Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի «Բոհեմ»-ում սպասվում է թանգարանային ինքնատիպ գիշեր

Մայիս 17,2018 16:48

Թանգարանների միջազգային օրը, որը Հայաստանում նշվում է 15-րդ անգամ, տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը և ստանում բովանդակային նոր լուծումներ:

Այս տարի թանգարանային գիշերվան կմիանա նաև Սևանում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը, որը թեև դեռ չի բոլորել իր գործունեության մեկամյակը, սակայն հասցրել է դառնալ հանգստի, ժամանցի, շփումների, հանդիպումների և մշակութային երեկոների սիրելի ու սպասված վայր ոչ միայն սևանցիների, այլ նաև հյուրերի և զբոսաշրջիկների համար:

Արվեստանոց-թեյարանում գործում է նաև Հուշանվերների թանգարան: Այն իրենից ներկայացնում է եզակի մի վայր Հայաստանում, որտեղ կարելի է ծանոթանալ, թե տարբեր ժամանակներում մարդիկ միմյանց ինչ են նվիրել, ինչ սովորություններ են ունեցել, ինչ ճաշակ և աշխարհայացք. այն նպատակ ունի բացահայտելու մեր կենցաղային մշակույթի էպիզոդները:

Մինչ «Բոհեմ»-ի պաշտոնական բացումը մի քանի ամիս իրականացվում էր հուշանվերների հավաքման գործընթացը: Արվեստանոց-թեյարանի բացումից հետո էլ թանգարանը հարստանում է գրեթե ամեն օր, ավելանում են նոր ցուցանմուշներ:

«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից բացված «Բոհեմ»-ում գործող թանգարանը զբաղեցնում է ոչ շատ մեծ տարածք, սակայն արվեստանոց-թեյարանի աշխատանքները համակարգող Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` ցուցանմուշներն այնքան կշատանան, որ կունենան առանձին շինությամբ թանգարանի շենք:

Մինչ թանգարանի առանձին շենք ունենալը, կարևորելով թանգարանների դերը, դրանց ճանաչողական, մշակութային արժեքը, բոհեմականները միանում են թանգարանային գիշերվան:

«Հուշանվերների թանգարանը մեր հպարտությունն է, և յուրաքանչյուր ցուցանմուշ, հուշանվեր-նվիրատվություն իր տեղն ունի, իր պատմությունը: Այդ ամենը սիրով ներկայացնելու ենք մեր հյուրերին և այցելուներին: Մայիսի 20-ը մեզ մոտ հայտարարված է թանգարանային օր, հրավիրում ենք բոլորին «Բոհեմ»` տեսնելու մեր հավաքածուն, լսելու հետաքրքիր պատմություններ, անցկացնելու մշակութային հաճելի երեկո»,- ասում է Գոհար Մնացականյանը:

Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031