Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակից հանված պատվանդանի եւ նոր արձան տեղադրելու առաջարկները 1991թ.-ից են

Մարտ 23,2018 14:00

Համբարձում Գալստյանի դիրքորոշումն ապամոնտաժման դեմ նրան չխանգարեց արձանը հանելու ժամանակ հայտարարել՝ «մենք քաղեցինք մոլախոտը»

1991թ. փետրվարին Երեւանում կազմակերպված անկախականների հանրահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակում Լենինի արձանի վրա ներկ էին լցրել: Արձան, որը տեղադրման օրվանից՝ 1940թ. նոյեմբերի 24-ից նման «հարված» չէր ստացել: Ոտնձգություններից անմասն չմնաց նաեւ արձանի պատվանդանը. զարդաքանդակներով դռան մոտ պայթուցիկ էր դրվել ու ոչնչացվել դուռը:

Այդ տարիներին նախկին խորհրդային ղեկավարների արձանների, կիսանդրիների, հուշաղբյուրների դեմ կատարված ոտնձգությունները շատ էին: Հասարակության մեջ կարծիքները շատ էին. պահպանել դրանք, որպես խորհրդային դարաշրջանի ստեղծագործություն կամ՝ բոլորը ոչնչացնել, նախկին սովետական բռնատիրության դեմ պայքարը հասցնել վերջնական ավարտին:

Արձանները հեռացնելը համարվում էր «Համահայկական մեծ շաբաթօրյակի» անքակտելի մաս:

Հայտնի է, որ 1991թ. ապրիլի 13-ին Հանրապետության հրապարակում գտնվող Լենինի արձանն ապամոնտաժվեց:

Նույն օրը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակից Տ. Լիլոյանը «Ապամոնտաժվել է Լենինի արձանը» նորություններ բաժնով տեղեկացրեց. «Արձանը հանելու մասին որոշում էր կայացվել մարտի 28-ին Երեւանի քաղաքային խորհրդի նիստում: Ժողովրդական պատգամավորներն ընդամենը երկու «դեմ» եւ չորս «ձեռնպահ» ձայներով քաղխորհրդի գործկոմին հանձնարարեցին մինչեւ 1991թ. ապրիլի 22-ը ավարտել արձանի ապամոնտաժման աշխատանքները»: Ձեռնպահ մնացածներից մեկը Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Համբարձում Գալստյանն էր: Այն ժամանակ նա կոչ էր անում «ավելի ուշադիր մոտենալ այդ հարցին», «հանդուրժող լինել քարի նկատմամբ», «հուշարձանների դեմ պայքարն» անվանում էր թերարժեքության բարդույթ: Համբարձում Գալստյանի դիրքորոշումն ապամոնտաժման դեմ նրան չխանգարեց արձանը հանելու ժամանակ հայտարարել, որ «մենք քաղեցինք մոլախոտը»:

Հայաստանի ազգային անկախական կուսակցության «Հայաստան» պաշտոնաթերթից:

Իսկ «Հայ աշխարհ» շաբաթաթերթն իր «Երեւանն առանց առաջնորդի արձանի՞, թե՞ թափուր պատվանդան հաջորդ առաջնորդի համար» Լիդա Ասատրյանի հրապարակմամբ ներկայացրեց. «Նրա արձանը կազմաքանդեցին: Հանդիսավոր, մասնագիտական բծախնդրությամբ: Հեռուստատեսային կամերան հավերժացրեց այդ պահերի շղթան: Առաջնորդն առանց գլխի, առաջնորդի անկառափ մարմինը օդում ճոճվելիս, առաջնորդը հրապարակը լքելիս…այս ամենից պարզունակ հաշվեհարդարի հոտ էր փչում, թերեւս նաեւ այն հաշվարկով, որ արձանները լուռ են, եւ իրենց պաշտպանել չեն կարող»:
1991 թվականին Լենինի արձանը տարվեց Ազգային պատկերասրահի բակ, իսկ գլուխ հիշեցնող «մասը» պահեստավորվեց: Կային մարդիկ, ովքեր գտնում էին, որ պատվանդանը որպես մշակութային արժեք պետք է պահպանել, պարզապես պետք է գտնել խորհրդանիշը, որն ընդունելի լինի ԲՈԼՈՐԻ համար:

