Լրահոս
Օրվա լրահոսը

«Վա՛յ, ես նրա հետ հաց եմ կերել, ո՞նց գնամ նրան ստուգեմ». Թեւան Պողոսյանը՝ պատգամավորների՝ «կոմպլեքսների» մասին

Դեկտեմբեր 15,2017 14:39

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միջազգային սեմինար էր կազմակերպել՝ Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմայով:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը հարցրեց՝ խորհրդարան-բանակ-քաղհասարակություն եռանկյունու մեջ կարեւոր է, թե որքանով է մեկը մյուսին թույլ տալիս նախաձեռնությամբ հանդես գալ եւ որքանով է դա դառնում որոշումների մաս: Երբ ենք մենք խոսելու, թե այսինչ որոշումը եկել է քաղհասարակության պահանջից: Նա նաեւ հետաքրքրվեց՝ ՀՀ-ում կա այսպիսի խնդիր՝ մի կողմից կա կարծիք, որ խորհրդարանականները ավելի հմուտ չեն այս ոլորտում, քան զինվորականները, մյուս կողմից կա մեր խորհրդականների այն կոմպլեքսը, որ մենք չենք կարող զինված ուժերին վերահսկել, քանի որ նրանք մեզանից շատ ավելի լավ են հասկանում: Ինչպե՞ս հաղթահարել այս կարծրատիպը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ իսկապես շատ կարեւոր է խորհրդարան-բանակ-հասարակություն եռանկյունու կապը: Նա ասաց, որ քաղհասարակությունը ազատ է ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալ, որոնք պետք է համակողմանի քննարկվեն խորհրդարանական հարթակում: Նա ասաց, որ միշտ բաց են՝ նման նախաձեռնությունները քննարկելու համար:

Նահապետյանն ասաց, որ հաշվի են առնում քաղհասարակության կարծիքները եւ օրենքները ընդունելիս անպայման կարեւորում են դրանք: Բայց դա չի նշանակում, որ նրանց ամեն առաջարկ պարտադիր պետք է ընդունվի. «Ինչ վերաբերում է թերարժեքության բարդույթին, առաջին հայացքից կարող է նման թյուրըմբռնում լինել, որ խորհրդարանը ոչ պրոֆեսիոնալ է կամ ունի պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիր»: Նահապետյանն ասաց, որ Սահմանադրությամբ ամրագրված է եւ պետք է իրականացնեն իրենց գործառույթը՝ վերահսկելու: Շատ կարեւոր է վստահությունը, գործընկերությունը այդ հարաբերություններում բոլոր սուբյեկտների միջեւ: Նա ասաց, որ պարտադիր չի եւ պետք չի, որ խորհրդարանականները փայլուն տիրապետեն զինվորականների գործին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանն ասաց, որ պետք է սիրել նախ աշխատանքը եւ իմանալ հանուն ինչի ես անում: Հետո պետք է քաղաքացի դաստիարակել, չպետք է ասել՝ վա՛յ, ես նրա հետ հաց եմ կերել, ո՞նց գնամ նրան ստուգեմ:

Իսկ անվտանգության փորձագետ Ֆիլիպ Ֆլյուիի խոսքով՝ եթե դու միջատաբան ես, ենթադրվում է, որ դու ամեն ինչ գիտես բզեզների մասին եւ ոչինչ՝ ԶՈՒ-ի մասին: ԶՈւ-ն պետք է հասկանա, որ խորհրդարանական վերահսկողությունը, ուղղորդումը որեւէ բան չի խլում նրանից, տալիս է նրանց իրավաչափություն, թափանցիկություն, հաշվետվողականություն: Սա իրենք մենակ չեն կարող ձեւավորել: Անհրաժեշտ է, որ ԶՈՒ-ն հասկանա եւ չասի՝ «դուք՝ խորհրդարանականներդ, չեք հասկանում»: Կա մշտական գայթակղություն չարաշահել արտոնությունները, ժողովրդավարության պայմաններում այդպես չեն անում, պետք է, որ դուք հստակ լինեք, հստակ բացատրեք, թե ինչպես է ժողովրդավարությունն աշխատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031