Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ բարև Ձեզ տիկին Սյուզան, ես պատրաստ եմ, զենքը կա, 300 հոգի մարդ կա, Դուք միայն ասեք, թե մենք ինչ անենք». Սյուզան Սիմոնյան

Փետրվար 22,2018 17:45

Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա ծռերի» մամուլի պատասխանատւ Սյուզան Սիմոնյանը հայտարարեց՝ իրեն փորձել են ներքաշել գործի մեջ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Սիմոնյանը հայտնեց, քանի որ մի քանի օր առաջ մերժվեց միջնորդությունը իր՝ դատարանում դատական նիստերին վկայության վերաբերյալ, անհրաժեշտություն առաջացավ՝ այն, ինչ դատարանում պիտի ասեր, հայտնի է հանրությանը:

Սյուզան Սիմոնյանը պատմեց, որ 2016-ի դեկտեմբերին, երբ «Սասնա ծռերը» վայր դրեցին զենքերը, ինքն իր նկատմամբ զգացել է տարբեր տեսակի հետապնդումներ. «Համացանցով ինձ հետ կապվում էին զանազան մարդիկ, նամակներ գրում և առաջարկում՝ ասելով բարև Ձեզ տիկին Սյուզան, ես պատրաստ եմ, զենքը կա, 300 հոգի մարդ կա, Դուք միայն ասեք, թե մենք ինչ անենք: Եղել է նաև, որ բառացի ասել են՝ այսինչին գնանք, սպանենք: Ես անմիջապես զգում էի, որ նրանք ներդրված են, որոշներին կոպտել եմ ու ասել՝ լավ չեք կատարում ձեր հանձնարարությունը, արգելափակել եմ: Այդ մի քանի ամսվա մեջ սովորել էի, որ ինձ նման ձևով առաջարկություն պիտի անեն, զգում էի, որ նպատակ ունեն ինձ ներքաշել նման գործի մեջ: Զգում էի, որ նաև ֆիզիկապես են հետևում ինձ»:

Սյուզան Սիմոնյանը նաև պատմեց, թե ինչ է տեղի ունեցել 2016-ի դեկտեմբերին՝ հրապարակում. «Մասնակցում էի մարդու իրավունքների հետ կապված երթին: Ինձ մոտեցավ մի երիտասարդ՝ բարձրահասակ տղա, շատ ջերմ, ասաց՝ բարև Ձեզ, տիկին Սյուզան, ուզում էի Ձեզ տեսնել: Կարևոր հարց ունեմ քննարկելու. կարո՞ղ ենք հանդիպել: Բնականաբար ես, մտածելով, որ մեր համակիրներից է, ասացի՝ այո, իհարկե: Ասաց՝ խնդրում եմ ձեր հեռախոսահամարն ինձ տվեք: Ասացի՝ գրեք: Տղան ասաց՝ իմ հեռախոսը մոտս չէ հիմա, խնդրում եմ հիմա այս համարով զանգ թողեք, որ ինձ մոտ ձեր հեռախոսահամարը գրանցվի: Միամտորեն իր թելադրած համարը հավաքեցի: Ինքը ներկայացավ՝ անունը Սմբատ՝ շատ լավ դիպուկահար: Ասաց՝ պատրաստ եմ, երեք հարյուր հոգի զորք ունեմ, և նրանք կազմուպատրաստ վիճակում սպասում են, դուք միայն պիտի ասեք որ օրը, որ ժամին, մենք հարձակում կկազմակերպենք: Մի տեսակ շփոթվեցի, հասկացա, որ ես ծուղակն ընկա: Հասկացա՝ դիմացս գործակալ է կանգնած: Մտածեցի Ալեք Ենիգոմշյանին տեղյակ պահեմ. ասացի Ալեք ջան, մի րոպե խնդրում եմ լսիր՝ ինչ է ասում: Այդ պահին երթը սկսվում էր՝ աղմուկ, մարդիկ խառնվեցին իրար, թե Ալեքի հետ ինչ խոսեցին, ամեն ինչ լսելի չեղավ»:

Սյուզան Սիմոնյանը տեղեկացրեց՝ այդ միջադեպից հետո Սմբատն իրեն հեռախոսային տեռորի է ենթարկել. «Անցան ամիսներ. օգոստոսն էր, երբ սկսեցին դատավարությունները: Արթուր Մովսիսյանի դատական նիստի հետ կապված էր, տեսա Սմբատ Գալոյանին և ճանաչեցի, թե ում ջանքերով է այդ շինծու գործը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ եղել: Ժիրայրն արդեն բանտում էր, երբ նա ինձ մոտեցավ, դրսում սահմանափակ թվով մի երկու հոգի էինք մնացել, վստահ եմ՝ նրանք փորձում էին մեզ էլ ներքաշել ու գցել այդ կեղծ ու շինծու դատական գործի մեջ»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հիշեցրեց. «Մենք ի սկզբանե պնդել ենք, որ Սմբատ Գալոյանը գործուղված գործակալ է, և նրա ցուցմունքներն իրականության հետ աղերս ունենալ չեն կարող: Դատարանն այդպես էլ հրաժարվեց նրան հրավիրել դատարան, ու Ժիրայր Սեֆիլյանին և նրա պաշտպաններին հնարավորություն տալ այդ անձին հարցեր հղելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728