Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենք տվեք մեզ՝ խփենք, փռթենք, թափենք սաղին»

Մայիս 17,2017 16:30

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ «Սասնա ծռերի» ժամանակ այս «փռթող-թափողներից» ոչ մեկը դուրս չեկավ օդ կրակի, ուստի ի՞նչ դիմադրության ճակատ է ստեղծում Փոստանջյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ստեղծել, ու եթե իշխանությունները հումանիտար ճանապարհով չեն ուզում հեռանալ, ապա իրենք այլ ճանապարհով կանցնեն եւ բոլորին կտանեն բանտախցեր:

«Առավոտը» «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ կմիանա՞ն այդ դիմադրության ճակատին, որին Փոստանջյանն ասում է, որ պետք է միանա նաեւ Սփյուռքը, եւ այսօր մեր երկրում կա՞ նման հնարավորություն ապստամբության միջոցով իշխանություն վերցնելու: Նա պատասխանեց. «Թող միացնի Սփյուռքը»: Մեր հարցին՝ Դուք դե՞մ եք ուժով հարց լուծելուն, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, ես կարծում եմ, որ բռնությունը քաղաքական գործիք չէ, բայց շատ դեպքերում մենք էլ ենք բռնության զոհ դառնում եւ ստիպված ենք լինում որոշակիորեն հակադարձել, ինչպես տեղի ունեցավ մեկ-երկու օր առաջ: Ընդհանուր առմամբ ես դեմ եմ բռնությանը: Ես չեմ պատկերացնում ինձ Երեւան քաղաքում ավտոմատներով կրակելիս: Չեմ պատկերացրել երբեք, ինչը, սակայն, չի նշանակում, որ մերժում եմ քաղաքացիների՝ իրենք իրենց պաշտպանելու իրավունքը: Բայց քաղաքացին պետք է դա ուզենա»:

Մեր դիտարկմանը, որ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ սկզբում Դուք իրենց կողքին էիք, այսինքն՝ այսպես թե այնպես Դուք դրան աջակցում էիք՝ Նիկոլ Փաշինյանը հերքեց՝ ասելով, որ այդ ժամանակվա իր ելույթներում ու հարցազրույցներում բոլոր հարցերի պատասխանը կա. «Ինչ ես հիմա ասացի՝ ասում էի նաեւ այն ժամանակ»: Փաշինյանն ասաց, որ երբ ասում է՝ ավտոմատներով ինձ կրակելիս չեմ պատկերացնում, խոսքը Երեւանին է վերաբերում, մինչդեռ ավտոմատով մարտական ծառայություն է իրականացրել ԼՂՀ-ում:

Մեր հարցին՝ Դուք Ձեզ միշտ ընդդիմադիրի դերո՞ւմ եք պատկերացնում, ո՞նց պետք է հասնեք իշխանության՝ նա պատասխանեց. «Ոչ, ժողովուրդը մեզ պետք է բերի իշխանության: Ժողովուրդը միշտ նույն ճանապարհը չի ընտրի: Մենք պետք է աշխատենք մարդկանց հետ: Աշխարհի շատ երկրներում բան չի փոխվում, բան չի փոխվում, մեկ էլ՝ բան փոխվում է: Դա ինչի՞ց է, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են հանուն դրա պայքարել կամ ձայն տալ: Մենք այսօր Երեւան քաղաքում 21 տոկոս արձանագրել ենք, պիտի աշխատենք 55 տոկոս դարձնելու վրա: Եթե հաջողեցինք՝ հաջողեցինք: Չհաջողեցինք՝ չհաջողեցինք: Հիմա դուրս գանք ավտոմատներով սկսենք կրակել՝ մեր այս 21 տոկոսը 55 տոկոս չի դառնա: «Սասնա ծռերի» դեպքը նույնպես դա ցույց տվեց: Մենք որ գնում էինք քաղաքական գործունեության, ասում էին՝ արա, էս ի՞նչ եք խոսում, զենք տվեք մեզ՝ խփենք, փռթենք, թափենք սաղին: Հազարավոր մարդ այդ բանն ասել է: «Սասնա ծռերը» երբ ապստամբություն հայտարարեց, մի հոգի Հայաստանում դուրս չեկավ օդ կրակի, ասի՝ ես միանում եմ այդ ապստամբությանը, սա՛ է իրողությունը»:

