Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխության պահանջ այս պահին չկա». Լենա Նազարյան

Հունվար 18,2018 16:01

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ի պատասխան իրենց նախաձեռնած՝ հունվարի 19-ին անցկացվելիք ընդդեմ թանկացումների երթի առիթով հնչող  քննադատություններին, հիշեցրեց, որ վերջին տարիներին բոլոր սոցիալական խնդիրներն ի վերջո լուծվել են հասարակական ճնշման արդյունքում:

Տեղեկացնենք, որ վաղն ընդդեմ թանկացումների երթը կկազմակերպվի ժամը 17.00-ից Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքից:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիները մասնակցել են նման բողոքի երթերի, խնդիրները լուծվել են: Նա օրինակ բերեց 100 դրամների պայքարը, «Դեմ եմ» շարժումը, «Էլեկտրիկ Երևանը»: Պարոն Գորգիսյանը վրդովվեց, թե ամեն ինչ տանում է շատ լուրջ սոցիալական ճգնաժամի, և կառավարությունը որևէ բանով չի ուզում քաղաքացիների խնդիրները լուծած լինել. «Փոխանակ կառավարությունն, իշխանությունը որևէ բան աներ մեղմելու իրավիճակը, հիմա բեռը դնում են քաղաքացիների վրա. օրինակ՝ ակցիզային հարկերի դրույքաչափերի փոփոխություն, որը բերում է բենզինի գնի աճի: Այսինքն՝ ամեն ինչ թանկանում է, և որևէ աշխատավարձի կամ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում»:

Գևորգ Գորգիսյանն այս իրավիճակի առաջացման պատճառ է համարում նաև այն, որ գործարարները պետք է ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ծախսած փողերը հետ բերեն. «Գործարարները ժամանակին ՀՀԿ-ի համար շատ-շատ ձայն են բերել, աջուձախ փող բաժանել: Ուստի ՀՀԿ-ն չի կարող ասել, որ հիմա այդ ամենից հետո հարկ պետք է մուծեք: Հենց դրա համար ամբողջ բեռը դրվում է ժողովրդի վրա: Եթե ժողովուրդը չի ընդվզում, ստեղծվում է իրավիճակ, երբ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե բենզինը թանկանում է գազ դրեք, կարտոֆիլը թանկացել է, խառը կանաչի կերեք: Քանի դեռ չկա հասարակական պահանջը, այսպես շարունակվելու է»:

«ԵԼՔ» խմբակցության պատգամավորները հստակեցրին՝ իշխանափոխության պահանջ այս պահին չկա, քանի որ այդ պահանջը չի դրել հասարակությունը: Գևորգ Գորգիսյանը հավաստիացրեց, որ իրենք խորհրդարանում ամենօրյա ռեժիմիով, քրտնաջան աշխատանքով պայքարում են իշխանության դեմ:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այս առիթով պարզաբանեց. «Հիմա իշխանափոխության պահանջ չկա. մարդիկ դուրս չեն եկել փողոց ու չեն գոչում իշխանափոխություն: Եթե նման բան լինի, մենք դուրս կգանք փողոց, մեր գրասենյակում նստած չենք մնալու: Հիմա կոնկրետ նպատակով ենք մարդկանց երթի հրավիրում, և նրանցից է կախված շարունակությունը»:

«ԵԼՔ» խմբակցության պատգամավորը վստահեցրեց՝ իրենք անգամ կոչ չեն անում սատարել «ԵԼՔ»-ին, քանի որ սա խնդիր է, որը վերաբերում է բոլոր քաղաքացիներին. «Այս հարցը բոլորին է  վերաբերում, ամեն մեկը գալով երթի՝ գործելու է առաջին հերթին իր համար: Մենք որպես քաղաքական ուժ հարթակ ենք ստեղծում, հնարավորություն տալիս մարդկանց օգտվել այս առիթից և բողոքել թանկացումների դեմ: Այս բողոքը, բնականաբար, ուղղված է իշխանություններին՝ ՀՀԿ-ին, ԱԺ մեծամասնությանը, որոշում կայացնողներին»:

Արձագանքելով այն հիշեցմանը, թե մյուս քաղաքական ուժերն այդպես էլ չարձագանքեցին իրենց կոչին, Լենա Նազարյանը վստահեցրեց՝ երթի հաջողությունն ամենևին էլ կախված չէ նրանից, թե քանի քաղաքական գործիչ է դրան մասնակցում. «Թեև Ծառուկյան խմբակցությունից նման հայտարարություն է հնչել, բայց դա չի նշանակում, որ անհատները չեն կարող մասնակցել այդ երթին: Իսկապես, սա վերաբերում է բոլորին՝ անկախ քաղաքական նախընտրություններից: Մյուս կողմից էլ քաղաքական գործիչների թվով չէ պայմանավորված երթի հաջողությունը: Գուցե այս պարագայում ինչքան քիչ քաղաքական գործիչ, այնքան լավ: Երթի հաջողությունը պայմանավորված է քաղաքականապես ակտիվ և թանկացումների պատճառով տուժած քաղաքացիների թվով, իսկ այդպիսիք շատ են»: Լենա Նազարյանն ընդգծեց՝ իրենք որպես քաղաքական ուժ ի զորու են ինքնուրույն՝ առանց այլ քաղաքական գործիչների օժանդակության կազմակերպել, պատասխանատվություն կրել և առաջնորդել այդ երթը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031