Լրահոս
Օրվա լրահոսը

23 տարի անց միայն կարելի է ամփոփել, թե կատարվե՞ց արդյոք Սերժ Սարգսյանի հանձնառությունը. «Հայկական ժամանակ»

Մայիս 19,2017 11:31

Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում ունեցած երեկվա ելույթի տնտեսական հատվածը մեղմ, շատ մեղմ ասած, ուշագրավ էր։ Ճիշտ նույնքան ուշագրավ, որքան նրա՝ տնտեսական թեմայով նախորդ ելույթը նույն Ազգային ժողովում։

Երեկվա ելույթի ամենագլխավոր առանձնահատկությունն այն էր, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ ցուցանիշների հասնելու համար այլեւս այնպիսի ժամկետներ չնշեց, որը կարելի է «շոշափել»։ Ծրագրերի իրականացման թիրախային ժամկետը 2040 թվականն է: 23 տարի անց միայն կարելի է ամփոփել, թե կատարվե՞ց արդյոք Սերժ Սարգսյանի հանձնառությունը։ Օրինակ, ըստ Սերժ Սարգսյանի, եթե հիմա մեր համախառն ներքին արդյունքը կազմում է 10-11 միլիարդ դոլար, ապա 2040 թվականին ՀՆԱ-ն պետք է լինի 57-60 միլիարդ դոլար։ Տնտեսագիտության մեջ, եթե զուսպ արտահայտվենք, ընդունված չէ 23 տարվա համար մակրոտնտեսական ցուցանիշներ թիրախավորել։ Առավելագույնը, որ իրենց թույլ են տալիս տնտեսագետները՝ 5-10 տարվա կտրվածքն է: Սա 21-րդ դարն է, տեխնոլոգիաները այնպիսի արագությամբ են աճում, համաշխարհային տնտեսությունը այնպիսի արագ փոփոխությունների է ենթարկվում, որ չափազանց դժվար է կանխատեսումներ անել նույնիսկ 5 տարվա համար։ Իսկ մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, 23 տարվա հեռանկարով մակրոտնտեսական ցուցանիշներ են թիրախավորվում։ Համաշխարհային տնտեսագիտական հանրությունը նման հայտարարությունից հետո թերեւս ներվայնացած դուրս գա միջանցք՝ ծխելու։

Նման հեռահարության կանխատեսումների անթույլատրելիությունը, իհարկե, քաջ գիտակցում են թե Սերժ Սարգսյանը, եւ թե նրա խորհրդականները, որոնք մասնակցել են այսպիսի կանխատեսումներով ելույթի մշակմանը։

Ու բնական հարց է ծագում, թե ինչու են ելույթի մեջ ներառվել այսպիսի ժամկետներ։ Մի պարզ պատճառով։ Նման ժամկետներ նշելով՝ իշխանությունը չի ստանձնում որեւէ պատասխանատվություն բացարձակապես։ Երբ ասում ես առաջիկա ամիսներին սկսում ենք ատոմակայան կառուցել, այդ «առաջիկա ամիսները» շատ արագ անցնում են։ Շատ արագ անցնում են նույնիսկ այն «առաջիկա տարիները», երբ պետք է սկսվեր երկաթուղու շինարարությունը։ Իսկ երբ ասում ես, որ 23 տարի հետո այսպիսի ցուցանիշ ենք ունենալու՝ վերջ, դե գնա ու սպասիր։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031