Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների. ՅՈՒՆԻՍԵՖ

Դեկտեմբեր 12,2017 16:10

Հեղինակային տարեկան զեկույցն ընդգծում է թվային միջավայրի անհավասար տարածումն ու անդրադառնում երեխաների բարեկեցության և անվտանգության վրա համացանցի և սոցիալական մեդիայի ազդեցության վերաբերյալ ընթացիկ բանավեճերին

Նյու Յորք, 12-ը դեկտեմբերի, 2017թ. – Չնայած երեխաների զանգվածային ներկայությանը համացանցում, իսկ աշխարհում համացանցի օգտատերերի յուրաքանչյուր երեքից մեկը երեխա է, շատ քիչ բան է արվում պաշտպանելու նրանց թվային աշխարhի վտանգներից, ինչպես նաև` ընդլայնելու անվտանգ առցանց նյութերի հասանելիությունը նրանց համար, ասվում է ՅՈՒՆԻՍԵֆ-ի տարեկան հեղինակային զեկույցում, որ հրապարակվել է այսօր:

«Երեխաների իրավիճակն աշխարհում 2017. երեխաները թվային դարում» զեկույցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին համապարփակ վերլուծությունն է երեխաների կյանքի վրա թվային տեխնոլոգիաների տարաբնույթ ազդեցության և համացանցի տված հնարավորությունների մասին, որ բացահայտում է համացանցից օգտվելու թե՛ վտանգները, թե՛ տված հնարավորությունները: Զեկույցում ասվում է, որ կառավարություններն ու մասնավոր հատվածը համաքայլ չեն եղել փոփոխության ընթացքի հետ՝ երեխաներին նոր ռիսկերի և վնասների ենթարկելով, ինչպես նաև՝ միլիոնավոր խոցելի երեխաների անտեսելով:

«Բարեբախտաբար, թե դժբախտաբար, թվային տեխնոլոգիաները այսօր մեր կյանքի անքակտելի մասն են կազմում», – նշեց ՅՈՒՆԻՍԵֆ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Թվային աշխարհում, մեր երկուստեք խնդիրն է՝ չեզոքացնել վնասները՝միևնույն ժամանակ առավելագույնի հասցնելով համացանցի առավելությունները յուրաքանչյուր երեխայի համար»:

Զեկույցն ուսումնասիրում է առավելությունները, որ թվային տեխնոլոգիաները կարող են ունենալ ամենախոցելի երեխաների համար, այդ թվում նրանց, ովքեր մեծանում են աղքատության մեջ կամ կրում հումանիտար ճգնաժամերի ազդեցությունը: Հարկավոր է ընդլայնել տեղեկատվության հասանելիությունը այդ երեխաների համար, կարողություններ զարգացնել թվային գիտելիքներ պահանջող աշխատաշուկայում՝ հարթակ տրամադրելուվ կապեր հաստատելու և իրենց տեսակետներն արտահայտելու համար:

Զեկույցում նշվում է, որ միլիոնավոր երեխաներ դրա հնարավորությունը չունեն: Աշխարհի երիտասարդության մեկ երրորդը՝ 346 միլիոն, համացանցից չեն օգտվում՝ խորացնելով անհավասարություններն ու նվազեցնելով այդ երեխաների մասնակցության հնարավորությունն ավելի ու ավելի աճող թվային տնտեսության մեջ:

Զեկույցը նաև ուսումնասիրում է, թե ինչպես է համացանցը մեծացնում երեխաների խոցելիությունը վտանգների և վնասների նկատմամբ, ինչպիսիք են անձնական տեղեկատվության ոչ տեղին օգտագործումը, վնասակար բովանդակությամբ նյութերի հասանելիությունը և կիբերբուլիինգը (cyberbullying): Թվային շարժական տեխնիկայի համատարած օգտագործումը, ինչպես նշվում է զեկույցում, երեխաների ցանցից օգտվելը պակաս վերահսկելի է դարձնում և հետևաբար՝առավել վտանգավոր:

