Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Ինչպես ձախորդ էր իրենց կառավարությունը, նույն կերպ դատարկ ու սնանկ՝ քննադատությունը»

Մայիս 14,2018 17:29

Երբ դեռ պատրաստվում էի արձագանքել Վիգեն Սարգսյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանությունների դիրքերի թուլացմանը ուղղված մեկնաբանություններին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն նկատել և գնահատել էր վերջինիս դատողությունների հիմնավորվածությունը:

Կխոսեմ Վ. Սարգսյանի բարձրացրած այլ ասպեկտների մասին, փորձելով ի ցույց դնել վերջինիս պնդումների սնանկությունը:

Այսպես՝ Վ. Սարգսյանը ասում է որ «վարչապետի նոր մոտեցման համաձայն՝ բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է դրանցում Արցախի մասնակցության հանգամանքով: Դա կարող է հնչել որպես նախապայման, այնինչ Հայաստանը միշտ հայտնի է եղել որպես նախապայմաններ չառաջադրող, գործնական և վստահելի բանակցող»:

ՀՀ առաջին նախագահի դիպուկ ձևակերպած «հանցավոր անզգուշության պատճառով» Ռ. Քոչարյանը զրկեց Լեռնային Ղարաբաղի իշխանություններին բանակցությունների լիիրավ կողմ լինելու կարգավիճակից: Այդ հրեշավոր քայլի «հիմնավորումներից» մեկն այն էր, որ Ռ.Քոչարյանը բանակցություններին ներկայանում էր որպես ԼՂ նախկին նախագահ, որը կատարելապես տիրապետում է ԼՂ դիրքորոշումների մանրամասներին, հետևաբար կարող է ներկայացնել նաև Արցախը: Իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանն է՛լ երբեք չի փորձել իրեն ձերբազատել՝ հայկական երկու կողմերը ներկայացնողի կարգավիճակից: Նա խորացրեց սխալը, պաշտոնավարման սկզբում Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ընդունելով 3 փաստաթուղթ ( դրանցից առաջինը՝ Մայնորֆյան հռչակագիր: Դրանց տակ չկար ԼՂ իշխանությունների ստորագրությունները:

ԼՂ նախագահ Բ. Սահակյանի հետ բանակցություններից հետո վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ներկայացնելու է Հայաստանը, իսկ Արցախի անունից հանդես կգան, բնականաբար՝ Արցախի իշխանությունները: Ն. Փաշինյանը նաև ասաց, որ անելու է հնարավորը՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու համար:

Մարտի 1-ի արյան գնով իշխանության գալով և ներքին լեգիտիմության համար հայ-թուրքական նվաստացուցիչ փաստաթուղթ (հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համաձայնությամբ) ընդունած Ս. Սարգսյանը և իր լեյտենանտ Վ. Սարգսյանը, երբեք չեն բարձրացրել Արցախի դերն ու նշանակությունը այնպես, ինչպես դա այսօր փորձում է անել Ն. Փաշինյանը: Միևնույն ժամանակ վերջինս չի դնում որևէ նախապայման, պատրաստակամություն հայտնելով հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ: Տարօրինակ զուգադիպությամբ այս հարցում նախապայմանների մասին է խոսում նաև ադրբեջանական մամուլը…

Վիգեն Սարգսյանի ռևանշի ակնհայտ մտադրությամբ էր (այլապես դժվար է բացատրել հարձակման նման շտապողականությունը) 5 օր առաջ պաշտոնը ստանձնած Ն. Փաշինյանին մեղադրում «բանակցությունների մանրամասներին իրազեկ չլինելու մեջ», քաջատեղյակ լինելով, թե ինչպիսի տխուր ժառանգություն են ստացել նոր իշխանությունները:

Հիշեցնեմ, թե ինչպիսի ձախողումներ է ունեցել Ս.Սարգսյանի կառավարությունը և Հայաստանի և Արցախի շահերի դեմ ինչպիսի փաստաթղթեր են ընդունվել միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններ` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ, Եվրոպական Խորհրդարանի, ՆԱՏՕ–ի կողմից: Այս շարքից հետ չի մնում Կասպիական երկրների համատեղ հայտարարությունը, որի ստորագրողների շարքում են Հայաստանի երկու դաշնակիցները և հարևան Իրանը.

Այս խայտառակ փաստաթղթերն են Վիգեն Սարգսյանի և իր ղեկավարների աշխատանքի արդյունքը: Հրաժարվելով պաշտոնից Վ. Սարգսյանը, որը պատիվ է համարել գլխավորել մականունավոր, կիսագրագետ, կրիմինալ մտածելակերպով և գործելակերպով հհկ-ականների ցուցակը վերջին ընտրություններում, դեռևս չի հրաժարվել այն ցինիզմից, որ ուղեկցել է իրեն 20 տարի՝ Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի աշխատակազմերում և կառավարություններում աշխատանքի ընթացքում: Այլ կերպ չէր կարող զուգակցվել հաջողության «մաղթանքն» ու հակառակորդի պետության ականջը շոյող նոր իշխանության քննադատությունը ՝ հենց առաջին իսկ օրերին, նաեւ այն, որ նա կարող էր իր առաջին «քննադատական» հայտարարությունը համեմել/հիմնավորել «Ադրբեջանի բավականին ագրեսիվ արձագանքով»: Ինչպես ձախորդ էր իրենց կառավարությունը, նույն կերպ դատարկ ու սնանկ՝ քննադատությունը:

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ.Գ. Իր երկարատև կառավարման ընթացքում ՀՀԿ-ն, փաստորեն, միայն երկու դրվագով է կատարել պետականամետ քայլեր՝ այս տարվա ապրիլի 23-ին և մայիսի 8-ին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    շատ ալ անկեղծ եւ ուղղամիտ խորհուրդներ է տալիս Ձեզ նախկին նախարարը… հիմա այդ ձեր ամբոխը լոլլոզելու պահը չի այլեւս… մի քիչ մէկդի դրէք ջահելների յատուկ ամբարտաւանութիւնը, եւ սկսէք լրջօրէն նկատի առնել հասուն մարդոց խորհուրդները… իսկ որ, բացառապէս ապաւինում էք ԼՏՊ-ի կարծիքին, բայց նա՞ արդեօք որեւէ բան յաջողեցաւ, յատկապէս եւ ի միջի այլոց Արցախի նիւթով… բացի՝ յաղթական բանակի մի հրահանգելէ որ վերջ դնէ առաջխաղացքին… նա՞ է հիմա Ձեր իմաստուն guru-ն…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031