Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ճվճվ Արոն Վարդենիսցի Լյովին կանչել իր հիվանդասենյակ. «1in.am»

Հունվար 17,2018 21:44

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց Լևոն Մեսրոպյանը՝ Վարդենիսցի Լյովը: Նա ասաց, թե ամբաստանյալներից՝ Պետրոս Իսրայելյանին՝ «Չարբախցի Գեղամին» ճանաչում է շուտվանից:

2016 թվականի հոկտեմբերին վկային զանգել է նրա ծանոթներից՝ Արոն, նույն ինքը՝ Ճվճվ Արոն, ասել է, թե պառկած է հիվանդանոցում:

Վարդենիսցի Լյովը շտապել է նրան տեսակցության: Լյովի հետ է եղել նաև «Չարբախցի Գեղամը»:

Ճվճվ Արոն Լյովին հարցրել է՝ ճանաչո՞ւմ է վարդենիսցի Վահագնին: Վկան ասաց, որ Վարդենիսը փոքր քաղաք է, ինքը հասկացել է, որ խոսքը Վահագն Մանուկյանի մասին է:

Ճվճվ Արոն ասել է, թե այդ Վահագնը ժամանակին իրենից պարտքով գումար է վերցրել, 18 հազար դոլարը վերադարձրել է, մնացել է 2 հազար դոլարը: Քանի որ ինքը հիվանդանոցում է, իրեն գումար է պետք, Վահագնն այդ փողը պետք է վերադարձնի:

Վարդենիսցի Լյովն ասել է, թե կփոխանցի Վահագնին, «խնդիր չկա»:

Երբ դուրս է եկել հիվանդասենյակից, իր հետևից դուրս է եկել նաև Մուշեղը՝ Մուշեղ Մուշեղյանը: «Նրան էլ սովորական ճանաչում էի»,- ասաց վկան: Մուշեղն ասել է, թե Արոն հիվանդ է, նրան գումար է պետք, իսկ Վահագնի պարտքն էլ ոչ թե 2, այլ 20 հազար դոլար է:

Վարդենիսցի Լյովը գնացել է Վարդենիս, բարեկամների միջոցով «խաբար է արել» Վահագն Մանուկյանին, որ Արոն պարտքը պահանջում է՝ «Գնա Արոյին տես՝ հիվանդանոցում պառկած ա»:

Վկան ասաց, որ նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահի ներքնահարկում կատարվածից միայն գիտի, որ երկու հոգի մահացել են: Վկան նշեց. «Ես ստեղ չէի, Ռուսաստանում էի, հիմա էլ հիվանդանոցում պառկած եմ, հիվանդանոցից եմ էկել»:

Պատասխանելով հարցերին՝ վկան ասաց, որ ինքը «Չարբախցի Գեղամի» անուն-ազգանունը չգիտի:

Վկան նշեց, որ տեղյակ չէ՝ դեպքից առաջ Վահագն Մանուկյանը «Չարբախցի Գեղամին» հանդիպե՞լ է, թե՞ ոչ. «Նա Արոյին պտի տենար…»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am» -ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031