Կենդանի հերոսների աչքերի մեջ չամաչենք նայել

Կենդանի հերոսների աչքերի մեջ չամաչենք նայել

Քաղված ու չքաղված դասերի մասին

Ապրիլյան պատերազմից երկու տարի անց համացանցը ողողված էր այդ օրերին զոհերի մասին մեկնաբանություններով, դաժան հիշողությունների մասին պատմող նյութերով:
Դեռ երկու տարի առաջ շարունակաբար բոլորը խոսում էին «դասեր քաղելու» մասին, ու հիմա բոլորի ուղեղում, թերեւս, մեկ հարց էր՝ եւ ի՞նչ, քաղեցի՞նք դասեր:

Ադրբեջանի իշխանական էլիտայում հավանաբար կլինեն մարդիկ, որոնք եւս «դասեր քաղել» են ապրիլյան պատերազմից, ու որքան էլ դրա մասին չբարձրաձայնեն՝ հասկանում են, որ իրենց ծրագրերը երկու տարի առաջ չեն իրագործվել: Մեզ համար, իհարկե, ոգեւորիչ էր, երբ ասվում էր, որ ապրիլյան պատերազմի զինադադարն Ալիեւն է խնդրել, որն էլ Մոսկվայի միջնորդությամբ իրականացվել է: Բայց դա երաշխիք չէ, որ Բաքուն հրաժարվել է սադրանքների ու արկածախնդրության դիմելու իր քաղաքականությունից: Ադրբեջանի հաջորդ հարձակումը նույնպես կարող է լինել հանկարծակի ու ավելի լայնածավալ:

Շփման գծում արված հսկայական աշխատանքների մասին այս ընթացքում շատ է խոսվել: Դրական է, որ արդիականացման աշխատանքներն իրականացվում են, եւ պարզ է, որ դա պետք է շարունակական գործընթաց լինի:

Մեր զինվորների մարտական ոգու, կենաց-մահու կռվելու պատրաստ լինելու վերաբերյալ մեր հիացմունքն, իհարկե, կարեւոր է, բայց՝ նույնպես ոչ բավարար: Մենք, անշուշտ, պետք է հպարտանանք մեր հերոսներով, բայց նաեւ պետք է ձգտենք նրան, որ մեր հերոսները մեր կողքին ապրեն, եւ նույնքան կարեւոր է, որ մենք մեր կենդանի հերոսների աչքերի մեջ չամաչենք նայել:

Ու այստեղ է, որ կրկին առաջ է գալիս «դասեր քաղելու» հարցը: «Դասեր քաղելը» վերաբերում է բոլորին: Իշխանությունների ուսերին ծանր բեռ կա: Նրանք պետք է ապահովեն պետության զարգացումն ու քաղաքացիների բնականոն կյանքը:

Հայաստանում չպետք է թույլ տալ ժողովրդավարության հետընթաց, Հայաստանին թռիչք է պետք, այլապես կհայտնվենք ճահճում: Կոռուպցիայի վերացում, տնտեսության նկատելի զարգացում, հասարակության սոցիալական վիճակի բարելավում՝ սրանք այդ թռիչքը ապահովելու պարտադիր պայմաններն են: Այս ամենի մասին անընդմեջ բաժակաճառեր լսելու ժամանակ իսկապես չկա:

Պարտավորություններ ունեն բոլորը, ոչ միայն իշխանությունները: Ոչ մի հերոս իրեն իրավունք չպետք է վերապահի՝ «մահ ռեժիմին» գոռալով իշխանություն տապալելու նպատակն իրագործել զենքի մշակույթը քաղաքական կյանք մտցնելով: Զենքով հարցեր լուծողները, եթե անգամ քաղաքական գործիչ չեն, պիտի հասկանան, որ այդ կերպ խփում են պետության ողնաշարին: Բացի այդ՝ ինչ երաշխիք կա, որ զենքով «հարցեր լուծողները» չեն հրաժարվի իրենց այդ «սովորությունից», եթե օրինակ՝ մի քանի ժամ կամ մի քանի օր իշխանություն ունենան:

Իշխանություններն էլ իրենց «դասը» ունեն քաղելու: Թեեւ ՊՊԾ գրավումից հետո մի որոշ ժամանակ խոսվում էր դրա անհրաժեշտության մասին, բայց կարծես առանձնապես ոչինչ չարվեց: Զենքով «հարցեր լուծողների» պատասխանատվության հարցը մի կողմ թողնենք, նրանք կրում են իրենց պատիժը: Բայց ինչպե՞ս ստացվեց, որ գտնվեցին քաղաքացիներ, որոնք արդարացնում էին այդ մարդկանց արարքը 2016թ. հուլիսին: Ինչո՞ւ ենք հասցրել մի իրավիճակի, երբ բռնությունը, զենքը մեր պետության քաղաքացիների գլխում իշխանության դեմ պայքարի միջոց կարող էր դիտարկվել: Ուրեմն ինչ-որ բան այն չէր, ուրեմն ինչ-որ տեղ թերացել ենք, ու բավական խորքային են այդ թերացումները:

Արմատական եւ համակարգային փոփոխությունների հասնելու անհրաժեշտության մասին պետք է ոչ միայն շարունակաբար խոսել, այլեւ արդեն ցույց տալ քայլերն այդ ուղղությամբ: Հայաստանը զարգացման ուղով ընթանալու հնարավորություն ունի: Եթե իշխանավորները իրապես ցանկանում են եւ մտադիր են առաջ շարժվել՝ բարդ չէ սկսելը: Միայն այն դեպքում կարող ենք վստահաբար ասել, որ «դասեր քաղել ենք», եթե Հայաստանի հասարակության շրջանում խորացած հուսալքությունը վերանա, միայն այդ կերպ պետության հիմքերը կամրապնդենք: Ու այդպես միայն, հպարտանալով մեր հերոսներով, չենք ամաչի նայել նրանց աչքերի մեջ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք