Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել. Վիգեն Սարգսյան

Մայիս 12,2018 20:56

Այսօր Եռաբլուրում «Առավոտի» թղթակցի հարցերին պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը

– Պարոն Սարգսյան,  ինչպե՞ս  եք վերաբերում ձևավորվող նոր կառավարությանը:

-Հաջողություն եմ մաղթում: Հատկապես մեր երկրի համար կենսական` պաշտպանական և արտաքին քաղաքական ոլորտներում: Դա շատ կարևոր է: Այդ ոլորտներում յուրաքանչյուր հաղթանակ` մեր բոլորի հաղթանակն է, յուրաքանչյուր պարտություն` մեզանից ամեն մեկի, մեր ընտանիքների և զավակների համար լրջագույն մարտահրավեր: Դա էր պատճառը, որ այսօր նախարար Տոնոյանին մանրակրկիտ և բազմաժամ բրիֆինգի ընթացքում փոխանցեցի պաշտպանության ոլորտի բոլոր հիմնական խնդիրները, ծրագրերը և ընթացակարգերը`  ցանկացած պահին որևէ խնդրի լուծման հարցում օգտակար լինելու պատրաստակամություն հայտնելով: Ուրախ եմ, որ արտաքին գործերի նախարար է նշանակվել երկար տարիների դիվանագիտական աշխատանքի բացառիկ փորձ ունեցող, ԱԳՆ-ում մեծ հարգանք վայելող դեսպան Մնացականյանը:

Կարևոր է արագ ձևավորել արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները` պետությանը մեկ լեզվով խոսելու հնարավորություն տալու նպատակով: Վարչապետը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, անվտանգության խորհուրդը և խորհրդարանը պետք է կարողանան փոխգործակցված մոտեցումներ որդեգրել և դրսևորել:

Ի՞նչ նկատի ունեք:

-Շատ պարզ.  երեք օր առաջ, մամուլի իր ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել: Վստահ եմ, որ նա նպատակ չի դրել բարդացնել Հայաստանի վիճակն այդ հարցում, բայց ակնհայտորեն արել է պնդումներ, որոնք ոչ միայն արժանացել են Ադրբեջանի բավականին ագրեսիվ արձագանքին, այլև, վստահ եմ, մտահոգում են նաև մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահությանը:

Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ինձ համար նաև անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը, ասելով, որ Հայաստանը պետք է այդ բանակցություններում հանդես գա Հայաստանի անունից, իսկ Արցախի իշխանություններն` Արցախի: Ստացվում է, որ Հայաստանը բանակցություններում Արցախի մոտեցումներից անջատ, առանձին օրակարգ ունի: Գոնե մինչև այս պահը  այդպես չի եղել:

Այնուհետև, վարչապետն ասել է, որ կա նոր մոտեցում. բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է դրանցում Արցախի մասնակցության հանգամանքով: Դա կարող է հնչել որպես նախապայման, այնինչ Հայաստանը միշտ հայտնի է եղել որպես նախապայմաններ չառաջադրող, գործնական և վստահելի բանակցող: Երևի թե վարչապետը նկատի ուներ մեկ այլ բան, որ առանց Արցախի մասնակցության վերջնական լուծման հանգել և որևէ նման լուծում իրականացնելն անհնարին է:

Բայց այդ դեպքում էլ պարզ չէ, թե ո՞րն է այդ մոտեցման նորությունը: Դա Հայաստանի մշտական մոտեցումն է եղել, նախագահ Սարգսյանի բազմիցս արտահայտած կարծիքը: Ավելին, այն հստակորեն ստացել է Մինսկի խմբի համանախագահող երկրների լիարժեք սատարումը: Այս մոտեցումը որպես «նոր» ներկայացնելը կարող է հնարավորություն տալ այլ դերակատարներին վերանայել այս ակնհայտ ճշմարտության մասով իրենց դիրքորոշումը:

Վերջապես, ինձ հասկանալի չէ Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ վարչապետի դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը միշտ սատարել է այն մոտեցմանը, որ կարգավիճակի միջազգային ճանաչումը պետք է հետևի կարգավորման գործընթացին, և հենվի կարգավորման տառի և ոգու վրա: Իհարկե, մենք միշտ ողջունել ենք ճանաչման հայտարարությունները, բանաձևերը, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի դրսևորում, բայց ինքներս երբեք դրանք չենք նախաձեռնել: Նման մոտեցումը կարող է խոչընդոտել բանակցություններին:

Վերջապես, արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ: Որպես օրինակ` պնդումն առ այն, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման խնդիր երբևէ չի եղել: Իհարկե, խաղաղապահների տեղակայման հարցն արծարծված է նաև հանրայնորեն շրջանառված մի շարք նախագծերում, օրինակ` Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում:

Ակնհայտ է, որ արհեստավարժ թիմի շուտափույթ ձևավորումն իրոք կարևոր է` հնարավոր վտանգները շրջանցելու տեսանկյունից:  Չէ՞ որ, ղարաբաղյան հիմնախնդիրն ու դրա խաղաղ կարգավորումը մեր թիվ մեկ մարտահրավերն է:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «մեր թիվ մեկ մարտահրավերը»… արդարեւ, դա շատերի համար այդքան ել թիւ մէկը չէր ու չէ, անցած շաբաթների, այժմու եւ տակաւին շարունակելի տակնուվրայութեան մէջ

    գոնէ եթէ անոնք հասնեն իրենց երազած նպատակներին, այլ ոլորտներում, եւ մինչ այդ պատերազմ չսկսի, դեռ ոչինչ… ներելի կը լինի արկածախնդրութիւնը…

    սակայն եթէ, համայն Հայութեան հաշւոյն Արցախի վերաբերեալ այս գոյութենական ռիսկը առնելէ ետք, պիտի չյաջողին իսկ նշանակալից բարեփոխումներ իրականացնել, վայ մեզ…

