Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Մկրտչյանի պայծառ հիշատակը վառ կմնա գործընկերների, մտերիմների, կինոն գնահատող մարդկանց սրտերում

Փետրվար 28,2018 22:13

Հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց: 2018 թվականի փետրվարի 28-ին 81 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր, կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը:

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27–ին, Լենինականում (Գյումրիում)։

1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971-ին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1960-1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսոր, 1995-1999 թվականներին՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Առաջին իսկ ֆիլմերում՝ «Լուսանկար» (1969 թ.), «Հուշարձան» (1972 թ.), «Բովտուն» (1977 թ.), դրսևորվեց Ալբերտ Մկրտչյանի յուրահատուկ կինոմտածողությունը և  բացառիկ տաղանդը:

Հայկական կինոյում շրջադարձային էին նրա նկարահանած «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ.), «Խոշոր շահում» (1980 թ.),   «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Ուրախ ավտոբուսը» (2000 թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008 թ.)  և այլ ֆիլմեր:

«Հին օրերի երգը» 1983 թ. Լենինգրադում կայացած համամիութենական փառատոնում արժանացել է ժյուրիի՝ «Հատուկ», իսկ 1985 թ. Մինսկի համամիութենական կինոփառատոնում «Մեր մանկության տանգոն» ֆիլմը` «Գլխավոր» մրցանակի:

Ալբերտ Մկրտչյանը նաև նոր խոսք ասաց բեմադրական արվեստում, հիմնադիրը լինելով ոչ միայն Երևանի արտիստական թատրոնի, այլ նաև մի շարք  մնայուն բեմադրությունների` Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ. Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլն:

2000 թ. նրան շնորհվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, 2003 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

Ալբերտ Մկրտչյանի արվեստը երկար տարիներ լինելու է օրինակելի նոր սերունդների համար, համաժողովրդական մեծ սեր վայելող նրա ֆիլմերը մշտապես լինելու են հայկական կինոյում:

Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, հասարակության սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝  Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան»

արտիստական թատրոնում (Երևան, Մովսես Խորենացու փող., 18 շենք):

Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728