Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը հավաստիացնում է, որ Հայաստանում բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայր է. «ՌԻԱ Նովոստի»

Հունվար 22,2018 22:30

Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն է տվել Հայաստանին զգալիորեն ընդլայնել հնարավորությունները տնտեսության համար, այժմ Հայաստանն ակտիվորեն մշակում է նոր հնարավորություններ Չինաստանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ պետությունների հետ համագործակցելու համար, հայտարարել է երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա պատմել է, որ Հայաստանը պատրաստվում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար, և թե կոնկրետ ինչ նախագծերում ներդրում կկատարի ռուսական բիզնեսը «Հայաստանի ներդրողների ակումբ» ճանապարհային քարտեզի շրջանակում:

– Ի՞նչ արտոնություններ Հայաստանը կարող է առաջարկել ռուս ձեռնարկատերերին՝ հաշվի առնելով երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, առևտրային առավելությունների ռեժիմը Եվրամիության հետ և Իրանի հետ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը:

– Այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է հաճախ անկանխատեսելի համաշխարհային փոփոխություններին: 2017թ. վերջնական տվյալները կհրապարակվեն այս ամիս ավելի ուշ, սակայն արդեն հիմա կարող եմ վստահությամբ ասել, որ տնտեսական աճը կլինի ավելի շատ, քան մենք նախատեսում էինք 2016թ.:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դրա տրամաբանությունը մեզ համար շատ հասկանալի և պրագմատիկ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է մեր տնտեսական սահմանները՝ ստեղծելով ընդգրկուն, մոտ 180 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների: ԵԱՏՄ շրջանակում ակտիվորեն մշակվում են Չինաստանի Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը թույլ կտա Հայաստանին դառնալ մեկնարկային հարթակ ռուս ձեռնարկատերերի համար՝ նոր շուկաներ գտնելու ճանապարհին:

Մենք առևտրի արտոնությունների ռեժիմ ունենք ԱՄՆ-ի, Կանադային, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ, խոսքը այսպես կոչած GSP-ի մասին է: Նաև Հայաստանն այն 10 երկրներից մեկն է, որն օգտվում է Եվրամիության GSP+ արտոնությունների ընդհանուր համակարգից, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններում ԵՄ արտահանել մեր երկրում արտադրված մոտ 6400 անուն ապրանք: 2018թ. հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Դա նշանակում է, որ սկսած 2018թ-ից՝ էլեկտրոնային համակարգում մեկ անգամ գրանցված կազմակերպություններն այլևս պարտավոր չեն լինի ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար ստանալ ծագման հավաստագրեր և կարող են ապրանքներ արտահանել ԵՄ՝ օգտվելով ոչ միայն մաքսատուրքերի զրոյական սակագնից, այլև ծախսել ավելի քիչ գումար հավաստագրերի վրա:

Անցյալ տարվա վերջին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, սկսեց գործել ազատ տնտեսական գոտի: Եվ մենք ենթադրում ենք, որ այդ ԱԶԳ-ն լավ հարթակ է ռուսական բիզնեսի և կապիտալի համար, որը շահեր ունի Իրանում: Մենք շատ բաց ենք այդ առումով (պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներդրման, այլև համատեղ ներդրումային համագործակցությամբ:

ԱԶԳ-ն նպատակ ունի նպաստել արտահանման ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ օտարերկրյա ներդրողներին ուղղակիորեն ներգրավելու և առաջատար տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով:

ԱԶԳ-ն, լինելով միակը ցամաքային ԵԱՏՄ-Իրան գոտում, թույլ է տալիս օգտվել 80 միլիոնանոց իրանական շուկայի հնարավորություններից՝ հիմքեր ստեղծելով համատեղ ձեռնարկությունների ձևավորման համար: ԵԱՏՄ երկրները, այդ թվում ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտում հնարավորություններից և Իրան արտահանել ապրանքների խոշոր խմբաքանակ, իսկ իրանական կողմը՝ արտոնյալ պայմաններով արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմ ԵՄ-ի, ընդհանուր սահման՝ Իրանի հետ, ինչպես նաև գրավիչ ներդրումային և բիզնես միջավայր՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու առկայության պարագայում իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արտադրությունների, Հայաստանի տնտեսական և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման համար:

