Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսն իր հասակակիցների պես չի քայլում, չի վազում

Դեկտեմբեր 08,2017 15:30

Ծնողները, սակայն, հույսը չեն կորցնում,
որ մի օր իրենց երեխային առողջ կտեսնեն

Ամեն տարի Հայաստանի Հանրապետության բյուջեն հռչակվում է որպես սոցիալական: Այդ բյուջեից միլիոններ են նախատեսվում առողջապահական եւ մի շարք այլ սոցիալական ոլորտին առնչվող ծառայությունների ծախսերի համար, սակայն, չգիտես ինչու, այսօր մեր երկրում հազարավոր ծնողներ, ընկած այս ու այն կողմ, իրենց երեխաների բուժման համար գումարներ են հայթայթում: Այդ գումարները չեն գտնվում նույնիսկ փոքրիկ երեխաների համար՝ այն դեպքում, երբ մինչեւ 7 տարեկան երեխաները, ըստ օրենքի, պետք է բուժվեն անվճար: Երկրի ներսում որոշակի բուժումներ, հետազոտություններ կատարվում են անվճար, սակայն դուրս տանելու հարց առաջանալու դեպքում բյուջեն անզոր է խնդիրը լուծել:

Արարատում բնակվող Ստեփանյանների ընտանիքի հույսն էլ շատ ընտանիքների պես, որոնք հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն, Աստված է: Ամեն առավոտ արթնանում են այն հույսով, որ ընտանիքի երջանկությանը` 1 տարեկան 3 ամսական Ալեքսին, առողջ կտեսնեն:

Բժիշկները Ալեքսին ուղեղի հետ կապված հիվանդություն են ախտորոշել: Հիվանդությունը հետապնդում է փոքրիկին ծնված օրվանից, ինչի հետեւանքով անզգայացած են փոքրիկի ձեռքերն ու ոտքերը: Նա, իր հասակակիցների պես, չի քայլում, չի վազում: Ծնողները պատմում են, որ արդեն մեկուկես տարեկան է, բայց Ալեքսն արդեն մի քանի հիվանդանոց է պառկել:

«Մեծ ջանքերի շնորհիվ, գումար հայթայթելով, պարտքեր անելով, երեք հիվանդանոց ենք պառկեցրել, բայց բժիշկները ոչ մի հույս չեն տալիս, ոչ մի հստակ պատասխան դեռ չենք ստացել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է երեխայի հայրը` Արմեն Ստեփանյանը: Երեխայի առողջական խնդիրը «մաշել» է այս ընտանիքին. ցանկացած աշխատած գումար նրա առողջությունը վերականգնելու վրա են ներդնում: Այդ իսկ պատճառով բնակարան էլ չեն կարողանում գնել:

Ընտանիքը ժամանակավոր բնակվում է հարազատներից մեկի տանը, բայց նա էլ որոշել է վաճառել բնակարանը: Սակայն երեխայի առողջական խնդիրների պատճառով չեն էլ կարող հիմա բնակարանի հարց լուծել: Թե ինչ են անելու` չգիտեն: Դրսում հայտնվելու վտանգը օր օրի մոտենում է: Ընտանիքի միակ կայուն եկամուտը երեխայի հաշմանդամության թոշակն է` մի քանի հազար դրամ. «Եթե առաջարկներ են լինում, սեզոնին նաեւ այգիներում եմ աշխատում, բայց այդ գումարով անգամ չենք էլ հասցնում երեխայի դեղերի ծախսերը հոգալ»,- ասում է հայրը:

Ներկա պահին փոքրիկը բուժումներ է ստանում Նորագյուղի Մանկական վերականգնողական հիվանդանոցում, սակայն այստեղ էլ բժիշկները ոչ մի հստակ պատասխան չեն տալիս. «Սկզբում երեխայի մոտ անկանոն վարք էր նկատվում, անկանոն անհանգստություն, հիմա փոքր-ինչ մեղմացել է վիճակը, բայց, այնուամենայնիվ, երեխան ագնամ նստել չի կարողանում»- պատմում է երեխայի մայրը` տիկին Աննան:
Ընտանիքը պետությունից հույսը կտրել է, սպասում է, որ բարերարներ կգտնվեն եւ օգնության ձեռք կմեկնեն փոքրիկին: Ստեփանյանները ամեն գնով պայքարում են փոքրիկի առողջության համար: Հայրը հույս ունի, որ երեխային մի օր առողջ է տեսնելու. «Ես հույսս չեմ կորցնում, գիտեմ, որ երեխաս կբուժվի, ուղղակի այդ բուժումը իմ հնարավորության սահմաններից վեր է, բայց եթե լինեն մարդիկ, որ ինչ-որ չափով ձեռք մեկնեն, ես էլ կանեմ հնարավոր ամեն ինչ ու երեխայիս ոտքի կկանգնեցնեմ»:

Երեխայի բուժումն արտերկրում կազմակերպելու համար ծնողները միջոցներ են հայթայթում:

 

ԱՆԱՀԻՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Առավոտ»

07.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031