    բայց ասում են՝ սպասենք… դեհ լաւ, ուրեմն սպասում ենք… սրտատրոփ…

  2. Բարսեղ says:

    Կարելի էր մտածել, որ կարծիքը անկողմնակալ և օբյեկտիվ է, եթե նշվեին նաև մի քանի այլ հանգամանքներ։
    Օրինակ նշվեր, որ Արցախի և Հայաստանի ճակատագիրը լրջորեն և տևականորեն վտանգված է և, ինչպես ինքն է ասում, <> երկար տարիներ վարված սոցիալական ծայրահեղ բևեռացման քաղաքականությունը, փոքր խմբի շահերի գերադասումը հայրենիքի շահերից, սոցիալական անարդարությունը, իշխանությունից դատական համակարգի կախվածությունը և իշխանական պատվերի կատարումը, համակարգային ընտրակեղծարարությունը, արդյունքում ՝ Հայաստանի և Արցախի նկատելի թուլացումը, սոցիալական անհավասարությունը և արտագաղթի խիստ բարձր տեմպերը․․․ ։ Եթե այս ամենը, որը ծայրահեղ վտանգել է Հայրենիքի անվտանգությունը, տվյալ պաշտոնյան երբեք չի ասել ու հիմա խոսում է նոր ընտրվածի դատողությունների հնարավոր <>մասին, սա հավատ չի ներշնչում։ Այսինքն՝ հիմա, երբ իշխանության մեջ չենք, հանկարծ նշում ենք Արցախին սպառնացող վտանգը, իսկ նախկինում,երբ իշխանության մեջ էինք, չէինք նկատում։
    Թող նախկինները և ներկաները Արցախի մասին խոսեն անտեսելով նեղ խմբակային շահերը, այդ ժամանակ լսելի կլինեն։

    • Հ.Շ. says:

      Ոչ թէ հիմնական, այլ միակ պատճառը որ՝ յատկապէս դասական Սփիւռքում, մեծ թիւով հայեր որոշած էին հանդուրժել նախկին երկու – նոյն բնոյթի – վարչակարգերի թերութիւնները կամ տկարութիւնները, այն համոզումն ու վստահութիւնն էր, թէ անոնք ամենալաւ կերպով ստանձնած էին Արցախի համահայկական Հիմնախնդրի էական պատասխանատուութիւնը: Եւ ներեցէք որ չտարուեցանք այդ նիւթով Երեւանում լսուող իսկապէս զաւեշտալի բամբասանքներով, անհեթեթ «դաւադրական վարկածներով»: Երեւի, մենք բաւարար խելք, գիտութիւն եւ զարգացում չունենք, դրսում… Բան չենք հասկանում… Դեհ լաւ, ձեր պոյը տեսնենք հիմա, դաւայ

  3. Բարսեղ says:

    Կարելի էր մտածել, որ կարծիքը անկողմնակալ և օբյեկտիվ է, եթե նշվեին նաև մի քանի այլ հանգամանքներ։ Օրինակ նշվեր, որ Արցախի և Հայաստանի ճակատագիրը լրջորեն և տևականորեն վտանգված է երկար տարիներ վարված սոցիալական ծայրահեղ բևեռացման քաղաքականությամբ, փոքր խմբի շահերի գերադասումով հայրենիքի շահերից, սոցիալական անարդարությամբ, իշխանությունից դատական համակարգի կախվածությամբ և իշխանական պատվերի կատարումով, համակարգային ընտրակեղծարարությամբ, արդյունքում ՝ Հայաստանի և Արցախի նկատելի թուլացումով, սոցիալական անհավասարությամբ և արտագաղթի խիստ բարձր տեմպերով․․․ ։ Եթե այս ամենը, որը ծայրահեղ վտանգել է Հայրենիքի անվտանգությունը, տվյալ պաշտոնյան երբեք չի ասել ու հիմա խոսում է նոր ընտրվածի դատողությունների հնարավոր <>մասին, սա հավատ չի ներշնչում։ Այսինքն՝ հիմա, երբ իշխանության մեջ չենք, հանկարծ նշում ենք Արցախին սպառնացող վտանգը, իսկ նախկինում,երբ իշխանության մեջ էինք, չէինք նկատում։
    Թող նախկինները և ներկաները Արցախի մասին խոսեն անտեսելով նեղ խմբակային շահերը, այդ ժամանակ լսելի և ընկալելի կլինեն։

  4. Սուրեն Պետրոսյան says:

    Հետաքրքիր է հետեւյալ պարբերությունը. Կարևոր է արագ ձևավորել արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները` պետությանը մեկ լեզվով խոսելու հնարավորություն տալու նպատակով:
    Տպավորություն է ստեղծվում, կարծես, նոր պիտի այդ արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները ձեւավորվեն, բայց ավելի շատ՝ “երկար եք տառապելու եւ մեր պակասությունը դեռ շատ երկար եք փնտրելու”:
    Մարդ պետք է միքիչ խոհեմ լինի:

    • Հ.Շ. says:

      նոր պիտի ձեւաւորվեն, քանզի նոր կառավարութիւն է… իսկ «պետութեան» մասին խօսիլը այժմու դրութեամբ կատակի նման է հնչում…

      նաեւ, թէ որ «ղարաբաղցիներից» ազատագրեցին Երեւանի իշխանութիւնը, լաւ… սակայն ո՞րքան նորմալ է որ ոչ մի ղարաբաղցի մաս չկազմէ նոր «կառավարութեան», երբ կայ Արցախի համահայկական Հիմնախնդիր, եւ այժմ աննախադէպ խրամատ է բացուած Հայաստանի եւ Արցախի միջեւ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031