Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ցանկանում է զենք գնել Իտալիայից․ քաղաքագետը մեր դեսպաններին կոչ է անում չեզոքացնել այս վտանգը

Դեկտեմբեր 12,2017 21:44

Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հանդիպելով Ադրբեջանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աուգուստո Մասսարիի հետ, քննարկել է Իտալիայի զենք եւ ռազմական տեխնիկա արտադրող պաշտպանական արդյունաբերության ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն ամեն ինչ պիտի անի, որպեսզի Իտալիան չկարողանա զենք վաճառել Ադրբեջանին։

«Բոլորս շատ լավ գիտենք, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն պայմանավորվածություն ունեն հարձակողական, ռազմական տեխնիկա չվաճառել Արցախյան հակամարտության մեջ ներգրավված պետություններին։ Ի տարբերություն Ռուսաստանի, որը զենք է վաճառում և՛ Ադրբեջանին, Հայաստանին, Եվրամիության երկրները ու ԱՄՆ-ն մինչև հիմա գերադասել են այդ կարգը չխախտել։ Դա մեր շահերից է բխում, որովհետև Ադրբեջանը բավական երկար տարիներ ջանում է եվրոպական խոշորագույն զենք արտադրող պետություններից գնել այդ զենքը, որը նրան չի հաջողվում։ Եվ հիմա պատահական չէ, որ ադրբեջանական իշխանությունները փորձեր են կատարում վերակենդանացնել իրենց այդ քաղաքականությունը։ Ես այստեղ մեծ վտանգներ եմ տեսնում, որ Իտալիան կարող է և չհրաժարվել զենք վաճառելու գայթակղությունից, քանի որ զենքի վաճառքի շուկայում մրցակցությունը շատ դաժան է։

Նշեմ, որ Իտալիան համարվում է Եվրոպայի 4-րդ պետությունը զենքի արտադրության ծավալով, զիջում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Իտալիան ունի շատ զարգացած ռազմական արդյունաբերություն, այնքան է զարգացած, որ Իտալիան իր սպառազինության պահանջարկի 90 տոկոսը բավարարում է սեփական արտադրությամբ։ Իտալական ռազմական արդյունաբերության մեջ 100-ից ավել խոշոր, միջին և մանր ընկերություններ են մտնում, որտեղ որոշակի տվյալներով, աշխատում են, ընդհանուր առմամբ, մոտ 60 հազար մարդ։ Իտալիան հիմնականում հայտնի է ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև տանկեր, զրահապատ մեքենաներ, բարձրակարգ ռազմական նավեր արտադրելու առումով։

Պետք է նշեմ, որ Իտալիայի ամենահայտնի ռազմական կորպորացիաներն են «Ֆինմեխանիկան», որի տարեկան արտադրանքը կազմում է 13 միլիարդ եվրո և որի արտադրանքի 50 տոկոսն արտահանվում է։ Ռազմական արդյունաբերության մեջ շատ հայտնի է «Ֆիատը», որը ցավոք սրտի, Հայաստանում և շատ երկրներում ավելի շատ ծանոթ է որպես մեքենաշինական ընկերություն։ «Ֆինկանթյերի» ընկերությունը արտադրում է ռազմանավեր, ինչպես նաև աշխարհահռչակ «Պյետրո Բերետտա» հայտնի ընկերությունը, որն արտադրում է ատրճանակներ և ավտոմատներ։ Իտալիայի տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրվում են F104 հանրաճանաչ ամերիկյան ինքնաթիռը, ինչպես նաև «Չինուկ» և «Կոբրա» ուղղաթիռները։ Անդրադառնանք նաև «Ալֆա Ռոմեո» կորպորացիային, որը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում կրկին հայտնի է որպես մեքենաշինական ընկերություն, բայց այն շատ մեծ դերակատարություն ունի իտալական ռազմական արդյունաբերության մեջ և արտադրում է շարժիչներ։ «Էյր Իտալիան», որն արդեն արտադրում է F204 տիպի նորացված ամերիկյան ռազմական ինքնաթիռներ և «Աուգուստա» ընկերությունը, որն արտադրում է ռազմական ուղղաթիռներ։

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմական տեխնիկա գնելու առումով նոր ծիլեր տվող համագործակցությունը չեզոքացվի, որովհետև մեզ համար՝ Հայաստանի և Արցախի համար մեծ վտանգ է ներկայացնում։ Քիչ է, որ Ադրբեջանը գնում է ժամանակակից ռուսական և իսրայելական ռազմական տեխնիկա, հիմա նրանց կարող է միանալ Իտալիան։ Հիմա Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև մեր Սփյուռքը, մեր դեսպանությունները Հռոմում և Վատիկանում ամեն ինչ պետք է անեն, որպեսզի չեզոքացնեն այս վտանգը, որովհետև, իրոք, իտալական ռազմական տեխնիկայի հայտնվելը Արցախի հակամարտության գոտում, մեզ համար ոչ մի լավ հետևանք չի կարող ունենալ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031