Լրահոս
Օրվա լրահոսը

«Լյուստրացիաների» տեսակները

Դեկտեմբեր 22,2017 10:09

«Լյուստրացիա» բառն ունի իր բուն իմաստը` «մաքրազարդում», պետականորեն գործած հանցանքների ընդունում եւ դրանք չկրկնելու երաշխիքների ստեղծում: Լյուստրացիայի մեղմ, զուտ բարոյական պատասխանատվություն ենթադրող տարբերակը գուցեեւ ընդունելի է: Կարծր տարբերակը, երբ մենք փորձում ենք «հաշիվներ մաքրել»՝ միմյանց ինչ-ինչ բաների մեջ մեղադրելով, ինձ թվում է, ավելորդ լարում է առաջացնում  հասարակության մեջ: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, մերժում է անգամ մեղմ տարբերակը, եւ ներկայումս այդ երկրի Անվտանգության դաշնային ծառայության պետը բացահայտորեն արդարացնում է ստալինյան բռնաճնշումները, որոնց զոհ դարձան միլիոնավոր անմեղ մարդիկ: Այսինքն՝ ըստ ժամանակակից Ռուսաստանի անվտանգության ղեկավարի, այդ միլիոնավոր գնդակահարված կամ «Գուլագում» խոշտանգված մարդիկ իսկապես արտասահմանյան լրտեսներ էին, «տրոցկիստներ» եւ վնասարարներ: Չի՛ ստացվում Ռուսաստանում խաչ քաշել անցյալի չարագործությունների վրա: Ցավալի է, բայց դա, ի վերջո, իրենց գործն է:

Բայց «լյուստրացիա» բառն ունի նաեւ այլ իմաստներ: Հայկական ֆեյսբուքում, օրինակ, «լյուստրացիա անել» նշանակում է բացահայտել հասարակության մեջ «բարեկամների» եւ «թշնամիների»: Այդ «բացահայտման» ամենապարզունակ ձեւը հետեւյալն է: Գրում ես մի «ստատուս», որը որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին թունդ հայհոյանք է պարունակում, եւ ավելացնում ես՝ ով որ տակը «խաչ» դրեց, «պայքարող տեսակ է» եւ «ապագա պայծառ Հայաստանի կերտող», ով չդրեց՝ «ռեժիմի սպասարկու է»: Եվ հետո, երբ մեկնաբանությունների «պատկառելի» պաշար է հավաքվում, եզրակացնում է՝ «ահա ձեզ բնական լյուստրացիա»: Այնինչ այն՝ իրական լյուստրացիան, կոչված է ոչ թե բաժանել, այլ միավորել մարդկանց՝ անցյալի մեղքերից մաքրելով:

Այդ իմաստով  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես «լյուստրացիա» է անում: Ընդունում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ավելի քան վիճահարույց որոշում եւ հետո սպառնում՝ դրան դեմ երկրներին մենք մեր փողերից կկտրենք: Իրականում երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Թրամփի սպառնալիքներից վախեցավ մի քանի երկիր, եւ Միացյալ Նահանգների կողքին հայտնվեցին այնպիսի պետություններ, ինչպիսիք են Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Հայկական իմաստով պետությունների «բնական լյուստրացիան» չհանգեցրեց շատ տպավորիչ արդյունքների:

«Լյուստրացիա» բառն իր ծագումնաբանությամբ լուսավոր, պայծառ բան է նշանակում:  Այն կապ չունի մարդկանց մթին բնազդների հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Կարծր տարբերակը, երբ..” սխալ է հնչում՝կգրեի կոշտ տարբերակ: Ով համաձայն է՝թող համաձայնվի, ով չէ՝ ուրեմն չէ: Թեթևոտ լյուստրացիա կամ մաքրազարդում, պանիմաեշ:

  2. մարդամեկ says:

    Պետք է նախ Իլլյուստրացիա անել, հետո իլլյումինացիա եվ հետո նոր կարելի է ասել որ Լուստրացիան հնարավոր է աշխատի . Թե չէ մենակ Լուստրացիան անիմաստ ժամանակի կորուստ է. իցտեսություն ձեզ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031