Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերն ու իտալացիները նման են մշակույթով, արտաքինով եւ անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով»

Դեկտեմբեր 09,2017 11:30

Հարցազրույց իտալացի ճանաչված օպերային երգիչ Ռոբերտո Սկանդիուցիի հետ

– Մաեստրո, դուք դասվում եք իտալական վոկալ դպրոցի հսկա բասերի, այդ թվում՝ երջանկահիշատակ Էցիո Պինցայի, Չեզարե Սիեպիի եւ մյուսների թվում: Բայց, չգիտես ինչու, միջազգային մամուլը համարում է, որ համաշխարհային ձեր կարիերայի սկիզբը դրվել է ոչ թե Իտալիայում, այլ Մեծ Բրիտանիայում՝ 1991թ., Լոնդոնի «Քովեն Գարդեն» թատրոնում, որտեղ հանդես եք եկել Յակոպո Ֆիեսկոյի դերերգով՝ Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում:

– Վաղուց եմ նկատել, որ հայերն ու իտալացիները նման են ոչ միայն մշակույթով, բնավորությամբ ու արտաքինով, այլեւ անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով: Իհարկե, դա այդպես է, բայց պետք է խոստովանեմ, որ մինչ Լոնդոնում առաջին անգամ հանդես գալը, հայրենիքում ինձ ճանաչում էին. հասցրել էի բեմ բարձրանալ Հռոմի, Միլանի, Վենետիկի, Ֆլորենցիայի թատրոններում, զուգահեռ հանդես գալով իբրեւ համերգային կատարող: Իսկ «Քովեն Գարդենում» բեմելից հետո իսկապես արձագանքը շատ մեծ էր, ինչը կարծես միջազգային պայթյուն լիներ:

– Դատելով ձեր պատասխանից՝ կարելի՞ է ենթադրել, որ դուք լավ եք ճանաչում հայերին եւ շատ եք շփվել նրանց հետ: Եթե դա այդպես է, նրանց թվում կա՞ն արվեստագետներ:

– Իմ շփումը միայն հայ արվեստագետների հետ է, որոնք մեծ թիվ են կազմում մասնավորապես վոկալ արվեստում: Ի դեպ, ունեք հիանալի վոկալ դպրոց: Չթվեմ, որ հանկարծ այս պահին որոշ անուններ չսպրդեն:

– Հավանաբար համաշխարհային օպերային գրականությունում չկա մի երկ, որտեղ բասի դերերգով հանդես եկած չլինեք…

– Համաշխարհային օպերային գրականությունն այնքան ընդարձակ է, որ դեռեւս կան օպերաներ, որոնք, չգիտես ինչու, չեն բեմադրվում: Ես այդ պարտիաները լրացնում եմ համերգային կատարումներով: Ի լրումն ասեմ, որ այսօր էլ ժամանակակից կոմպոզիտորների կողմից ստեղծվում են նույնպես բարձրարվեստ օպերաներ…

– Հանդես եք եկել դիրիժորական արվեստի այնպիսի երեւելիների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Կլաուդիո Աբբադոն, Լորին Մաազելը, Վալերի Գերգիեւը, Ֆաբիո Լուիզին… Հիմա էլ պատրաստվում եք բեմ բարձրանալ Էդուարդ Թոփչյանի հետ:

– Ասացի, չէ՞, որ նման ենք անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով… Անշուշտ, թվարկեցիք երեւելի դիրիժորների անուններ: Հայաստան ժամանել եմ մեկ-երկու օր ուշացումով, բայց արդեն այն հանգամանքը, որ ձեր մաեստրոն՝ Թոփչյանը, մինչ նվագախմբի ու երգչախմբի հետ փորձը մեներգիչներիս հրավիրել է առանձին պարապմունքի: Դա խոսում է նրա՝ չնայած երիտասարդ տարիքին, բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

– Զուգադիպությո՞ւն է, թե՞ ազգակցական կապ ունեք ձեր անուն-ազգանվամբ ճանաչված դաշնակահար- երգեհոնահարի եւ կինոդերասան Ռոբերտո Սկանդիուցիների հետ:

– Ոչ, ազգակցական կապ չունենք, պարզապես զուգադիպություն է:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ. Գ. «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Ազգային կապելլան սոպրանո Էրիկա Գրիմալդիի (Իտալիա), մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովայի (ՌԴ), տենոր Գեորգի Վասիլեւի (ՌԴ) եւ բաս Ռոբերտո Սկանդիուցիի ընկերակցությամբ կմատուցեն Վերդիի Ռեքվիեմը:

«Առավոտ»

09.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031