Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ալիքների հեռարձակումը Աշոտ Մելիքյանն առաջարկում է տեղափոխել մալուխային տիրույթ

Դեկտեմբեր 08,2017 21:44

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «ՆՏՎ», «Զվեզդա», «Ռեն ՏՎ» և հասարակական-քաղաքական բովանդակություն մատուցող բոլոր ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու Հանուն Հայաստան Պետության ճակատի պահանջը տեղին չի համարում:

«Դա ամենեւին էլ ճիշտ չէ, պատկերացրեք՝ այդ ալիքները հասանելի չլինեին մեր հասարակությանը, մենք նույնիսկ տեղյակ չէինք էլ լինի, որ այդպիսի խայտառակ հաղորդումներ են եթեր գնացել: Այդ հաղորդումները ոչ միայն ռուսաստանյան, այլեւ շատ արտասահմանյան երկրներ են դիտում ու արտասահմանի հանրության վրա այն կարող էր ազդեցություն թողնել: Այդ հեռուստաալիքները, կրկնում եմ՝ պետք է շարունակեն գործել, բայց միայն կաբելային տիրույթում:

Բայց նման դեպքերում, երբ իրականությանը չհամապատասխանող, միակողմանի, վարկաբեկող հաղորդումներ են ի հայտ գալիս, իհարկե, պետք է հնարավորություն ունենանք դրան պատասխանել, այդ հարցում թե պետական ատյանները, թե հասարակական ատյանները աշխատեն: Այդ բողոքի շարժումը շատ տեղին է ու շատ կարեւոր է, որ այդ հեռուստաընկերությունները ոչ միայն դրա մասին իմանան, այլ հասնենք նրան, որ մի համապատասխան հաղորդում եթեր գնա, մենք պատասխանի իրավունք ունենանք, հնարավորություն ունենանք մեր տեսակետն արտահայտել»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ըստ նրա՝ արտասահմանյան ու առաջին հերթին ռուսական ալիքները, որոնք ազատ եթերային հեռարձակմամբ են գործում, շատ լավ կլիներ, եթե տեղափոխվեին կաբելային տիրույթ. «Դրա հիմնավորումն էլ ակնհայտ է, սա առաջին տարին չէ՝ ռուսական ալիքները ակնհայտ քարոզչությամբ են զբաղվում, իսկ քարոզչության բաղկացուցիչ մասերն են կիսաճիշտ ու չստուգված փաստերը շաղախելով՝ մատուցել հանրությանը, որ հանրության վրա ազդելու իրենց նպատակն իրականանա: Այդ քարոզչությանը դիմակայելու լավագույն տարբերակը մալուխային տիրույթ տեղափոխելն է, բայց դրա համար քաղաքական որոշում է պետք, ինչը չեմ կարծում մեր իշխանությունները կընդունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031