Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Նիկողոսյան. «Հրաձիգներից ոմանց մոտ լճացում է»

Մարտ 16,2018 13:00

Անցած շաբաթ Երեւանում կայացած գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունում հայտնի դարձան չորս մրցաձեւերի հանրապետության տղամարդկանց եւ կանանց չեմպիոններն ու մրցանակակիրները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն այնքան էլ գոհ չէ մեծահասակների մասնակցությունից եւ ցույց տված արդյունքներից:

«Օդամղիչ հրացան եւ օդամղիչ ատրճանակ վարժություններում մեծահասակների ցուցադրած արդյունքներից գոհ չեմ: Շատերի մոտ մի տեսակ լճացում եմ նկատում՝ Հրաչիկ Բաբայանը, Զավեն Իգիթյանը: Նրանք տաղանդավոր մարզիկներ են, պարզապես հոգեբանական խնդիր կա:

Մարզիչներով քննարկել ենք բոլոր խնդիրները, փորձել ենք լուծումներ գտնել հետագա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Պատանիներից ու երիտասարդներից գոհ եմ, բարձր արդյունքներ ցուցադրեցին»,- ասում է գլխավոր մարզիչը:

Հրաձիգներն այժմ պատրաստվում են Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարին, որից հետո կմեկնեն Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը.
«Դեռ չենք որոշել, թե ովքեր հանդես կգան Գերմանիայում: Գուցե մարզիկներից մի քանիսը, որոնց հետ հույսեր ենք կապում, չմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Ավելի լավ է հնարավորություն ընձեռենք երիտասարդներին, քան լճացած մարզիկներին»,- նշում է Սեյրան Նիկողոսյանը:
Այս տարին հրաձիգների համար հագեցած է ու կարեւոր մեկնարկներ են սպասվում նրանց. աշխարհի առաջնություն, Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղեր եւ այլն:

«Աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար դեռ շատ ժամանակ ունենք: Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն ամենաուժեղ հրաձիգները, քանի որ այնտեղ խաղարկվելու են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշներ:
Պատանեկան օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր ունենք, որը նվաճել է Հայկ Բաբայանը: Նա շատ լավ մարզավիճակում է: Համոզված եմ՝ Հայկը Բուենոս Այրեսում եզրափակիչ կանցնի:

Աղջիկներից Ալլա Պողոսյանին Եվրոպայի առաջնությունում չհաջողվեց անցնել եզրափակիչ ու պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Նա հավասար միավորներ ուներ 8-րդ տեղը զբաղեցրած մարզուհու հետ: Դիմել ենք սպիտակ քարտ ստանալու համար»,- նշում է Սեյրան Նիկողոսյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

15.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031