ է, որովհետեւ ինքը նպաստող հանգամանք է տնտեսության զարգացմանը: Օրենսդրորեն կամ սահմանադրորեն ամրագրված ցուցանիշը, որ պարտադիր է եւ բոլոր տնտեսական փաստաթղթերով՝ հատկապես բյուջեով եւ տնտեսական զարգացման փաստաթղթերում նշվում է, որ դա ինֆլյացիայի մակարդակի խնդիրն է, որ դրվում է չորս պլյուս-մինուս մեկուկես տոկոս, որը պարտադիր է: Եվ հիմա, պարտադիր լինելով հանդերձ, մենք շատ դեպքերում, երբ որ գնաճը լինում է մեկուկես տոկոս, համարում ենք դա հաջողություն, ես կարծում եմ, որ այդպես չէ, դա նշանակում է այդ չափորոշիչը, որ վերցրել էինք որպես տնտեսական զարգացման հիմք, չի կատարվել, որովհետեւ իրականում որոշ աստիճանի ինֆլյացիան տնտեսության զարգացմանը նպաստող հանգամանք է, բայց տեսեք ինչ է լինում` դրան զուգահեռ որեւէ այլ տնտեսական չափանիշ չկա: Այսինքն` ինֆլյացիան ինչ է անում, համարվում է տնտեսական զարգացման կայունություն, բայց տնտեսության զարգացման խնդիր կա: Այ դրա վերաբերյալ որեւէ պարտադիր նորմ օրենսդրորեն ամրագրված չէ»:

Պարոն Խաչատրյանի մեջ հարց է ծագում` եթե կա ֆինանսական կայունություն, եւ չկա տնտեսական աճ ու զարգացում, որքանո՞վ է արդարացված այդպիսի տնտեսական քաղաքականությունը. «Երբ նայում ենք միջազգային փորձը, միշտ գնաճի, ինֆլյացիայի կողքին կա երկրորդ չափանիշը, ասենք` գործազրկության խնդիր, որը ԱՄՆ-ը միշտ կիրառում է: Եթե հետեւեք ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությանը, ապա կտեսնեք, որ ԱՄՆ-ն այնքան ժամանակ՝ մինչեւ որ գործազրկությունը չհասավ 5-6 տոկոսի, դադարեցրեց մեղմացման քաղաքականությունը, այլեւս լրացուցիչ արժեթղթեր, պետական պարտատոմսեր շուկա չի մտցնում, եւ ամենակարեւորը՝ ԱՄՆ-ը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել:

Այսինքն` ԱՄՆ-ն ասում է, որ ես տնտեսությանը նպաստող իմ բոլոր լծակներն օգտագործել եմ, հիմա անցնում եմ տնտեսության կայունացմանը: Մեզ մոտ տնտեսական քաղաքականության մեջ տնտեսությանը նպաստող որեւէ գործիք չի օգտագործվում: Երբ խոսում ենք ֆինանսական միջոցների մատչելիության խնդիրներից, մեզ ասում են` գյուղատնտեսությանը սուբսիդավորում ենք, վարկերի տոկոսներն իջեցնում ենք, փոքր բիզնեսի համար վարկային տոկոսները մատչելի ենք դարձնում եւ այլն, բայց ինչո՞ւ են դա անում: Երկրում ընդհանուր տոկոսադրույքի քաղաքականությունը նպաստող չէ, եւ դրա փոխարեն հաջորդ թակարդի մեջ ենք ընկնում: Որպեսզի կարողանանք տնտեսական զարգացմանն ինչ-որ ձեւով նպաստել, մենք սկսում ենք պետական պարտքն ավելացնել»: Պարոն Խաչատրյանի խոսքով՝ երբ չկա ներքին ռեսուրսների օգտագործման արդյունավետություն, երբ չկա մասնավորի կողմից շահագրգռվածություն` ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու եւ զարգացնելու, չի կարող լինել նաեւ զարգացում, որքան էլ պետությունը փորձում է օգնել. «Այս տարվա բյուջեով սուբսիդավորման գումարները մեծացրել են, ինչո՞ւ են մեծացրել՝ պարզ չէ: Ինչու է ինքը փորձում տնտեսության մեջ ներկայանալի լինել, եթե կարող է ներկայանալի լինել այլ ձեւերով»:

Վահագն Խաչատրյանն անդրադառնալով պետական պարտքին՝ նշեց, որ հեռու չէ այն օրը, երբ պետական պարտքի շեմը կդառնա 70 տոկոս՝ ներկայիս 60-ի փոխարեն:

Պարոն Խաչատրյանը նաեւ խոսեց Համաշխարհային բանկի՝ օրերս հրապարակած փաստաթղթում ՀՀ իշխանություններին ուղղված 4 խորհրդի մասին: Նա անդրադարձավ առաջին խորհրդին. «Ասվում է, որ եթե դուք ուզում եք բարեփոխումներ կատարել, ապա այնպես մատուցեք, որ դրանք ընկալելի լինեն հասարակության կողմից, հասկանալի լինեն: Եթե դրանք ընկալելի չեն լինում հասարակության կողմից, որեւէ բարեփոխում արդյունք չի տա: Եվ եթե դուք համոզված չեք, որ այդ բարեփոխումն արդյունք չի տա, դրա մասին մի խոսեք: Այսինքն` երբ ուզում են ինչ-որ գործ անել, նախեւառաջ պետք է դիմեն այն մարդկանց, ում համար ուզում են դա անել: Այսինքն` երբ ուզում են թոշակներն իջեցնել կամ բարձրացնել, պիտի բացատրեն՝ ինչի համար»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930