Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատից կախված հրացանը պետք է կրակի». կարող է աշխատել նաեւ Կովկասում»

Փետրվար 08,2018 16:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան

– Վաշինգտոնը արդեն հրապարակել է, այսպես կոչված, կրեմլյան հաշվետվությունը, որը ներառում է ոչ միայն ռուսաստանցի պաշտոնյաների եւ գործարարների, այլ նաեւ ուկրաինացիների, հայերի, որոնք սերտորեն կապված են ռուսական իշխանությունների հետ: Այս ամենի պատճառն է Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի, միջամտությունը այլ երկրների ներքին գործերին, մարդու իրավունքների խախտումը եւ մարդու իրավունքների խախտման խրախուսումը այլ երկրներում: Սա ի՞նչ կփոխի ընդհանրապես Ռուսաստանի քաղաքականության մեջ:

– Կան մի քանի գործոններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Կարծում եմ, որ առաջինը այն է, որ ռուսների համար այդ հաշվետվության հրապարակումը դարձել է տհաճ իրադարձություն, եւ նրանք ձգտում են աստիճանաբար նվազեցնել, այսինքն՝ ցույց տալ, թե այն ինչ փոքր նշանակություն ունի: Դրան նվիրվել են տարբեր հրապարակումներ, այդ թվում՝ այն մասին, որ դա բիզնեսի պարագայում պարզապես «Ֆորբս»-ի ցանկ է, իսկ իշխանության պարագայում՝ հեռախոսային տեղեկատու: Բայց իրականում այստեղ խոսքը ուղղակիորեն պատժամիջոցների մասին չէ, հաշվետվության արդյունքում պատժամիջոցները չեն իրականացվել, այստեղ խոսքը ամերիկյան իշխանությունների՝ Ռուսաստանի իշխանությունների վերաբերյալ դիրքորոշման ցուցադրության մասին է: Եվ այդ պատճառով էլ ցուցակում հայտնվել է, օրինակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, չնայած, որպես կանոն, արտաքին գործերի նախարարները մնում են զեկույցի շրջանակներից դուրս: Կարծում եմ, որ ռուսական իշխանությունները կփորձեն օգտագործել այդ հաշվետվությունը իրենց դիրքերը կոնսոլիդացնելու համար, բայց, այնուամենայնիվ, մարդիկ, որոնք հայտնվել են այդ ցուցակում, այլեւս կորցնելու բան չունեն, բայց դա շատ դժվար կլինի:

– Ինչպե՞ս դա կանդրադառնա Ռուսաստանի քաղաքականության վրա հետխորհրդային տարածքում՝ ընդհանրապես եւ մասնավորապես՝ Ուկրաինայում:

– Ռուսաստանը հետխորհրդային տարածքում չի պատրաստվում գնալ որեւէ զիջումների, դա միանգամայն ակնհայտ է: Եվ առավել եւս դա տեղի չի ունենա մինչեւ Ռուսաստանի նախագահի ընտրությունները, որը նշանակվել է մարտի 18-ին. ինչպես հայտնի է, դա Ղրիմի բռնակցման իրավաբանորեն «գրանցման» օրն է: Այդ պատճառով զիջումների մասին խոսք չի կարող լինել: Կարծում եմ, որ նույնիսկ ավելին՝ Ռուսաստանը կփորձի իրեն մոտեցնել ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ հետխորհրդային երկրներին, եւ ավելի շուտ հնարավոր է Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն, քան Ուկրաինայի:

– Ինչպե՞ս:

– Կարծում եմ, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում իր գործընկերներից կպահանջի ավելի հստակորեն աջակցել միջազգային հարթակներում իր գործողություններին: Չնայած նման աջակցություն, որպես կանոն, կա Միացյալ ազգերի կազմակերպությունում բանաձեւերի քվեարկության ժամանակ, բայց այժմ Ռուսաստանը իր գործընկերներից ավելին կպահանջի եւ, մասնավորապես, ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում, որտեղ շարունակվում է ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձի համար պայքարը, եւ նույնիսկ հնարավոր է, որ ավելին պահանջի Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերություններում:

– Հայտնի է, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, ընդ որում՝ հարձակողական զենքով, դրա դիմաց Հայաստանին տալիս է նաեւ պաշտպանական զինատեսակներ: Ասում են, որ հավասարակշռություն են ապահովում, բայց մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը դրանով սնուցում է ապագա պատերազմ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է հետագա զարգացումների հավանական սցենարը:

– Ղարաբաղի հիմնահարցը չնայած որ հասարակական գիտակցությունում, այդ թվում նաեւ Ուկրաինայում, ուշադրության կենտրոնում չի գտնվում, բայց կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի համար դա սուր թեմա է: Եվ համապատասխանաբար, վաճառելով զենք բավականին զգալի գումարով, Ռուսաստանը նվազագույնը զրկում է իրեն Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինա եւ Վրաստան Javelin հակատանկային հրթիռներ մատակարարելու համար քննադատելու իրավունքից: Կարծում եմ՝ Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ ժամանակին Անտոն Չեխովի ներկայացրած ճշմարտությունը, որ առաջին ակտում պատից կախված հրացանը մինչեւ ներկայացման ավարտը պետք է կրակի, ցավոք սրտի, դա կարող է աշխատել Կովկասում, եւ Ռուսաստանը դա անում է միանգամայն բացահայտ նպատակով, որ խաղաղարարի դերում հանդես գա եւ ցուցադրաբար հաշտեցնի թշնամական կամ թշնամական հարաբերությունները շարունակող ազգերին։ Կհաշտեցնի, իհարկե՛, սեփական շահերի համար։ Սա Ռուսաստանի մեծ աշխարհաքաղաքական խաղի, հետխորհրդային տարածքում քաղաքականության եւ սեփական ազդեցությունը հետխորհրդային տարածքում մեծացնելու ռուսական պատրանքների մասն է։

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

07.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728