Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցերը 2 րոպե, պատասխանները՝ 3

Հոկտեմբեր 04,1995 15:45

Անցած եռօրյայի եզրափակիչ նիստի առանցքը Ազգային ժողովի կանոնակարգի բարեփոխյալ տարբերակի քննարկումն էր, այն առաջին ընթերցմամբ ի վերջո ընդունվեց, սակայն տարակարծությունների դաշտը բավական մեծ է, ընդսմին առաջին ընթերցման դեմ առարկողները զգալի թիվ էին կազմում, ի վերջո համերաշխություն բերեց Խ. Հարությունյանի առաջարկը, որով ամրագրվեց երկրորդ ընթերցման ժամանակ վիճահարույց հոդվածների շահագրգիռ քննարկումը։ Շտապողականությունն այս հարցում անհարկի է, ինչպես փաստեց ԱԺ նախագահ Բ.Արարքցյանը, ՌԴ Պետդուման 6 ամսում ընդունեց իր «Սահմանադրությունը»։ Այսպիսով, մինչ հոկտեմբերի 10-ը պատգամավորական առաջարկությունները հանձնվելու են Պետաիրավական հանձնաժողով, որին եռուն աշխատանք է սպասվում։

Առարկությունների հիմքում ինչպես զուտ կազմակերպական, կարգապահական խնդիրներն էին, այնպես էլ բուն աշխատանքի ծավալի եւ վերահսկման ոլորտները։ Առաջին քննարկման ընթացքում կատարված առաջարկությունների հիման վրա կանոնակարգի ներկա տարբերակը վերաձեւվեց՝ հօգուտ ԱԺ օրենսդրական իրավասությունների ընդլայնման ֆինանսատնտեսական քաղաքականության ասպարեզում պետբյուջե, բանկային համակարգ, միջազգային վարկեր եւ այլն։ Այս փոփոխություններում ծանրակշիռ էր ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի ներդրումը՝ հանձին նախագահ Ա. Եղիազարյանի, որին գումարվում էր պատգամավորների անհատական եռանդը:

Վճռորոշ են. ա)Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի լիազորությունների նոր սահմանները՝ չորրորդ գլխի 6-րդ կետում տվյալ հանձնաժողովի ոլորտները սկզբունքային համալրման են ենթարկվել «բանկեր» եւ «սեփականաշնորհում» բառերով։ Կառավարություն եւ ԱԺ հարաբերությունների դաշտը վերակազմավորվում է։ Մյուս հանձնաժողովների տիրույթների ընդլայնում չարձանագրվեց, բացի Գիտության, կրթության եւ մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովից, որի պարտականությունների դաշտում հայտնվեց կրոնը։ Մշտական հանձնաժողովների մասնագետների եւ գործավարների կազմի հավելման միտումը հարուցեց ԱԺ նախագահի բուռն դժգոհությունը. խորհրդարանը ձգտում է խտացնել իր շարքերը՝ անջրպետվելով հավելյալ ծառայություններից։ Բ)Կանոնակարգի գլուխ 17-ը վերանվանվեց «Պետբյուջեի եւ դրամավարկային քաղաքականության ծրագրի հաստատում»՝, այսինքն՝ Կենտրոնական բանկի գործունեությունը եւս ներառվեց ԱԺ վերահսկման մեջ: 123-րդ հոդվածում նշվում է, որ պետբյուջեին զուգահեռ՝ ԱԺ-ն քննարկելու է դրամավարկային քաղաքականության մասին օրենքի նախագիծը։ Այդ նախագիծը կազմելու է կառավարությունը՝ ԿԲ առաջարկությունների եւ համապատասխան եզրակացությունների հիման վրա։ Կառավարությունն այս կապակցությամբ առաջարկում էր իր երեք զեկուցումների ժամկետները հասցնել մեկ ժամի, սակայն ծավալման այդ միտումը մերժվեց՝ 30 րոպե. ԱԺ-ն թանկ է գնահատում իր աշխատանքի յուրաքանչյուր վայրկյանը։

Ժամանակասեղմումի ճակատագրին արժանացավ նաեւ անվստահություն հայտնելու դեպքում կառավարությանը անսահմանափակ արտահերթ ելույթներ տրամադրելու առաջարկը։ 5 կառավարական ելույթը լիովին բավական է պատգամավորներին համոզելու համար՝ վստահել, թե՝ ոչ։ Այս տրամաբանությամբ անփոփոխ մնացին պատգամավորական հարցերի ժամանակաչափերը՝ 2 րոպե, կառավարությունը դրանց պատասխանելու է 3 րոպեում, իսկ հեղինակը իրավունք ունի կարծիք հայտնելու 1 րոպեում։ 1-րոպեանոց կարծիքին կառավարությունը կարող է ընդդիմանալ հավասար սկզբունքով՝ 1 րոպե։ Նշենք նաեւ, որ կառավարությանը վերջին դիրքորոշումը խիստ հարմար է, դեռ ավելին՝ նրանք ձգտում էին կրճատել հարց ու պատասխանների պարտավորեցնող գործընթացը։ Ասպարեզում հայտնվել էր հարցերի հրատապ եւ սովորական բաժանումը՝ դժվարացնելով համապատասխան մարմիններից անհրաժեշտ տեղեկատվություն «հայթայթելու» գործընթացը։

Գ)Կարգապահական եւ ներքին կազմակերպական հարցերի առնչությամբ առանձնակի ակտիվություն էին ցուցաբերում պատգամավորական մի քանի թեւեր։ Առաջին թեւը համառորեն առաջարկում էր հավելել ԱԺ պատգամավորների լիազորությունը դիվանագիտական, տրանսպորտային եւ տարածքային առումներով։ Վ. Ավոյանը առաջարկեց նոր հոդված ավելացնել երկրորդ գլխում, որպեսզի ԱԺ պատգամավորներին իրենց գործունեության ողջ ժամանակահատվածում տրվի դիվանագիտական անձնագիր: Ժողովրդի ծառաները պատրաստվում են շատ ճանապարհորդել։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031