Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը վկա է մի քանի քրեական գործերով՝ կրկին որպես «կաշառք տվող»

Հունվար 20,2018 15:00

Հատուկ քննչական ծառայությունը երկու օր առաջ հաղորդագրություն տարածեց Վահե Ախոյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելու մասին:
Մինչդեռ, քրեական գործը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում է անցյալ տարվա նոյեմբերից, ուր եւ տեղի է ունեցել մի քանի նիստ:
Դատավոր Արթուր Մկրտչյանը փետրվարի 1-ին էլ նշանակել է հերթական՝ թվով երրորդ նիստը:

ՀՔԾ-ն տեղեկացնում է. «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավար Վ. Ախոյանը խարդախության համար 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` նույն հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքեր ստեղծելու` մասնավորապես, չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու համար դատապարտյալից, նրա կնոջից ու մորից պահանջել է խոշոր չափերով՝ 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջիններս համաձայնել են: 12.09.2015թ.-ին Ա. Մանուկյանի կինն անձամբ Վ. Ախոյանին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց` վերջինիս միջնորդությամբ, Ա. Մանուկյանը ներգրավվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում: Բացի այդ, Վ. Ախոյանը Ա. Մանուկյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կեղծ խոստումներ տալով` առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վերջինիս ու նրա մորը դրդել է իր միջոցով 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող պաշտոնատար անձին: Կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո դատապարտյալի մայրը 1.10.2015թ.-ին Վ. Ախոյանին է փոխանցել նրա պահանջած 50.000 ԱՄՆ դոլար գումարից 700 ԱՄՆ դոլարը, որը, սակայն, ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը որեւէ պաշտոնատար անձի չի տվել, այլ խաբեությամբ հափշտակել է այն»:

Մեղադրանքն այս գործով պաշտպանում է Վարդգես Սարգսյանը, իսկ պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդգար Արամյանը:

Ըստ պաշտպան Է. Արամյանի, 2017 թվականի ապրիլի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

2017 թվականի հունիսի 2-ի որոշմամբ Վահե Ախոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեկ այլ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Գործի նյութերի համաձայն, 2015թ. սեպտեմբերի 12-ին, Վահե Ախոյանը նախապես պայմանավորված լինելով, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի՝ Մաշտոցի պողոտայի 5-րդ հասցեում գտնվող «Փակ շուկա» սուպերմարկետի դիմաց հանդիպել է Ալեն Մանուկյանի կնոջը՝ Լոլիտա Մանուկյանին, նրանից անձամբ ստացել է կաշառքը:
«2017 թվականի հոկտեմբերի 16-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ախոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերի կաշառք տալու վերաբերյալ հարուցված թիվ 62207617 քրեական գործից անջատել Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործը: Գործն անջատելու որոշումից պարզ չէ, թե թիվ 62207617 քրեական գործից ո՞ւմ վերաբերյալ է գործ անջատվում եւ արդյոք նշված անձինք կապ չունե՞ն Վ.Ախոյանի վերաբերյալ քրեական գործի հետ: Նախաքննության ընթացքում Ժ. Մանուկյանի, Ա. Մանուկյանի եւ Լ.Մանուկյանի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներ չեն կայացվել, ավելին՝ վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ Ժ. Մանուկյանը 2017 թվականի հոկտեմբերի 10-ին լքել է ՀՀ սահմանը եւ մեկնել ԱՄՆ»,-«Առավոտին» ուղարկված գրությամբ տեղեկացնում է պաշտպան Է. Արամյանը:

Ըստ նրա՝ խախտումներն ակնհայտ են:

«Դատելով Վ. Ախոյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ գործն անջատելու որոշումներից՝ պարզ է դառնում, որ նախաքննության ընթացքում Ժենիկ, Ալեն եւ Լոլիտա Մանուկյանների նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը պետք է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացներ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար, սակայն չի արել եւ փաստացի վերջիններիս ապօրինի ազատել է քրեական պատասխանատվությունից: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով գործն անջատելը կանդրադառնա Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործի վարույթի օբյեկտիվության եւ լրիվության վրա, քանի որ սույն քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել փաստական տվյալներ դատապարտյալի հարազատների՝ Ժենիկ, Ալեն եւ Լոլիտա Մանուկյանների կողմից Վ. Ախոյանին կաշառք տալու մասին, ինչը արծարծված է Վ. Ախոյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ, հետեւաբար, վերջիններիս նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու որոշում պետք է կայացվեր Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործով»,-հայտնում է պաշտպանը:

Պաշտպանի կարծիքով, գործն անջատելու որոշումից պարզ չէ, թե Վ. Ախոյանի գործը անջատելուց հետո վարույթն իրականացնող մարմնի վարույթում ինչ քրեական գործ է շարունակել քննվելու, այնուամենայնիվ, քրեական գործի նյութերից պարզ է, որ քննվող քրեական գործով անցնելու են նաեւ Ժենիկ, Ալեն եւ Լոլիտա Մանուկյանները եւ վերջիններիս արարքներին իրավական գնահատական է տրվելու Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռ կայացնելուց հետո. «Նշված քայլով վարույթն իրականացնող մարմինը խտրական վերաբերմունք է ցուցաբերել վերջիններիս նկատմամբ եւ վերջիններիս ապօրինի ազատել է քրեական պատասխանատվությունից»:

Պաշտպանական կողմը նշում է, որ դատապարտյալ Ա. Մանուկյանը ՀՔԾ-ում քննվող մի քանի քրեական գործերով նույնպես վկա է, կրկին որպես «կաշառք տվող»»: Մասնավորապես, «Հրազդան» ՔԿՀ աշխատակից Էդգար Ասատրյանի գործով, որը մեղադրվում է Ա. Մանուկյանից կաշառք պահանջելու եւ պաշտոնեական կեղծիքի մեջ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

19.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031