– Արդյո՞ք Հայաստանը ներուժ ունի դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար: Դուք այդ ոլորտում խնդիրներ տեսնու՞մ եք: Եվ ինչպե՞ս են դրանք լուծվում (հաղորդվում էր, որ խնդիրներ կան՝ կապված ռուս-վրացական սահմանին անցակետերի պակասի հետ):

– Գյուղատնտեսության ոլորտը գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում, մեզ մոտ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված ժամանակակից եկամտաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսության ստեղծմանը. դա վերաբերում է և՛ նոր ինտենսիվ այգիների և ջերմոցների կառուցմանը, և՛ ոռոգման նոր կաթիլային համակարգին անցնելուն, և՛ գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրին, և՛ շատ մատչելի պայմաններով վարկերին, և, հակակարկտային պաշտպանության նոր համակարգերին, որն աստիճանաբար պետք է ընդգրկի ամբողջ հանրապետությունը: Բնական է, այս ամենը չի կարող չանդրադառնալ դեպի Ռուսաստան մեր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վրա, որը դինամիկ կերպով աճում է:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք հիմնականում կապված են Վերին Լարսում լոգիստիկ հարցերի հետ: Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր են՝ կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Այս պահին քննարկվում են լոգիստիկայի այլընտրանքային տարբերակներ: Միաժամանակ աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում, որոնք նույնպես նպաստում են արտահանման աճին և նոր շուկաներում երևալուն:

– Նոյեմբերի կեսերին ռուսական «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարեց երկրի պատմության մեջ ամենախոշոր՝ մեկ միլիարդ դոլարանոց ներդրումային ծրագրի մասին, որը կուղղվի էներգետիկայի ոլորտին: Դուք այդ ծրագրից մուլտիպլիկատիվ էֆեկտ ակնկալու՞մ եք: Առաջիկայում ծրագրվու՞մ է նոր խոշոր ներդրում և ո՞ր ոլորտներում:

– Իսկապես, նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբի» շրջանակում ներկայացրին ներդրումային ծրագիր հանրապետության էներգետիկ ոլորտի համար՝ ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Բաշխիչ ցանցերին, որոնք 2015թ-ից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվում են, ընթացիկ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա ամիսներին կուղղի մոտ 900 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Էներգետիկ ոլորտում «Տաշիր» ընկերությունների խմբի ևս մեկ ներդրումային ծրագիր կլինի Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Նախագծում ներդրումը կկազմի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար:

Նշվածից բացի՝ իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, ընթացքի մեջ է Երևանում նոր «Նոյ» էներգետիկ թաղամասի շինարարությունը, որտեղ բնակելի համալիրից բացի կլինեն հյուրանոցներ, գեղարվեստի և ազգային արհեստի արհեստանոց-ստուդիաներ: Իրականացվում է Գյումրի քաղաքի պատմական հատվածում «Կումայրի» ճարտարապետական արգելոցի վերականգնման նախագիծը: Նախապատրաստման փուլում են համալիր ներդրումային ծրագրեր Հայաստանի մի քանի շրջաններում նաև այլ հիմնական զբոսաշրջային ուղղություններով: Խոշոր ներդրումային նախագծեր են մեկնարկել լեռնարդյունաբերության,ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում: Հայաստանում օրեցօր ավելի լայն տարածում են գտնում օրգանական և ջերմոցային գյուղացիական տնտեսությունները, որի արտադրությունը մեծ պահանջարկ ունի: Ինչպես հայտնի է, Հայաստանը միջազգային հեղինակություն է վայելում պտղաբանջարային վերամշակման, կոնսերվացման, չորացրած մրգերի և հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղի ջուրը և ալկոհոլային արտադրանքը դարձել է Հայաստանի այցեքարտը:

Այս բոլոր նախագծերից մուլտիպլիկատիվ էֆեկտը, բնականաբար, կարտահայտվի աստիճանաբար և դրական սոցիալական ու տնտեսական փոփոխությունների նոր խթան կհաղորդի, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում՝ որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես վարել: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ մեր հիմնական նպատակներից մեկն է ստեղծել առավելագույնս հարմար պայմաններ երկրում նոր բիզնես սկսելու համար և հաշվի առնելով վերը նշվածը՝ կարող եմ հավաստիացնել, որ այժմ Հայաստանում բիզնես սկսելու լավագույն ժամանակն է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031