Արմեն Սարգսյանը և մենք

Արմեն Սարգսյանը և մենք

Քաղաքականության մեջ կա՛մ պիտի իշխանություն ու իշխանամետ լինես, կա՛մ ընդդիմություն: Երրորդ տարբերակ գոյություն չունի: Ասվածը հարյուր տոկոսով վերաբերում է նաև Հայաստանին, որտեղ ով իշխանավոր կամ իշխանամետ չէ, ներկայանում է որպես ընդդիմադիր:

Կարճ ասած, բացառությամբ ՀՀԿ-ի, մնացած բոլորն ընդդիմադիր են, և եթե «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը շատերը համարում են իշխանական պրոյեկտներ, դա դեռ ոչինչ չի նշանակում, և հետաքրքիրն այն է, որ «Ելքն» են իշխանական պրոյեկտ համարում, այլ ոչ թե Դաշնակցությունը, որը ոչ միայն իշխանական պրոյեկտ է, այլև իշխանական կոալիցիայի անդամ: Ընդ որում, Սերժ Սարգսյանը միակն է, ում իշխանության օրոք ՀՅԴ-ն, փաստորեն, դարձավ իշխանության մաս: Մնացած բոլոր ժամանակներում ՀՅԴ-ն կամ իշխանություն է եղել, կամ ընդդիմություն. Առաջին, Երկրորդ և Երրորդ հանրապետությունների օրոք: Երրորդ հանրապետության օրոք ՀՅԴ վերնախավը նույնիսկ վռնդվեց Հայաստանից, և Տեր-Պետրոսյանի ու ՀՅԴ-ի հակասություններն անհնարին է մոռանալ:

Անհնարին է մոռանալ նաև, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Սերժ Սարգսյանը երկու գծով էր ուժային նախարար, և բացառվում է, որ ազատազրկված դաշնակցականները Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունենային:
Կարճ ասած, ընդամենը մի քանի տարի պահանջվեց, որպեսզի խնդիրները վերանան, և կողմերն ընդգրկվեն իշխանական միևնույն կոալիցիայի մեջ: Այնպես որ, երբեք մի ասեք՝ երբեք, բայց դա չի նշանակում, որ չպետք է խորանալ ու վերլուծել Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հարաբերությունները, մանավանդ որ՝ դրանք շարունակվելու են, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի շարունակություն կունենան:

Ասում ենք, թե այսուհետ ՀՀ նախագահից շատ քիչ բան է կախված լինելու, բայց ինչքան էլ քիչ բան կախված լինի, շատերն են ձգտելու ՀՀ նախագահ դառնալ, որովհետև նախագահը մնում է նախագահ, և հայերս նախագահ բառի հանդեպ հատուկ վերաբերմունք ունենք, այնպես որ՝ ինչքան էլ վարչապետն առաջին դեմք լինի, երկրորդ դեմքը լինելու է ոչ թե առաջին փոխվարչապետը, այլ հենց ՀՀ նախագահը:

Միայն այն փաստը, որ ՀՀ նախագահն ի պաշտոնե ընդունելու է Ռուսաստանի ու այլ երկրների նախագահներին, արդեն իսկ վկայում է, որ ՀՀ նախագահը երկրորդական դեմք չի լինելու: Արդեն ՀՀ նախագահի թեկնածության առումով տարբեր անուններ էին շոշափվում ու մատնանշվում, բայց առավել լուրջ ընդունվեց, իհարկե, գործող նախագահի առաջարկած թեկնածուն՝ ի դեմս լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի: Չնայած մեր լրատվամիջոցներից շատերը հասցրել էին գրել, որ, իբր, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը հրաժարվել է գործող նախագահի առաջարկությունից, բայց ընդամենը մի քանի ժամ անց նույն այդ լրատվամիջոցները հրապարակեցին Արմեն Սարգսյանի կենսագրությունը՝ ներկայացնելով նրան որպես ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածու: Քաղաքականությունից քիչ թե շատ գաղափար ունեցողներն էն գլխից համոզված էին, որ առանց Արմեն Սարգսյանի համաձայնությունն ունենալու՝ Սերժ Սարգսյանը դժվար թե այդ առաջարկությունն աներ:

Փաստորեն, Արմեն Սարգսյանը ներկայացվում է որպես ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու: Բայց քաղաքականությունից որոշ գաղափար ունեցողները հասկանում են, որ Արմեն Սարգսյանն իրականում ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուն է, այլ անձամբ Սերժ Սարգսյանի, ու նաև հասկանում են, որ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կարծիքներն իրարից տարբեր լինել չեն կարող:

Այնուամենայնիվ, նույնիսկ ամենահասկացողների համար որոշ անհասկանալի բաներ տեղի են ունենում: Վերստին հարցը վերաբերում է լրատվությանն ու լրագրողներին: Նույն լրատվամիջոցը, որ իր կայքում Արմեն Սարգսյանի կենսագրությունը տպագրելով՝ նրան ներկայացնում է որպես նախագահի թեկնածու, քիչ անց իր նույն կայքում խոսեցնում է նույն Արմեն Սարգսյանին, ով ասում է, որ դեռ պետք է մտածի գործող նախագահի առաջարկության վրա: Եվ քանի որ արդեն կարծիք հայտնեցինք, որ առանց Արմեն Սարգսյանի համաձայնությունն ունենալու՝ դժվար թե Սերժ Սարգսյանը նրան այդպիսի առաջարկություն աներ, հասկանում ենք նաև, որ որոշ լրագրողների ցանկությունն էր, որ Արմեն Սարգսյանը մերժեր նախագահի առաջարկությունը:

Չնայած երբեք չենք ասում՝ երբեք, այդուհանդերձ, հասկանում ենք նաև, որ քաղաքականության մեջ շատ բաներ չեն բացառվում: Եվ սա հենց այդ դեպքերից է: Եվ շատ հաճախ նաև լրատվամիջոցներն ու լրագրողներն են ճիշտ դուրս գալիս: Ժամանակն ու կյանքը ցույց կտա, թե ով է ճիշտ: Կարծում ենք, ճիշտն այն է, որ սա միանգամայն անծանոթ իրավիճակ է թե՛ Արմեն Սարգսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ լրագրողների ու բոլորի համար: Չէ՞ որ առաջին անգամ ենք պառլամենտական հանրապետություն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք