Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն»

Փետրվար 22,2017 15:00

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր
Գարո Արմենի դիտարկումները

Այս օրերին Հայաստանում էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր, խորհրդի ատենապետ Գարո Արմենը: Քանի որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» աշխատանքը միտված է Հայաստանի կարիքավոր գյուղական բնակավայրերում երեխաների համար բարեկեցիկ ապագայի կառուցմանը՝ կրթության, առողջապահության, համայնքային կյանքի եւ տնտեսական պայմանների բարելավման միջոցով, Գարո Արմենից հետաքրքրվեցինք, թե ինչու են առանձնահատուկ կարեւորում կրթության դերը, վերանորոգում դպրոցներ, վերապատրաստում ուսուցիչների, ինչու է այդքան կարեւոր կրթության ոլորտում ներդրումը:

Գարո Արմենի ձեւակերպմամբ, այսօրվա մարտահրավերների պարագայում հնարավոր է հաջողել հենց կրթության միջոցով: Նա փաստեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո կրթության որակն ու մակարդակն ընկել է Հայաստանում, սակայն գյուղաբնակ երեխաների կարողությունները չեն ճնշվել: «Միայն իրենց պայմաններն էին տկարացել եւ կարեւոր էր, որ այդ պայմանները վերականգնեինք, որպեսզի իրենք մասնակցեին ու առաջ անցնեին»,-ասում է մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ, կրթության ոլորտում առաջխաղացման համար նաեւ համալիր ձեւով այլ խնդիրներ պետք է լուծվեն՝ առողջապահական, սոցիալական եւ հոգեբանական: Նա նշեց, որ ներկայումս հիմնադրամը աշխատում է Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ եւ Տավուշ, 44 գյուղական համայնքներում եւ հետագա ընդլայնման մտադրություն ունի՝ այսպես կոչված՝ ՍՄԱՐԹ նախաձեռնությամբ: ՍՄԱՐԹ-ը նորարարական հայեցակարգ է, որը գյուղացիներին տրամադրելու է անհրաժեշտ գործիքներ՝ գերժամանակակից կրթության միջոցով ապահովելով անհատի եւ հասարակության բարեկեցությունը:

Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն իսկ կառուցվում է Լոռու մարզում: Գարո Արմենն ասում է, որ նվազագույնը 150000 անձերի կկարողանան օգնել այդ շրջանակում: «Որոշել ենք ամեն գյուղ քաջալերել, գյուղերը երազ ունեն՝ քայլեր անելու եւ աշխարհը իրենց մոտեցնելու համար, տեխնոլոգիաներով եւ անգլերեն սովորելով: Մենք փափագը ունենք, որ սահմանները ջնջվեն, եւ սփյուռքահայերը միանան իրենց, եւ օտարները, եւ մենք օգնենք…Ազգը պետք է քաջալերվի, որ իր ապագայի ծրագրերը որոշի, ու անչափ կարեւոր է, որ ինչ-ինչ քայլեր իրականացնելու համար մարդիկ վստահեն իրենց ուժերին»,-ասում է Գարո Արմենը:

«Առավոտը» հարցրեց՝ իսկ Հայաստանի գյուղերում պատրա՞ստ են փոփոխությունների, չէ՞ որ անհատը կարող է ունենալ խելահեղ լավ ծրագրեր, սակայն գյուղերում դրան պատրաստ չլինեն: Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ հարցմանը պատասխանելու լավագույն միջոցն այն է, որ անձամբ գնաս Հայաստանի գյուղերը ու շփվես մարդկանց հետ: Նա պնդում է, որ մարզաբնակներն ավելի շատ կարողություններ ունեն, քան օրինակ՝ երեւանցիները: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Արագածավան գյուղին, որը երկու դպրոց ունի, ընդ որում՝ դրանցից մեկը կառավարությունը վերանորոգել է՝ առանց ջեռուցման համակարգի հարցը լուծելու: Գարո Արմենն ուղղակի զարմացած էր՝ ինչպե՞ս են երեխաներն առանց ջերմության սովորում այդ դպրոցներում՝ ունենալով կենսամակարդակի հետ կապված դժվարություններ. «Երեխաների մի մասն արդեն անգլերեն է սովորել, այնքան առաջադեմ մտածողություն ունեն` ուսուցիչները, տնօրենները, երեխաները, մարդ հպարտություն է զգում: Ընդ որում, շատերին թվում է, թե գյուղերի վիճակը հետամնաց է, այդպիսի մարդկանց ես մեկ առաջարկություն ունեմ՝ գնացեք ձեր աչքերով տեսեք եւ ձեր ականջներով լսեք, եթե լսեք, միայն այդ դեպքում ձեր տպավորությունը եւ գաղափարները ամբողջովին պետք է փոխվեն»:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիրը նաեւ կոչ է անում ձերբազատվել խղճալի ներկայանալու բարդույթից եւ խղճալով ինչ-որ բան անելուց: «Մենք այնքան կարող ազգ ենք ու 5000 տարվա մեջ այնքան շատ բաներ ենք արել: Իսկ խղճալու զգացումը միայն անցյալ 100 տարվա ընթացքի հետ է կապված, երբ Հայաստանը եղել է ԽՍՀՄ-ի տիրապետության տակ, հետո երկրաշարժ, պատերազմ, կառավարություն, որը դժբախտաբար կարողություններ չի ունեցել լավ կառավարելու… Իրար հաջորդել է այս ամենը՝ 100 տարվա ընթացքում, ու հիմա չպետք է մտածենք իրար խղճալու մասին»,- ասում է Գարո Արմենը ու թվարկում առաջիկա 10 տարվա համար իրականացվելիք ծրագրերը, որոնց արդյունքում կօգտագործվի գյուղական բնակչության հզոր պոտենցիալը:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես են գումարներ հայթայթում, մանավանդ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել են բարեգործությանն ուղղվող գումարները:

Մեր զրուցակիցն այդ համատեքստում կարեւորեց արված գործը: Նշեց, որ 13 տարվա ընթացքում 30 մլն դոլար են հավաքել անձերի, կազմակերպությունների, ընկերությունների միջոցով, որոնք իրենց վստահում են: Հարց հնչեցրինք՝ ինչպե՞ս անել, որ Սփյուռքի ներուժը լավագույնս օգտագործվի Հայաստանի մարզերում, եւ ընկալումը այնպիսին չլինի, թե Սփյուռքը զուտ փող տվող է: Գարո Արմենն ասում է, որ տարբեր մեխանիզմներ կան մարդկանց Հայաստանի մարզերին կապելու, մոտեցնելը նաեւ տեխնոլոգիապես է հնարավոր, մյուս ճանապարհն էլ հնարամտորեն իրենց կատարած գործերի արդյունքները նրանց փոխանցելն է: «Օրինակ, մտածում էինք, որ տատիկները, պապիկները մեր երեխաների հետ սքայփով եւ վիդեոկապով կապվեն ու անգլերենը զարգացնելու փորձառություն ունենան: Այդ ձեւով Սփյուռքում ապրող հայերը կզգան, որ իրենք էլ տեր են մեր կատարած գործերին: Եթե անձը տեր զգա, ավելի շատ գործի մեջ կմտնի՝ հոգով, սրտով, դրամական ձեւով: Հույս ունեմ, որ Սփյուռքի հայերը պետք է ավելի հայություն ունենան»,- ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով այն մասին, որ գյուղաբնակ երեխաները շատ հարցերում գաղափարապես ավելի բարձր են կանգնած, քան քաղաքաբնակները, Գարո Արմենը փաստեց, որ դա միայն հայկական խնդիր չէ, եւ նույն պատկերն առկա է ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Ասում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե երեխայի համար ով եւ ինչն է օրինակ ծառայում: Նրա ասելով, Ամերիկայում էլ շատերը ձգտում են ուղղակի հարստանալ, նույնն էլ Երեւանում է: «Երեւանում եւս հարստություն կա, մեքենաներ՝ «Բենթլի», «Մերսեդես» եւ այլն…Քաղաքաբնակ երեխաները դա են տեսնում, իրենց օրինակը դա է: Իսկ գյուղաբնակ երեխաներն ավելի ամուր են կպած հողին եւ ավելի հայ են: Հողի հետ կապված լինելը կարող է ձգվել 5-10 տարի, բայց ոչ թե 15-20 տարի: Ի վերջո, նրանք կարող են հուսախաբ լինել: Մենք այդ ժամանակահատվածի պատուհանը պետք է լավ ձեւով գործածենք, որ գյուղերի վիճակը դրախտի վերածվի: Եթե գյուղերում լավ լինի, երեխաները չեն փախչի Ռուսաստան կամ Եվրոպա»,- համոզված է Գարո Արմենը:

