Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանը, որը տաքսու վարորդ է, դիմում է ոստիկաններին, դատախազին, դատարան

Դեկտեմբեր 18,2017 13:30

«Անցյալ տարվա դեկտեմբերին Կենտրոն վարչական տարածքում մի անբարոյական աղջկա միջոցով իմ մեքենայի մեջ փորձել են թմրանյութ գցել: Ես ճանաչում եմ այդ աղջկան: Դա ԱԺ նախկին պատգամավորի մտերիմներից է: Այդ կապակցությամբ ահազանգել եմ ոստիկանության հերթապահ մաս: Փետրվարին ինձ կանչել են Կենտրոնի ոստիկանության բաժին, սպառնացել են, որ չշարունակեմ բողոքներս, ծեծի են ենթարկել, ստիպել են, որ գրեմ շնորհակալ եմ բաժնի պետից, իսկ «հայտնի մարդու» մտերմի վերաբերյալ իբր շփոթել էի»:

«Առավոտում» տարբեր իրավապահ մարմիններ դիմած ոստիկանության նախկին աշխատակից Կարեն Խաչատրյանն է ու նրա բողոքները:

Այդ բողոքներից մեկը Արաբկիր վարչական շրջանի ոստիկանությանն է ուղղվել: Այդ տարածքում դարձյալ աղջկա միջոցով նրա կայանված մեքենայի մեջ թմրանյութ գցելու մասին է:

Ըստ զրուցակցիս, Արաբկիրի ոստիկանության բաժինը նույնպես մատը մատին չի խփել:
Կարեն Խաչատրյանը մի այլ ահազանգի մասին էլ է գրել, հաղորդում հանցագործության մասին, թե ինչպես այս տարվա ապրիլին իր տաքսի մեքենան է նստել թմրանյութի ազդեցության տակ մի կին, որն ամբողջությամբ մերկացել է եւ «սեռական հարաբերություն առաջարկել իրեն»:

Ըստ հաղորդում տվածի, այդ կինը աշխատում է ԱԺ-ում:
Զրուցակիցս հայտնում է, թե ինքը նկարել է թմրանյութի տակ գտնվողի «ստրիպտիզը»:
Սակայն այս առթիվ էլ քրեական գործ չի հարուցվել:

Հոկտեմբերի 3-ին Երեւան քաղաքի դատախազը որոշում է կայացրել Կենտրոնի բաժնում նախապատրաստած նյութերով քրեական հետապնդում չիրականացնել, քրեական գործ չհարուցել «բռնաբարության սադրանքի» կապակցությամբ:

Ի դեպ, դատախազի որոշման մեջ կա տեղեկություն այն մասին, որ սադրանք հրահրած կինը կանչվել է բաժին: Նա ցուցմունք էր տվել, թե ինքնազգացողությունը վատացել է, նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, վարորդին խնդրել էր վարել այնքան ժամանակ, մինչ ինքնազգացողությունը լավանա.
«Տաքսու վարորդը պահանջել է իջնել մեքենայից, սակայն գիտակցությունը մթագնել է, եւ չի հիշում, թե դրանից հետո ինչ է պատահել: Երբեւէ թմրանյութ չեմ օգտագործել, տաքսու վարորդին սեռական հարաբերություն ունենալու առաջարկ չեմ արել»:
Ի՞նչ նպատակ ունեն իր դեմ նման սադրանքներ անելու, «Առավոտի» հարցին էլ Կ. Խաչատրյանը պատասխանում է, թե այս ամենի թիկունքում կանգնած է ոստիկանության չորրորդ վարչության, համակարգից երկու անգամ հեռացված մի աշխատակից:
Հոր սպանությունից հետո, ըստ Կ. Խաչատրյանի, փորձ են անում լռեցնել իրեն, որպեսզի տիրանան իր ունեցվածքին:

Կ. Խաչատրյանը վերաքննիչ դատարանի նախագահին ուղղված նամակում գրում է, թե առկա է քրեական գործ, որը կասեցվել է, եւ խնդրում է հայտնաբերել իր մեքենայի մեջ թմրանյութ գցող, ապա իրեն անբարո առաջարկներ արած կանանց, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ի դեպ, բողոքների մեջ էր նաեւ անցյալ տարվա փետրվարի 17-ին Կենտրոնի դատախազ Ն. Խաչատրյանի «Քրեական գործով վարույթը կասեցնելու մասին քննիչ Ս.Նազարյանի 02.02.2016թ. որոշման դեմ բողոքն ամբողջությամբ մերժելու մասին» որոշումը:
Նշյալ որոշման մեջ քննիչն անդրադառնում է Կարեն Խաչատրյանի դիմում-բողոքին, ուր բողոքաբերը հայտնել էր, թե համաձայն չէ քննիչի որոշման հետ, քանի որ «ակնհայտ է հանցագործը»՝ «իր եղբայրը», որը փորձել է «սպանել իրեն՝ շաքարի մեջ դեղորայք լցնելով», իսկ քննիչն էլ չի կատարել առերես հարցաքննություն իր եւ այլ հանցագործություններ կատարած «եղբոր» հետ: Խոսքը, մասնավորապես, եղբոր կողմից իր ծննդյան վկայականի եւ ծնողների ամուսնության վկայականների բնօրինակների հափշտակությանն է վերաբերում, գումար եւ հիսուն զույգ կոշիկները գողանալուն:
Կարեն Խաչատրյանի բողոքները լսվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դեռեւս անցյալ տարվա ապրիլի 7-ին դատարանն ավարտված է համարել քննիչի եւ դատախազի որոշման դեմ բերված Կ. Խաչատրյանի բողոքների քննությունը եւ որոշել է ամբողջությամբ դրանք մերժել:

Որոշման պատճառաբանական մասում դատարանն արձանագրել էր, որ բողոքաբերը հայտնել է, թե իր նկատմամբ կատարվել են ծանր հանցագործություններ՝ սպանության փորձ, գողություններ, գույքի ոչնչացում:

Դատարանն անդրադարձել է իրավակիրառական պրակտիկային, նախադեպերին, որոնք կապված են մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությանն ու անձի սահմանադրական իրավունքների ու ազատության պաշտպանության ազատությանը:
Դատարանը գնահատել է որպես վկա հարցաքննված բողոքաբերի վկայությունը: Ռ. Խաչատրյանը հայտնել էր, թե որեւէ գողություն չի կատարել, եղբայրը բնակվում է իրենց հայրական տանը, հայրը մահացել է ինֆարկտից, եւ ոչ թե սպանվել է, ինչպես պնդում է Կարենը: Այս կապացությամբ նույնպես կար հաղորդում՝ հանցագործության մասին, որը հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է:

Նախաքննությունն իրականացրած մարմինն էլ հայտնել էր, թե քննություն է տարվել բնակարանից փաստաթղթերի եւ գույքի հափշտակության դեպքերին. «Նախաքննության մարմինը գտել է, թե նշված հանցանքը կատարվել է այլ անձի կողմից, որի ինքնությունը նախաքննության մարմինը չի կարողացել պարզել, ուստի որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին»:

Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, հանցագործություն կատարվել է, եւ վարույթն իրականացնող մարմինն այդ փաստը չի ժխտել:

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ս.Համբարձումյանի նախագահությամբ, Կ. Խաչատրյանի բողոքը մերժել է, արձանագրելով, որ քննիչի եւ դատախազի որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, դրանցով անձի իրավունքների կամ ազատությունների խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել:

Կ. Խաչատրյանն ասում է, թե մինչ օրս սադրանքները շարունակվում են եւ որ իր անձին վտանգ է սպառնում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031