Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պլանով է Լավրովը գալիս Երեւան ու Բաքու

Նոյեմբեր 16,2017 10:30

Ժնեւ-Սոչի-Մոսկվա. ՌԴ-ն աշխուժացնում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նախագահականի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունների օրակարգում են հայ-ռուսական հարաբերությունների եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցերը: «Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին»,- ասվում էր այցից առաջ տարածած մամլո հաղորդագրությունում:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր Մոսկվայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ մոսկովյան հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունը: Նալբանդյանն ու միջնորդները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել են առաջիկայում արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ հանդիպում կազմակերպելու հնարավորությանը: Հավելենք, որ նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է այցելելու Հայաստան եւ Ադրբեջան: «Մենք այդ մասին դեռ չենք հայտարարել, բայց որեւէ գաղտնիք չկա: Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցելությունները Երեւան եւ Բաքու: Առաջին հերթին այցերը կատարվում են Ռուսաստանի՝ համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով: Օրակարգում, իհարկե, կներառվեն այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք հագեցած են եւ հարուստ»,- ասել է օրերս Լավրովը՝ նշելով, որ անդրադառնալու են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների. «Այդ թվում կփորձենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումից հետո»:

Հոկտեմբերի 16-ին՝ Ժնեւում Սարգսյան-Ալիեւ բանակցություններից հետո, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ակտիվացնում է Ղարաբաղյան կարգավորման շուրջ Մոսկվայի ազդեցությունը՝ կարծես նպատակ հետապնդելով Ղարաբաղյան հետագա բանակցություններն անցկացնել ռուսական հովանու ներքո: Այդ ֆոնի ապահովմանը նպաստեց նախ պաշտոնական Անկարան՝ Էրդողանի մակարդակով Պուտինից Ղարաբաղյան լուծման ակնկալիքների բացահայտ հայտարարությամբ: Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններից անմիջապես հետո Մոսկվան այժմ «փորձում է հասկանալ», թե Ժնեւում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ո՞ր փուլում են գտնվում «ջանքերը» Ղարաբաղյան կարգավորման շուրջ:

Իսկ Մոսկվան նորություն ունի՞ արդյոք այն մասին, թե Ալիեւն ի վերջո համաձայնություն տալո՞ւ է, օրինակ, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման միջնորդների պահանջներին, ասել է թե՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելո՞ւ է, թե՞ ոչ: Թե՞ Լավրովը այլ փաթեթով է գալիս Երեւան ու Բաքու:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ, ինչպես նաեւ Լավրովի այցին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը գնդակոծեց Հայաստանի սահմաններն անցյալ հանգստյան օրերին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ հերթական անգամ հանդես է եկել կոշտ ձեւակերպումներով՝ ներկայացնելով Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշումը: «Մենք որեւէ փոփոխություն չենք նախատեսում մեր սկզբունքային դիրքորոշման մեջ: Հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում»,- ասել է Ալիեւը «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության հիմնադրման 25-ամյակին նվիրված հավաքում ու հավելել. «Ուրիշ ճանապարհ չկա, մենք երբեք թույլ չենք տա մեր պատմական տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետությունը»: Նա պնդել է, որ Ադրբեջանը ցանկացած գնով կվերականգնի տարածքային ամբողջականությունը: Ալիեւի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետեւողականորեն հզորացնելու է իր զինուժը. «Համաձայն միջազգային վարկանիշների՝ մեր բանակն աշխարհում ամենահզոր բանակներից է, բանակին կտրվեն այնքան միջոցներ եւ տեխնիկա, որքան կպահանջվի, առանց սահմանափակումների»: Ադրբեջանի արտգործնախարարն էլ բանակցություններից «կոնկրետ արդյունքներ է պահանջում»: Էլմար Մամեդյարովը Մոսկվա մեկնելուց առաջ նշել է հետեւյալը. «Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները հանուն բանակցությունների չլինեն: Անգամ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն: Նախագահների հանդիպմանը նույնպես նշվել է, որ բանակցությունները պետք է ինտենսիվ բնույթ կրեն: Այս դիրքորոշմամբ եմ Մոսկվա մեկնում»:

Բաքվի պատկերացրած՝ «ինտենսիվ բանակցությունների» իրականացման գործը, փաստացի, այսօր իր ձեռքն է վերցնում Մոսկվան: Լավրովի՝ Երեւան եւ Բաքու կատարելիք այցերով, թերեւս, հենց այդ խնդիրն էլ լուծվելու է:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930