Նա նշում է, որ իրենց աջակցողների մեծ մասը օտարներ են, վերջին շրջանում միացել են նաեւ տեղական, հայաստանյան ընկերություններ. «Ամերիկահայերն ու օտարները մեզ միշտ հարցնում են, թե ահագին գումար ենք տալիս Հայաստանի համար, իսկ ուրիշ երկրների հայերը չե՞ն կարող մասնակցել…Մոսկվայի մեջ էլ հայերն ահագին հարստություն ունեն, եւ եթե Ամերիկայի հայերը եւ օտարները կարող են Հայաստանին օգնել, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն: Անձամբ ես շահ չունեմ այս գործից եւ անձնապես 4 մլն-ից ավելի տվել եմ COAF-ին, տարին 4-5 անգամ գալիս եմ Հայաստան, որ գործերն ուղիղ կատարվի: Ես թոշակառու չեմ, սեփական գործ ունեմ, բայց ուզում եմ, որ մեր էներգիայով եւ դրամներով ծրագրեր իրականացնենք, եւ հաճելի կլինի ու մեր հաջողությունը կբազմապատկվի, եթե ուրիշ երկրների հայերն էլ մասնակցեն, մանավանդ ահագին գործ կա անելու: Այժմ ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգով գյուղացիներին տրամադրելու են անհրաժեշտ գործիքներ՝ գերժամանակակից կրթության միջոցով ապահովելով անհատի եւ հասարակության բարեկեցությունը: Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն իսկ կառուցվում է Լոռու մարզում: Կուզենք 20-ի չափ ՍՄԱՐԹ-ներ հաստատել Հայաստանի մարզերում, եւ եթե հաջողենք, Հայաստանը Շվեյցարիայից լավ երկիր կդառնա»:

Գարո Արմենը նաեւ հայտնեց, որ իրենց ծրագրերից անմասն չի մնացել Արցախը, պատերազմից անմիջապես հետո COAF-ի հոգեբանական, սոցիալական եւ բժշկական խմբերը մեկնել են Արցախ, շարունակվում են ծրագրերը Տավուշի սահմանամերձ գյուղերում: Իրենց նպատակն է Արցախում եւս փոքրիկ ՍՄԱՐԹ իրականացնել, քանի որ, ինչպես Գարո Արմենն է ասում, Արցախը մեր Հայաստանն է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ COAF-ի

«Առավոտ»

21,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամերիկայից – եւ Սփիւռքի այլ երկիրներից – Հայաստանին օգնող հայերը հայաստանցից այդտեղ փախչողները չեն, անոնց շատեր տակաւին մի անգամ իսկ չեն եղել Հայաստանում, սակայն տեւաբար օգնում են: Մինչ Ռուսաստանի հայերը գրեթէ բոլորը հայաստանցի են, կամ ել այդ ընդհանուր տարածքաշրջանի անձեր…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728