Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպում՝ տան տիկին, Հայաստանում՝ հրուշակագործ

Նոյեմբեր 25,2017 15:30

«Մեր ընտանիքը որոշել էր սկզբնական շրջանում Հայաստանում մնալ մեկուկես ամիս, բայց պատերազմը Սիրիայում, մասնավորապես` հարազատ Հալեպ քաղաքում փոխեց մեր ծրագրերը»,- ասում է սիրիական պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթած տիկին Յոլանդ Ռշտունին: Նա էլ արդեն շատերի պես չի մտածում Սիրիա վերադառնալու մասին եւ փորձում է հայրենիքում սեփական բիզնեսը զարգացնել: Նրա չորսհոգանոց ընտանիքը Հայաստան է եկել 2012 թվականին:

Տիկին Ռշտունու խոսքով` «Հալեպում ինքս չեմ աշխատել, իսկ քաղցրեղեն պատրաստելը եղել է սիրողական զբաղմունք: Հիմնականում ընտանիքի, հարազատների համար եմ պատրաստել: Սկզբնական շրջանում, իհարկե, դժվարություններ ենք ունեցել, կարելի է ասել՝ 1 տարի չեմ աշխատել: Առաջին անգամ որ փորձեցի աշխատել, հաջող չստացվեց: Ամուսինս խորհուրդ տվեց, որ սկսեմ աշխատանքը քաղցրավենիք պատրաստելով»:
Տիկին Ռշտունին ասաց, որ մոտ 32 ցուցահանդեսի է մասնակցել, մեծ մասը Կարմիր խաչ կազմակերպության միջոցով:

«Իհարկե, ցանկություն ունեմ, որպեսզի նման միջոցառումները շատ լինեն, որպեսզի ճանաչելի լինեն մեր անուշեղենը, թխվածքը եւ ճաշատեսակները: Ցուցահանդեսի ժամանակ պատրաստել էինք մի քանի նմուշ, որպեսզի մարդիկ համտեսեն՝ տեսնեն, թե ինչ է, քանի որ այդպիսի քաղցրավենիքներ պատրաստում էինք միայն Հալեպում: Սկզբից որ հաճախորդը մոտենում էր մեր սեղանին, չէր վերցնում պատրաստած քաղցրավենիքը, քանի որ համերը տեղի հայերի համար անսովոր էին, բայց հետզհետե ընտելացան: Հիմա պատրաստում եմ տնային պայմաններում, պատվիրում են սոցցանցերով եւ հեռախոսով»,- ասում է մեր զրուցակիցը:

Տիկին Յոլանդի ամուսինը` Րաֆֆին, նշեց, որ Հայաստանում դժվար է գործ սկսելը, քանի որ խանութ չունեն. «Մենք այստեղ օրենքներին ծանոթ չենք, ուզում ենք մեզ օգնեն, որ հասկանանք՝ ինչը ինչպես պետք է արվի: Այստեղ որ խանութում ուզում ենք վաճառել մեր ապրանքը, չեն վերցնում, ասում են, որ հարկայինով պետք է լինի»:
Տիկին Յոլանդը պատմում է, որ Հալեպում իր ամուսինը ուներ գործարան, որը պատրաստում էր վերելակների լոգոներ, իսկ պատերազմի ընթացքում այն ավերվել է. «Ամուսինս է իմ գլխավոր խորհրդատուն եւ քննադատը: Նա է զբաղվում թխվածքների տեսքով: Ինչ վերաբերում է խոհարարական հմտություններին, ապա ծանոթ եմ եղել դեռ Հալեպում, իսկ Հայաստանում այցելեցի մի քանի դասերի, որպեսզի պատրաստեմ հայկական ճաշատեսակներ, քանի որ հալեպյանին արդեն ծանոթ էի»:
Դիտարկմանը՝ շատ սիրիահայեր եկան Հայաստան եւ չհարմարվելով կամ աշխատանք չգտնելով հեռացան արտերկիր, տիկին Յոլանդը պատասխանեց, որ իրենք շատ են սիրում Հայաստանը եւ չեն պատրաստվում հեռանալ. «Այստեղ բոլորը հայեր են, եւ այստեղ շատ հանգիստ, ապահով ենք մեզ զգում: Մի քիչ խաղաղվի, գնանք մեր տունը, խանութը ծախենք, գանք վերջնականապես այստեղ ապրենք»:

Այսօր Յոլանդ Ռշտունու պատրաստած քաղցրավենիքների մասին շատերը գիտեն, բայց գործը ավելի ընդլայնելու համար պակասում է խանութը. «Մենք արդեն հայտնի ենք, շատերը մեզ գիտեն, բացի այդ, ապրում ենք վարձակալությամբ, իսկ նորից վարձով տարածք վերցնելու հնարավորություն չունենք, որպեսզի մեր խանութը բացենք»:
Տիկին Յոլանդը խորհուրդ է տալիս այն բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ փոքրիկ գործ են ուզում սկսել Հայաստանում, լինել համբերատար եւ լավատես:

 

ԳՐԵՏԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Առավոտ»

24.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930