Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում մարդասպանությունը կամ զուտ հայի սպանությունը, նախ եւ առաջ հերոսացվում է, ինչը բնորոշ է նացիստական պետությանը». Լարիսա Ալավերդյան

Մարտ 21,2018 17:42

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, Ադրբեջանը շարունակում է ընկղմվել բացարձակ ավտորիտարիզմի մեջ։

«Բաքվի քաղաքականությունն անցել է ուղղակի ավտորիտարիզմի սահմանները։ Եվ դրա հիմնասյուներից մեկը հակահայկականությունն է։ Սա Բաքվի պետական քաղաքականությունն է, որը դրսևորվում է նաև ռազմական գործողությունների ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը վայրագություններ են անում, որոնք դուրս են նույնիսկ պատերազմի կանոններից»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա Ադրբեջանի այդ վարքը համեմատեց նացիստական քաղաքականության հետ. «Ադրբեջանում մարդասպանությունը կամ զուտ հայի սպանությունը, նախ եւ առաջ հերոսացվում է, ինչը բնորոշ է նացիստական պետությանը»:

Անդրադառնալով ադրբեջանական մանկապարտեզում հայատյացություն սերմանող դաստիարակչուհու դասի տեսանյութին՝ բանախոսը շարունակեց. «Մենք պետք է մեր քաղաքականությունը համապատասխանեցնենք այս ագրեսիվ մարդատյաց քաղաքականությանը եւ սթափ վերաբերվենք այդ ամենին»:

Տիկին Ալավերդյանի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմն էլ մինչ օրս համարժեք պատասխան չգտավ. «Հայաստանն այդպես էլ չդիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ադրբեջանական մանկապարտեզում երեխաներին սովորեցնում, որ հայերն իրենց թշնամիներն են։

Արցախի ՄԻՊ-ը պատասխան տեսանյութ է հրապարակել, որտեղ Ստեփանակերտի մանկապարտեզի երեխաներն ասում են, որ իրենց թշնամիները մուլտֆիլմի հերոսներն են, ապա վերջում ուղերձով դիմում են ադրբեջանցի տղային, որը հայերին իր թշնամին էր համարում. «Յունիս, դու իմ թշնամին չես, ես քո թշնամին չեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031