Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե սկզբնական շրջանում որոշակի հերթեր լինեն, երբ բոլոր հիվանդները միանգամից փորձեն դեղատոմս ձեռք բերել, բայց հետագայում ամեն ինչ կկարգավորվի. «Հայոց աշխարհ»

Փետրվար 23,2018 12:20

Դեղերի դուրսգրման, բացթողման եւ հաշվառման նոր կարգի ուժի մեջ մտնելուն հաշված օրեր են մնացել, այնինչ շատերն ընդվզում են դրա դեմ՝ տարբեր պատճառաբանություններով ու մտավախություններով: Այս կապակցությամբ զրուցեցինք ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Հանրության շրջանում մտահոգություններ կան, թե այսուհետ հիվանդները կդադարեն իրենց անհրաժեշտ դեղերը խմել՝ քաշքշուկներից, ֆինանսական ծախսերից, ժամանակի կորստից խուսափելու համար, եւ հիվանդությունների թիվը կտրուկ կավելանա:

-Հակառակը, այս կերպ փորձ է արվում մարդկանց դրդել ավելի գրագետ վերաբերվել սեփական հիվանդությունների բուժմանը, ի վերջո նպաստել հիվանդությունների թվի նվազեցմանը, վերականգնել բժշկի հետ հիվանդի կապը եւ բարձրացնել բժշկի դերը, ինչն առանցքային է հիվանդությունների բուժման համար:

Այս փոփոխությունը հանրային առողջության պահանջ է՝ միջազգային պահանջ:

Տարիներ ի վեր մեր կատարած դիտարկումները ցույց են տվել, որ հասարակության մեջ արմատավորվել է ինքնաբուժության սովորությունը, որը վտանգավոր երեւույթ է եւ բացասաբար է անդրադառնում հանրային առողջության վրա: Հիվանդը, ունենալով առողջական խնդիրներ, համացանցից երբեմն ոչ հավաստի աղբյուրից ստացած տեղեկատվության հիման վրա կամ բարեկամների, ծանոթների, հարեւանների, դեղատան աշխատակցի խորհրդով ինքնակամ այս կամ այն դեղն է գնում, որը սովորաբար պետք է դեղատոմսով տրամադրվի, եւ սկսում ինքնաբուժությամբ զբաղվել՝ առանց հիվանդության, խնդրի, ցավի բուն պատճառն իմանալու:

Եթե արտադրողը դեղի վրա գրում է, որ այն պարտադիր պետք է բաց թողնվի դեղատոմսով, նշանակում է տվյալ միջոցի հանդեպ պետք է շատ զգույշ լինել:

-Կարծում եք, որ դա մտածելակերպի խնդի՞ր է, թե՞ ավելի շուտ սոցիալական. սուղ միջոցներ ունենալով՝ մարդիկ հնարավորինս խուսափում են բժշկի այցելել, մինչեւ որ այլ ելք չի մնում, պարտադրված են լինում:

-Ավելի շուտ մտածելակերպի խնդիր է, թեեւ սոցիալական վիճակը պակաս դեր չի խաղում, բայց մեզանում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններն անվճար են, եւ ֆինանսական սուղ միջոցներ ունեցող հիվանդները կարող են անվճար բուժում ստանալ այդ հաստատություններում, եթե, իհարկե, հիվանդությունը շատ չի բարդացել: Այնտեղ նույնպես որակյալ եւ արհեստավարժ բժիշկներ են աշխատում: Այնպես որ այս դեպքում սոցիալական խնդիրը հիմնավորում չէ:

Եթե նախկինում դեղատոմսի վրա պարտադիր պետք է մի քանի կնիք լիներ, եւ հիվանդը ստիպված էր տարբեր սենյակներ այցելել այդ կնիքների համար, ապա այժմ միայն բժշկի ստորագրությունը եւ առկայության դեպքում նաեւ կնիքն է պահանջվում, որ դեղատոմսը վավեր համարվի:

Գիտեմ, որ մարդիկ նաեւ անհանգստանում են, որ նոր կարգը գործելու դեպքում պոլիկլինիկաներում հերթեր կգոյանան: Բայց նախարարությունն այնպես է նախատեսել, որ հերթերից հնարավոր լինի խուսափել: Գուցե սկզբնական շրջանում որոշակի հերթեր լինեն, երբ բոլոր հիվանդները միանգամից փորձեն դեղատոմս ձեռք բերել, բայց հետագայում ամեն ինչ կկարգավորվի:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728