Այսօր քննարկումները գրեթե նույնն են, հիշեցնում են այն օրերի քննարկումները:
Այսօր էլ քննարկումներում այն միտքն է թեւածում, թե պետք չէ որեւէ անձի, պետական գործչի արձան դնել, քանի որ հայոց պետական-քաղաքական երկնակամարում բոլորի համար ընդունելի անձ չկա, մի պատմաբանի համար ընդունելի է Արամ Մանուկյանը, մեկի համար՝ Գարեգին Նժդեհը, մեկի համար ընդունելի է Սասնա ծռերից Սասունցի Դավթի արձանը բերել կայարանից, տեղադրել հրապարակում, առաջարկում են անգամ նախկին «Դվին» հյուրանոցից «Քոչարի» քանդակը, որը չգիտես ուր է տարվել եւ ինչ վիճակով, տեղադրել Հանրապետության հրապարակում: Իննսունականներին օրակարգից հանվեց Հովհաննես Քաձազնունու, Սիմոն Զավարյանի արձանների տեղադրման հարցը, «մեղավորը» նրանց Հայ հեղափոխական դաշնակցական պատկանելությունն էր:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության «Հայ աշխարհ» թերթից:

Անդրանիկի արձանը մոտ էր ժողովրդական ցանկություններին: Ի դեպ, Թումանյանի սիրտը տեղադրել պատվանդանի վրա, սիրտը, որը պահպանվում է, առաջարկների մեջ նույնպես հնչեցվել է: Երբ առաջարկվեց Վարդան Մամիկոնյանի արձանի հարցը, հիշվեց Վասակը, քանի որ ըստ առարկողների, Վասակը հայ պատմիչների կողմից ճշգրիտ չի ներկայացվել:

Մի խենթ, հետաքրքիր մարդ կար՝ Իլյա Ավետիսյան անուն-ազգանունով: Տնօրեն էր աշխատել, սակայն շարժման օրերին նա կռանում եւ փողոցներից հավաքում էր դեղձի կորիզներ, եւ դրանցով հետաքրքիր ծաղկամաններ ու քաղցրեղենի ամաններ պատրաստում. դրանք առաջինը Վերնիսաժում ցուցադրվեց: Իլյան խաղեր էր հորինում:
Հիշում եմ, որ երբ պատվանդանը դեռ չէին հանել, նա ինձ հետ զրույցի ժամանակ ասաց. «Տվեք ինձ Լենինի պատվանդանը, եւ ես կտեղադրեմ խորհրդանիշը»: «Լրագրում» տպագրվեց: Պատվանդանի վրա նա առաջարկեց, որպեսզի ջրով կարգավորվող շախմատային պտտվող թագ դրվի:

Իլյային անվանի շախմատիստները գիտեին, նա ապացուցում էր, որ առաջինը Նոյն է շախմատ խաղացել: Ըստ նրա. «Կտակարանում» առանձնանում են Նոյը, կինը, նավը, կենդանիները, զավակներն ու թռչունները, իսկ շախմատային խաղում՝ թագավորը, թագուհին, նավակը, փիղը, զինվորները, թռչող ձին»: Նա չէր բացառում, որ ձին հնարավոր է լիներ սկզբնական տարբերակում թռչուն, քանի որ ձին «իրեն թույլ չէր տա» թռչել թագավորի եւ թագուհու գլխի վրայով:

Գիշեր-ցերեկը շախմատում երեւում էր սպիտակ եւ սեւ գույնի վանդակների ձեւով:
Նա ասում էր, որ Կաբաբլանկան մի առիթով նկատել էր. շախմատում պակասում է մեկ խաղաքար, ըստ այդմ, նա հորինել էր իր շախմատը՝ «Նոյտրակ» անունով՝ «Նոյի ճանապարհը» բաժանում էր Հայաստան եկած բոլոր շախմատիստներին: Ըստ նրա, «Թռչող ձի» հասկացությունը պետք է տարանջատվի Նոյի ագռավի եւ Նոյի աղավնու քարերով, խաղը թողնելով շախմատային բոլոր կանոններով:

Նոյի կինը ամենազգացմունքայինն է, շախմատում, ըստ Իլյայի, թագուհին ամենահզորն է: Նոյին Աստված շանս էր տվել ապրելու, շախմատում, Իլյայի դիտարկմամբ՝ թագավորն ամենաթույլ խաղաքարն էր:

Ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ հիմա դեռ կան ասողներ. արձան պետք չէ, դա կռապաշտություն է:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031