Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը, փաստորեն, Դիլիջանում տվել է ժամանակին մեծ հնչեղություն ստացած հարցի պատասխանը, թե ինչու է ոմանց «խիարը» թարս աճում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2017 11:46

Շատ մանրակրկիտ ելույթ էր, իրավիճակի հստակ իմացությամբ, ճշգրիտ գնահատականներով, նոր սկսված եւ նախկինից եկող գործընթացների փոխկապակցման եւ դրանց վերջնական հանգրվանների մասին տեսլականներով: Ի լրումն այս ամենի, Սերժ Սարգսյանը չմոռացավ նշել, որ ինքը «նրանցից» չէ, որ նստում են նոր պաշտոնին եւ իրենց մարդկանց շուրջը հավաքում: Ով լավ է աշխատում, կարողանում է աշխատել` կպահի, ով չէ` կասի հաջողություն: Սա էլ` ի գիտություն քաղաքական ուժերի եւ գործիչների` անկախ պատկանելությունից:

Մեր խնդիրը, սակայն, այդ ելույթին վերջնական եւ օրիգինալ գնահատական տալը չէ: Դա իմ անմիջական պարտականությունների մեջ չի էլ մտնում: Կա վարչապետ, կա կառավարություն, կա բանկի կառավարիչ, մարզպետներ ու համայնքապետեր, թող հա՛մ գնահատական տան, հա՛մ հետեւություններ անեն: Բանուգործների անունն ի՞նչ է:

Խնդրեմ, նախագահն ասում է. «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք, եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության»: Մեկն ինձ այսպես դոշով պաշտպաներ, կյանքս չէի խնայի նրա համար, բայց մեր վարչապետն ու կառավարությունը լռում են: Իսկ գիտե՞ք ինչու: Լռում են, որովհետեւ չեն կարող ասել. «Այ Ազատիչ ջան, ախր խեղճ համայնքապետերն ի՞նչ անեն, որ նրանց առաջարկած ծրագրերի համար փող չկա, ու այդ պատճառով են դրանք մերժվել»:

Չեմ ուզում մտնել նախագահ-վարչապետ-կառավարություն խառը հաշիվների մեջ: Իմ կարծիքով` ես մեկ այլ, ոչ պակաս կարեւոր բան եմ գտել նախագահի այդ ելույթում: Սերժ Սարգսյանը, փաստորեն, Դիլիջանում տվել է ժամանակին (եթե չեմ սխալվում` դարձյալ Տավուշում էր) մեծ հնչեղություն ստացած հարցի պատասխանը, թե ինչու է ոմանց «խիարը» թարս աճում: Այսինքն. «Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր եւ տեսնում ենք, որ նույն աշխատուժն ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակն ուղղակի խղճահարություն է հարուցում»:

Այս հարցադրումը կատարելուց առաջ Սերժ Սարգսյանը լսարանին նախապես առաջարկել էր, որ եթե մեկը գիտի պատասխանը, թող ամբիոնից ասի: Բայց ո՞ւմ դարդն էր կտրվել, որ մտներ նախագահի «իրավասության» այդ ինքնատիպ դաշտը, մանավանդ որ, չսպասելով որեւէ մեկի «կարծիքին», նախագահն ինքն էլ պատասխանել է. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունն ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու, եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»: Այսպիսով` ամրագրումը կատարված է` ով վատ է աշխատում կամ քիչ, նրա «խիարը» թարս է աճում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031