Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժացրեք պահը, քանզի այն ամենաիրականն է և չկրկնվող…

Հունվար 20,2018 00:05

Ժամանակի անվերջ առանցքի վրա պահը մի ակնթարթ է և հաջորդ ակնթարթին նրան արագ փոխարինում է նոր պահը ու այսպես ժամանակն անընդհատ հոսում է, ստեղծելով պահերից բաղկացած անվերջ բազմություն: Այդ պահերից ցանկացածն իր խորհուրդն ունի և այն ինչ կատարվում է այդ ակնթարթում, այլևս երբեք չի կրկնվում, եթե նույնիսկ խոսքը գնում է հաջորդ ակնթարթում տեղի ունեցած հար և նման նույնատիպ երևույթի մասին, քանզի այդ երևույթն իր մեջ արդեն կրում է ժամանակի հաջորդ ակնթարթը, որն էլ արդեն ինքնին փոփոխություն է: Այն, ինչ կատարվում կամ իրականացվում է ժամանակի տվյալ պահին, դա արդեն կատարված իրողություն է և անկախ նրա ցանկալի, թե ոչ ցանկալի, դրական, թե բացասական, սպասվող, թե չսպասվող, … հանգամանք լինելուց, այն պետք է արձանագրել որպես տեղի ունեցած փաստ և նույն կերպ արձանագրել ու պահպանել որպես պատմական, ժամանակագրական, … ու այլ տիպի իրադարձություն կամ փաստ:

Պահը և ակնթարթ է, և չափազանց տարողունակ՝ բազմապիսի շատ իրադարձությունների կիզակետ, որտեղ ֆիքսվում և արտապատկերվում են բազմաթիվ ու բազմապիսի իրավիճակներ, որոնք ինչպես արդեն նշվեց, անկրկնելիության առումով անհրաժեշտ է պահպանել: Պահը միշտ էլ որոշիչ է, քանզի պահի ընթացքում տեղի ունեցածը կարող է բազմաթիվ ճակատագրեր փրկել կամ ընդհակառակը, կարող է դրանք կործանել: Այն շատ հաճախ կարող է նաև ճակատագրական դեր խաղալ անգամ ամբողջ մարդկության համար: Պահը շատ ավելին է, քան ակնթարթը, քանի որ ակնթարթն արագ ավարտվում է, իսկ պահը կարող է երկար տևել, երբեմն թվալով անվերջանալի: Այն, ինչ ծնում է պահը, երբեմն երկար ժամանակահատվածը կարող է դրա մի չնչին մասն անգամ չտալ: Պահը անկասելի է և անկանխատեսելի ու նրա խորհուրդներից մեկն էլ կայանում է հենց դրանում: Եթե պահը բաց է թողնվում, ապա այն անհնար է ետ բերել և այդ առումով պետք է չափազանց զգոն լինել, որպեսզի պահը ճշգրիտ և օպերատիվորեն օգտագործվի, քանզի այն միշտ ենթադրում է որոշակի շարունակություն: Պետք է պահը ի հնարավորին կատարյալ արձանագրել և ճշգրիտ գնահատել, որպեսզի նրա հետևանքները մեծագույնս հասնեն՝ մոտ լինեն ցանկալիին, այլապես հնարավոր չի լինի ճիշտ կառավարել և ազդել ինչպես հետևանքների, այնպես էլ հաջորդող պահերի վրա: Երբեմն, պահի ընթացքում կարելի է անել և արվում է այն, ինչ չի հաջողվում անել տարիների ընթացքում: Պահը նաև վճռորոշ է ու ճակատագրական, քանզի այդ պահին տեղի ունեցածն է վճռում հետագա շատ իրադարձությունների ելքը: Պահը պետք է հավերժացվի, քանզի այն այնքան արագ և հեշտորեն կկորչի, կարծես, թե չի էլ եղել: Պահը կարող է անգամ երկնել արվեստի այնպիսի գլուխգործոց, որն այլ հանգամանքների պարագայում, միգուցե և հազարամյակների ընթացքում չծնվեր: Ասենք օրինակ, որևէ բնական աղետի արդյունքում, արվեստի բազմաթիվ շեդևրների կործանմանը զուգահեռ, կարող է բնական ճանապարհով ծնվել՝ ձևավորվել արվեստի այնպիսի նոր շեդևրը, ասենք՝ մի քանդակ, որը գուցե և հնարավոր չլիներ քանդակել հազարամյակների ընթացքում: Պահը անբացատրելի է և շատ հաճախ դրա ընթացքում կարող են տեղի ունենալ այնպիսի իրադարձություններ, որոնց բացատրությունը հետագայում ևս հնարավոր չլինի տալ: Պահը ժամանակի առանցքի մի բաղկացուցիչ է, որը սակայն շատ հաճախ ոչ մի ընդհանրություն չի ունենում այդ նույն առանցքի հետ: Պահը հաճախ անհասանելի է, ինչպես օրինակ, մարդկային շատ երազանքներ այդպես էլ մնում են անկատար: Պահերի միաձուլումը ոչ միշտ է տալիս ժամանակային շարունակականություն՝ անընդհատություն: Այն շատ հաճախ խզված պատկեր է ունենում: Սա ևս մեկ անգամ հավաստում է, որ պահը երբեք չի կրկնվում և լավագույն դեպքում այն կարող է ընդամենը նմանակվել: Պահի ուժն այնքան զորեղ է, որ կարող է նույնիսկ աշխարհը տակնուվրա անել, ընդհուպ մինչև կործանում: Պահը, երբեմն, անվերջանալի է թվում և կարծես իր մեջ կրում է նաև հավերժության որոշակի սինդրոմ:

Եթե պահը չհավերժացվի, ապա այն անհետ կկորչի և կստացվի, որ ժամանակի այդ պահը դատարկ մնաց: Եվ նման մոտեցման դեպքում, պահերի հաջորդականությունը՝ բազմությունը ևս դատարկ կլինի, որը կկոչվի ոչ այլ ինչ, քան անիմաստ ու դատարկ կյանք: Հենց միայն բնության և տիեզերքի արարման պահի հավերժացումը բավական է հասկանալու պահի հավերժացման գերկարևորությունը, որի արգասիքը ոչ ավելի, ոչ պակաս բնության ու տիեզերքի առկայությունն է, առանց որոնց կյանք լինել չի կարող: Պահի հավերժացմանն այլընտրանք չկա…

Պահը կարոտ է, սեր է,…, կյանք է և եթե չի հավերժացվում այն ու դատարկ է մնում, ապա դատարկ է դառնում նաև կյանքը…

Պահը խտացված գույների շտեմարան է և հավերժություն…

Պահն ամեն ինչ է…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031