«Արտիստները չեն մահանում, նրանք մշտապես սավառնում են մեր երևակայական աշխարհում». Արմեն Ամիրյան

«Արտիստները չեն մահանում, նրանք մշտապես սավառնում են մեր երևակայական աշխարհում». Արմեն Ամիրյան

«Մարտի 23-ին, երբ տարածվեց Գեղամ Գրիգորյանի մահվան լուրը, օպերային եվրոպական մի շարք թատրոններ, որտեղ Գեղամ Գրիգորյանը երբևէ ելույթ էր ունեցել, 24 ժամ շարունակ հնչեցրին նրա կատարումներից: Սա խոսում է արվեստի համաշխարհային մեծության մասին և այն մակարդակի, որը կարողացել է վաստակել Գեղամ Գրիգորյանն իր արվեստով, Աստծո կողմից շնորհված և իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- աշխարհահռչակ տենորին նվիրված հուշարձանի բացման արարողությանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Կոմիտասի անվան այգու պանթեոնում հավաքվել էին երգչի հարազատները , արվեստի գործիչներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Գեղամ Գրիգորյանին, որն այսօր կդառնար 67 տարեկան։

«Բացի նրանից, որ ես նրա ընկերն էի, եղբայրը, ես նրա արվեստի երկրպագուն էի, քանի որ նրա ձայնը աշխարհի անկրկնելի ձայներից մեկն է»,- այսպես բնութագրեց երգչին արձանի հեղինակ, քանդակագործ Թեյմուրազ Մուրվանիձեն:

Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չի համակերպվել այն մտքի հետ, որ հայրն այլևս չկա. «Նայում եմ այս արձանին և տեսնում եմ հիանալի աշխատանք, բայց չեմ կարող սա կապել և ասոցացնել հորս հետ, որովհետև ինձ միշտ թվում է, թե նա ինձ հետ է։ Հայրս ինձ շատ բան է սովորեցրել, բայց ամենակարևորն այն է, որ կյանքը պետք է ապրես այնպես, որ մարդիկ քեզ ժպիտով հիշեն, և ես կարծում եմ, որ հայրս ապրել է հենց այդպիսի կյանք և պետք է նրան հիշենք ժպիտով»։

«Մի առիթով Գեղամ Գրիգորյանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչ մասնագիտություն կընտրեր, եթե չդառնար օպերային երգիչ, պատասխանեց՝ շինարար։ Այո՛, նա զբաղված էր մեր հասարակության երևակայական աշխարհի շինարարությամբ և կարողանում էր կառուցել մեր երկրի այսօրն ու վաղը, նախանշել մեր հայրենիքի վաղվա օրվա մասին պատկերացումները»,-հիշեց Արմեն Ամիրյանը և երգչի հայաստանյան օպերային թատրոններում մշտական խաղացանկ չունենալու հետ կապված մտահոգությանն ի պատասխան՝ ասաց,որ այս տարի կլրացվի այդ բացը. «Հիմա նրա շիրմաքարի մոտ ես ուզում եմ բարձրաձայնել, որ մենք օպերային թատրոնի հետ համատեղ արդեն ծրագրել ենք ունենալ մեկ տարվա ամբողջական խաղացանկ։ Մենք այս տարի իրականացնելու ենք նրա երազանքներից մի քանիսը՝ հատկապես բացօթյա բեմահարթակների ստեղծումը, նոր ներկայացումների բեմադրումներն ու վերաբեմադրումները,-ասաց նախարարը և հավելեց,- Արտիստները չեն մահանում, նրանք մշտապես սավառնում են մեր երևակայական աշխարհում»։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք