Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը երեք անգամ վերականգնել է արդարությունը

Դեկտեմբեր 11,2017 18:00

«Ես միջնորդել եմ, որ Արենի համայնքի ղեկավարին ների, որովհետև նա անմեղ էր: Փորձում էին գործ հարուցել այդ գյուղապետի վրա, իբրև թե Արենի վարչական տարածքում գտնվող քարանձավը տրամադրել է սննդի ապօրինի օբյեկտի կառուցմանը»- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում իր մարզպետ աշխատած տարիներից այս դեպքը հիշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, շաբաթ օրը Հայաստանի համայնքների 6_րդ համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր` այլեւս չեն ներվելու ժողովրդի հաշվին հարստացող գյուղապետերը:

Սերգեյ Բագրատյանը հիշում է`մինչ ինքը դիմել էր նախագահին, Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել այդ դեպքով: Սերգեյ Բագրատյանի`նախագահին դիմելու նպատակը եղել էր անարդարությունը վերացնելը: «Նախագահն էլ միջնորդել է, անարդարությունը վերացվել է, մարդը չի պատժվել չարած գործի համար»,-ասաց նա:

Սա, սակայն, միակ դեպքը չէ: Արդարությունը պահելու համար Սերգեյ Բագրատյանը երեք անգամ է դիմել նախագահին, երեքն էլ մարզպետ եղած ժամանակ:

Լրագրողներից մեկը հարցրեց` հավատո՞ւմ է, որ ապրիլից լինելու է նոր Հայաստան, որտեղ համայնքապետերն այլեւս չեն թալանելու: «Նորմալ է, որ ունենանք նման երկիր, մեր երազանքն է, որ ունենանք ազնիվ, պարկեշտ, զուսպ համայնքի ղեկավարներ, բայց, իհարկե, չունենք, պայքարն էլ արդյունավետ չէ, բայց այս երազանքը պետք է ամրագրել ու գնալ դրա հետևից, բայց դրա համար գործիքներ պետք է ամրագրել, որոնք չկան»,- ասաց նա: Դիտարկմանն էլ` նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հունվարին այլեւս այդպես չի լինելու, ստացվում է, որ մինչև հունվար կարող էին թալանել, Սերգեյ Բագրատյանը հակադարձեց. «Ես այդպես չեմ ընկալել: Ես հասկացել եմ, որ եղել են բացթողումներ, ոչ թե հանցագործություններ, եղել են փող տուն տանելու դեպքեր, նրանց, հավանաբար, պատժել են տուգանքներով կամ աշխատանքից ազատելով, ոչ թե քրեական գործ հարուցելով»: Նա նկատում է`կապ չունի, որ համայնքապետն ընտրովի պաշտոն է` «եթե հանցագործ ես, պիտի պատժվես. ուզում ես ընտրված եղիր, ուզում ես նշանակված»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031