Մեր հարցին՝ Դուք չեք անում դա, որովհետեւ դրա հնարավորությո՞ւնն այսօր Հայաստանում չեք տեսնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ՝ եթե այդ ճանապարհով փոփոխություն անող մարդ կա, օրինակ, այդ մարդը կգնա նաեւ ընտրական ճանապարհով: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը պատրաստ է զոհել եւ զոհվել եւ պատրաստ չի ընտրակաշառք չվերցնել ու դրանով չքվեարկե՞լ, ես չեմ հավատում դրան: Քաղաքական գործունեության ընթացքում գիտե՞ք քանի անգամ է եղել նման բան՝ եկել են գրասենյակ, ասել են՝ ա՜խ, գիտեք, մենք ինչ պատրաստակամ ենք, պատրաստ ենք զոհվել: Ասել եմ՝ զոհվել պետք չի, վստահված անձ կլինե՞ս, ասել է՝ չէ, չեմ լինի, ասել եմ՝ ցտեսություն, եղբա՛յր: Հիմա էլ եմ ասում»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Փոստանջյանի՝ դիմադրության ճակատ ստեղծելու հետ կապված ասաց. «Զարուհի Փոստանջյանը լավ կլիներ տեղամասերում վստահված անձ ունենար: Այսինքն՝ էլի գալիս հին ընդդիմության խնդիրներին ենք բախվում, եթե դուք 474 տեղամասում վստահված անձ չեք կարողանում դնել, եւ ամբողջ բեռն ընկնում է «Ելք» դաշինքի վրա, «Ելք» դաշինքը պահում է նաեւ ձեր ձայները, ի՞նչ ապստամբություն, դիմադրության ճակատ: Թող դիմադրեն, ի՞նչ խնդիր կա, ես ողջունում եմ»:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ սա հումանիտար ճանապարհ չի, ինչպես ներկայացնում է Փոստանջյանը. «Սա ամենաճիշտ ճանապարհն է: Գիտեք, ժողովրդավարությունը ամենալավ կառավարման ձեւը չէ, բայց դեռ դրանից լավը չի ստեղծվել, ինչպես ասում է Չերչիլը: Մենք այն մյուս ճանապարհը, ինչի մասին ինքը խոսում է, տեսել ենք: Այնպես որ, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Մենք մեր ուղին ունենք, մենք մեր ուղին բռնած գնում ենք»:

Հարցին՝ Դուք ուժի միջոցով իշխանություն վերցնելուն դե՞մ եք, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ուժի միջոցով վերցրած իշխանությունը ուժի միջոցով էլ կտապալվի: Ուժի միջոցով վերցրած իշխանությունը չի կարող իր արմատներում ունենալ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության գաղափարախոսությունը: «Ելք» դաշինքի առանցքում ընկած են համամարդկային արժեքները»:

Հարցին՝ Դուք էլ ասացիք, որ ուժի միջոցով եկած իշխանությունը ուժի միջոցով կտապալվի, եւ հենց այդ արտահայտությունն այսօր պտտվում է սոցցանցերում այն առումով, որ այս իշխանությունը եկել է Մարտի 1-ով՝ ուժի միջոցով եւ արյունով, հետեւաբար ուժի միջոցով էլ պետք է հեռանա, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Իսկ այդ կոչ անողն ո՞ւմ արյունն է ուզում թափի: Ես ամեն նման կոչ անողի հարց ունեմ՝ ինքը պատրա՞ստ է մեռնի, առաջին զոհը ինքը պատրա՞ստ է լինել այդ հեղափոխության, եթե հա, ուրեմն թող գնա գլխավորի: Այսինքն՝ ո՞ւմ եք ուզում տանեք զոհվի, ես ուզում եմ հասկանալ: Ընդհանրապես Հայաստանում, ինձ մոտ տպավորություն կա, մարդիկ ուզում են իրենց տանը դիվանին նստած, ֆեյսբուքում նստած՝ ինչ-որ մարդկանց ուղարկեն, որ զոհվի իր համար, ինքը վայելի արդյունքները: Հիմա «Ելք» դաշինքն իր վստահված անձերով ամեն ինչ արեց, այդ զոհվելուն էլ գնաց: Իրենց մնում էր իրենց դիվանից վեր կենալ, log out լինել ֆեյսբուքից, գնալ ձայն տալ, փոխել իրավիճակը: Հիմա չեն արել՝ ի՞նչ արյուն»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031