 

Դեռ ավելին, թվային ցանցերը, ինչպիսին է, օրինակ, Սև ցանցը (Dark Web) , շահագործման և չարաշահման համար պարարտ հող են ստեղծում, այդ թվում՝ թրաֆիքինգի և առցանց սեռական մանկական չարաշահման համար:

Զեկույցում ներկայացված են երեխաների՝ ցանցից օգտվելու վերաբերյալ ընթացիկ տվյալներ և երեխաների բարեկեցության վրա թվային տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ վերլուծություններ, ինչպես նաև անդրադարձ է կատարվում երեխաների՝ «թվային միջավայրից» կախմանը և ուղեղի զարգացման վրա էկրանի հնարավոր ազդեցության մասին օրեցօր ավելացող բանավեճերին:

Զեկույցում տեղ են գտել նաև հետևյալ փաստերը.

Համացանցից օգտվող բնակչության ամենամեծ խումբը երիտասարդներն են: Աշխարհում նրանց 71 տոկոսն առցանց է, ողջ բնակչության 48 տոկոսի համեմատ:

Աֆրիկայի երիտասարդությունն ամենաքիչն է օգտվում համացանցից: Այն հասանելի է յուրաքանչյուր 5-ից 3-ին: Մինչդեռ Եվրոպայում այն հասանելի չէ յուրաքանչյուր 25-ից 1-ին:

Բոլոր վեբ կայքերի գրեթե 59 տոկոսն անգլերեն լեզվով են, և շատ երեխաներ չեն կարող գտնել իրենց հասկանալի կամ իրենց մշակույթի պահանջներին համապատասխանող նյութեր:

Աշխարհի սեռական չարաշահման հղումների 10-ից առավել քան 9-ը տեղակայված են հինգ երկրներում ՝ Կանադայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Զեկույցում ասվում է, որ միայն կառավարությունների, մասնավոր հատվածի, երեխաների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ընտանիքների և հենց իրենց՝ երեխաների համատեղ ջանքերի միջոցով կարելի է հավասարեցնել թվային հարթակի հասանելիությունն ու դարձնել համացանցն ավելի անվտանգ և հասանելի երեխաների համար:

Ավելի արդյունավետ քաղաքականության մշակման ու ավելի պատասխանատու բիզնես գործընթացների համար առաջարկվում են հետևյալ գործնական քայլերը՝

Մատչելի և բարձրորակ համացանցը հասանելի դարձնել բոլոր երեխաներին:

Պաշտպանել երեխաներին համացանցի վտանգներից, այդ թվում՝ չարաշահումից, շահագործումից, թրաֆիքինգից, կիբերբուլիինգից, ինչպես նաև՝ տարիքին չհամապատասխանող նյութերից

Պաշտպանել երեխաների անձնական տվյալներն ու առցանց ինքնությունը

Տրամադրել թվային գրագիտություն, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն, իսկ համացանցից օգտվելիս՝ պաշտպանված

Կիրառել մասնավոր հատվածի լծակներն՝ էթիկական չափորոշիչներն ու քայլերը բարելավելու համար, որոնք պաշտպանում են երեխաներին համացանցից օգտվելիս ի շահ բոլոր երեխաների

Երեխայակենտրոն թվային քաղաքականություն մշակել:

«Համացանցը ստեղծվել է մեծահասակների համար, բայց երեխաների ու դեռահասների կողմից դրա կիրառումն օրեցօր մեծանում է, իսկ թվային տեխնոլոգիաների ազդեցությունը նրանց կյանքի և ապագայի նկատմամբ՝ աճում: Այնպես որ, թվային քաղաքականությունը, գործնական քայլերն ու թվային արտադրանքը պետք է ավելի շատ համապատասխանեն երեխաների կարիքներին, նրանց տեսլականին՝ հաշվի առնելով նրանց ձայնը», նշեց Լեյքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031